Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները (IUSY) տպավորված են Արցախով


ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով երկօրյա այցով Արցախ են ժամանել Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության մի խումբ ներկայացուցիչներ՝ 17 երկրից 25 պատվիրակներ:

Երիտասարդները սեպտեմբերի 30-ին հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանի հետ: Գայանե Գրիգորյանը ներկայացրել է երիտասարդական ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, Արցախում ապրող երիտասարդների հիմնական խնդիրները, որոնք, ըստ փոխնախարարի, էականորեն չեն տարբերվում այլ տարածաշրջանների երիտասարդների խնդիրներից: Ընկերվար քաղաքական գործիչներին հետաքրքում էին Արցախի երիտասարդության զբաղվածության, ոլորտի ֆինանսավորման, զինվորական ծառայության, սահմանամերձ շրջանների բնակիչների ուսման իրավունքներին վերաբերող հարցեր:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները սեպտեմբերի 30-ին այցելել են նաև Halo Trust հումանիտար ականազերծման միջազգային կազմակերպության արցախյան գրասենյակ, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Դեպի Արցախ այցելությունը եզրափակվել է տեսարժան վայրեր այցելությամբ:

Լիբանանի Զարգացած երիտասարդություն կազմակերպության ընդհանուր համակարգող Լամա Ալ Արիդին Արցախի խնդիրը նմանեցնում է միջինարևելյան շատ խնդիրների, որտեղ մեծ պետությունների կողմից փոքրերին իշխելու և իրենց ենթարկելու ընդհանուր միտումը կա: «Խնդիրը նաև այս շրջանի ջրային պաշարների հետ է կապված և դրա համար է Ադրբեջանը Արցախը ցանկանում իր կազմում տեսնել»,- կարծում է Լամա Ալ Արիդին, ով մինչև այցելությունը մտածում էր, որ վտանգավոր պատերազմական մթնոլորտի կլինի, բայց այստեղ ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ:

Կիպրոսի Էդեքս Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Գիորգոս Իրոդոտուն նշել է, որ մինչև Արցախ այցելելը մի քիչ կասկածամտորեն էր վերաբերում այստեղի իրավիճակին, բայց տեսնելուց հետո հասկացավ, որ ծաղկման ժամանակաշրջանում է գտնվում Արցախը և բավականին զարգացած է:

Տաթևիկ Աղաջանյան

aparaj.am

Տպել Տպել