Աղվան Վարդանյանի պատասխանը՝ իրենց քննադատող օգտատերերին

ՀՅԴ-ն հայտարարել է , որ սկսում են Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրություններ հավաքել:

Մենք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ դա ի՞նչ կտա իրականության մեջ՝ նա պատասխանեց. «Միջազգային ասպարեզում՝ տարբեր երկրների, քաղաքների, նահանգների մակարդակով Արցախի հետ հարաբերությունների հաստատումը բնական է, որ միայն դրական ազդեցություն կարող է ունենալ երկու առումով՝ եւ ճանաչելիության առումով, ե՛ւ կապերի, այցելությունների, հարաբերությունների առումով, որն ուղղակիորեն նաեւ կմեծացնի Ադրբեջանի սեւ ցուցակի ծավալները: Եվ սա նաեւ բանակցային գործընթացում Արցախի ինքնուրույնության, պետականության ճանաչման առումով կդառնա այսպես ասած նախերգանք: Բնական է, որ մենք բոլոր հնարավորությունները պիտի օգտագործենք՝ միջազգային ասպարեզում Արցախի ճանաչելիությունը բարձրացնելու, Արցախի պետականության հանդեպ վստահությունը մեծացնելու համար: Եվ եթե այսօր իրատեսական չէ Արցախի միջազգային ճանաչումը, ապա դրա հիմքերը պետք է ստեղծել, իսկ հիմքերը նման քայլերով են ստեղծում»:

Մենք հարցրեցինք՝ երբ ՀՅԴ-ի այս նախաձեռնության մասին լուրը հրապարակել էինք եւ տեղադրել համացանցում, բազմաթիվ օգտատերեր մեկնաբանել էին, որ ՀՅԴ-ն հերթական կեղծ օրակարգն է բերում, իբր գործ են անում, ժամանակին էլ ասում էին՝ ազատագրված տարածքների վերաբնակեցում, ի՞նչ արեցին այն ժամանակ, որ հիմա էլ նոր նախաձեռնություն են սկսել՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Գիտեք, ես չեմ առաջնորդվում օգտատերերի տեսակետներով: Ես առաջնորդվում եմ իրականությամբ: Դաշնակցության՝ 90-ականների սկզբին ինքնապաշտպանության կազմակերպման առաջին քայլերը անելու արդյունքում է, որ մենք ունենք այսօրվա իրավիճակը, իսկ այդ օգտատերերը չգիտեմ որտեղ էին: Օգտատերերի մասին մեկ ուրիշ բան կասեմ՝ ամեն տարի Դաշնակցությունը Արցախի անկախության օրվա առթիվ տարբեր միջոցառումներ է կազմակերպում, փորձելով մեր հասարակության, մեր քաղաքացիներին, քաղաքական ուժերին պահել այդ դաշտում՝ Արցախի խնդիրը միշտ պահել օրակարգում: Ես էլ սոցիալական ցանցերում տեսնում էի, որ օգտատերերը միմյանց շնորհավորում էին Արցախի անկախության օրվա առթիվ, դա ինձ համար շատ ավելի կարեւոր է: Այն, որ մենք փորձում էինք հասարակությանը նախաձեռնող դարձնել, մասնակից դարձնել՝ այսօր հաջողել ենք այստեղ եւս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Տպել Տպել