Մշակութային տարբեր ուղղություններում պետական հոգածության անհրաժեշտություն կա

Զբոսաշրջիկների թվի ավելացում, Արցախի մշակույթի տարածում, երիտասարդական ծրագրերի ակտիվացում. առաջիկայում սրանք են լինելու Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության առաջնահերթությունները: Նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ զգալի աշխատանք կա գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում:

«Այս տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել զբոսաշրջության ոլորտում: Արդյունքները սպասեցնել չեն տվել: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 43 տոկոս աճ՝ 2016 թվականի համեմատ, և 27 տոկոս աճ՝ 2015 թվականի համեմատ: Հետևաբար` մեր խնդիրն է պահպանել ձեռքբերված արդյունքը և ավելացնել այն»,-ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում իրականացվել է աշխատանք՝ կապված ենթակառուցվածքների բարելավման, հյուրանոցային տնտեսության զարգացման, զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացման և այլ ուղղությունների հետ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների ծագման երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Հիմնականում Արցախ այցելում են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, ԱՄՆ­ից, Իրանից և եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից:

Քիչ աշխատանք չի սպասվում մշակույթի ոլորտում: Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ մշակութային տարբեր ուղղություններում պետական հոգածության անհրաժեշտություն կա: Նրա խոսքով, հսկայական աշխատանք է սպասվում պատմամշակութային կոթողները վերականգնելու ուղղությամբ:

«Հուշարձանների պահպանության բնագավառում մենք ունենք մոտ 80 տարվա բացթողի վիճակ: Խորհրդային տարիներին, ինչպես գիտեք, հուշարձանների պահպանությանը ոչ միայն ուշադրություն չի դարձվել, ընդհակառակը, ամեն ինչ արվում էր, որ ոչնչացվեին: Հետևաբար` տարիներ կպահանջվեն այդ բացը լրացնելու համար: Այդուհանդերձ, վերականգնման աշխատանքները շարունակվելու են՝ առաջնային հարցերից ելնելով»,-ասաց Սերգեյ Շահվերդյանը: Նա նշեց, որ այդ ոլորտում փորձելու են աշխատել, համագործակցության եզրեր գտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Սերգեյ Շահվերդյանն առաջնահերթություն է համարում նաև Արցախի մշակույթի տարածումը միջազգային հարթակում: Նա նկատեց, որ զբոսաշրջության բնագավառում միջազգային հարթակում արդեն բարձր մակարդակի համագործակցության փորձ կա:

Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ նախ պետք է բազմակողմանի ուսումնասիրություն կատարվի՝ վեր հանելու երիտասարդներին հուզող խնդիրները, և համակարգված դրանց լուծում տրվի:

armenpress.am

Տպել Տպել