Սևանի հետ կապված ցանկացած հարց հանրության ուշադրության կենտրոնում է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհից հետո կաղնուտների մասով գրեթե կորուստ չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2016-ի հոկտեմբերի 1-ից 2017-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվությունն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ 2200 հա վառված տարածքի մեջ կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա: Ի տարբերություն սրա՝ գիհու ծառատեսակների մասով կորուսներն անվերականգնելի են. «Գիհուտների անվերականգնելի վնաս կա, 200 հա գիհու անտառ է այրվել: Այրված խոտածածկ տարածքները կազմել են 1100 հա, սրանք կվերականգնվեն աշնանային ու գարնանային անձրևների ժամանակ»։

Նախարարը նշեց, որ վայրի խոշոր կենդանիների մասով կորուստ չեն արձանագրել, մորեխների մասով ունեն անկումներ, իսկ սողունների անկումները շատ քիչ է կազմում:

Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց մարդկային անտարբերության մասով. «Հատուկ հաշվեհամար բացվեց, բայց դեպքից մի քանի օր հետո միանգամից բոլորը մոռացան: Այն, որ առաջին հայացքից թվում էր, թե մարդիկ սրտացավ վերաբերմունք ունեն, այդպես չէ»:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Սևանից ջրառ իրականացնելուն: «Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա, քանի որ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում»,-ասաց նա և բնական համարեց, որ Սևանի հետ կապված ցանկացած հարց հանրության ուշադրության կենտրոնում է:

Նա նշեց, որ ջրառ իրականացվել է, սակայն սեպտեմբերի 15-ին կառավարությունը դադարեցրել է ջրառը և այս պահին ջրառ չի իրականացվում: Նախարարն ասաց, որ նախատեսված ցուցանիշը 3 սմ-ով ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, ինչի հարցում մեծ դեր ունեն եղանակային պայմանները, ինչը բերել է ավելի մեծ ծավալների գոլորշիացման:

«Ավելի մեծ ծավալ վերցնելու հիմք, նպատակ, ձգտում, փաստացի իրավիճակ չկա»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ լայն քննարկման առարկա են դարձնելու Սևանի վերաբերյալ հարցերը և ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրներին նոր լույսի ներքո են անդրադառնալու: Նա հավելեց, որ 2001-2002 թվականներին ընդունված օրենսդրական դաշտը այսօր էականորեն վերանայման կարիք ունի:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ որոշ մարդիկ բիզնես շահ են հետապնդում ծառահատումները գյուղացիների ապրելու բնական իրավունք ներկայացնելով. Հաղարծինի բնակիչների կողմից ծառահատումների հետ կապված ճանապարհները փակելով`մի քանի մարդ փորձում են իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել՝ որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում, ասաց Արծվիկ Մինասյանը:

«Մարդիկ նախարարությունից պահանջում են խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, այդ ժամանակ էլ սկսում են քննադատություններ՝ թե դա մեր ապրուստի միջոցն էր»,-նշեց Մինասյանը։

Նա հավելեց, որ այդ մարդիկ, կազմակերպված օգտագործելով քաղաքացիներին, գյուղացիներին, հանում են փողոցներ և փորձում են իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել՝ որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում։

«Սա նաև էկոմշակույթի իսպառ բացակայության մասին է խոսում, երբ մարդիկ մտածում են, որ ծառը հատելով կարող են իրենց ապրուստի միջոցը հոգալ, բայց այդ ծառը իրենց ապագա երեխաներինն է: Հաշվի առնելով բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը՝ դրամաշնորհային ծրագրեր ենք իրականացնում անտառամերձ համայնքներում և մտադրություն կա նաև էներգախնայողության ծրագրեր իրականացնել: Հայաստանը անտառային տարածքներով հարուստ չէ, մեր անտառային տարածքները պահպանային նշանակության անտառներ են: Չենք կարող այսօր կտրել ծառերը և մտածել, թե վաղը լավ կարող է լինել»,-ասաց նախարարը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրենք «Դիլիջան» ազգային պարկում 2014-ի օգոստոսից մինչև 2017-ի կեսերը 6000-ից ավելի ծառահատման դեպքեր են արձանագրվել: Մինասյանի հավաստմամբ` չի բացառվում, որ ավելի մեծ քանակություն է եղել: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, հանգամանքները քննվում են:

«Դիլիջան» ազգային պարկում պահպանության ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելու և ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակով մշակվել է փորձնական ծրագիր: Դրանով նախատեսվում է ՊՈԱԿ-ի առավել ռիսկային 3 տեղամասերում` Հաղարծին, Դիլիջան և Շամախյան հատվածներում, պահպանությունն իրականացնել մասնագիտացված պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ սրա հետ կապված խորհրդակցություններ են եղել ՀՀ նախագահի, վարչապետի մոտ և այս առումով իրենց քայլերը շատ կոշտ ու կտրուկ են լինելու:

Տպել Տպել