Ռուստամյանը՝ արտագաղթը կասեցնելու մասին

Aravot.am-ը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր ուղերձում հայտարարեց, որ 2040-ին 4 մլն ենք դառնալու, դուք հավատո՞ւմ եք, որ մենք կկարողանանք այդ ցուցանիշին հասնել:

Նա պատասխանեց. «Ես ավելին եմ ենթադրում, ինչի չէ՞ որ»: Մեր հարցին՝ ինչի՞ հաշվին պիտի դառնանք, երբ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 250 հազար մարդ՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ մենք 4 մլն-ից ավելին ենք լինելու: Ինչի հաշվի՞ն, մեր ճիշտ քաղաքականության հաշվին, այն պրոբլեմները, որոնք առաջացնում էին արտագաղթ, դրանք վերացնելու հաշվին, հայրենադարձությունը խրախուսելու հաշվին, մեր այսօրվա ռազմավարական խնդիրները, արցախյան պատերազմում ձեռք բերած հաջողությունները, հաղթանակները ամրապնդելու նպատակով եւ այլն եւ այլն»:

Մեր հարցին՝ կար ժամանակ՝ արտագաղթի դեմ ծրագիր էիք ներկայացրել, երբ ընդդիմադիր էիք, հիմա իշխանության մաս եք, ինչո՞ւ չեք իրականացնում՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Էդ ենք անում, էլի: Բա էս ամբողջ համալիր գործընթացները գլխավոր նպատակ ունեն հենց արտագաղթը կասեցնել»: Մեր դիտարկմանը, որ այդ ծրագրի իրականացման արդյունքը չի երեւում՝ Ռուստամյանն արձագանքեց. «Էսքան կուտակված հարցերը դուք ուզում եք, որ միանգամից մի օրում լուծվի՞: Քանդել կարելի է շատ արագ, բայց վերականգնելը, ստեղծելը շատ բարդ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տպել Տպել