ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը որևէ բան չէր ավելացնելու

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը վստահ է՝ «Ելք» խմբակցության առաջարկած՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը որևէ բան չէր ավելացնելու։

«Ես կարծում եմ՝ այն նպատակը, որ իր առջև դրել էր մեր «Ելք» խմբակցությունն, իրականում իրականացավ՝ և՛ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եղավ մանրամասն քննարկում, և՛ նաև արտահերթ կարգավիճակով հարցը մտավ Ազգային ժողովի օրակարգ և քննարկվեց։ Վստահ եմ, որ որևէ բան չէր ավելացնելու, եթե նույնիսկ այս հանձնաժողովը ստեղծվեր», – «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը։

ՀՅԴ խմբակցության քարտուղարը համոզված է՝ «Ելք» խմբակցության պատգամավորները գիտեին իրենց նախաձեռնության ճակատագիրը, որ չի հասնելու վերջնարդյունքին։

«Կարծում եմ, որ իրենք բավարարված պետք է լինեն, նկատելի եղավ նաև, որ Հայաստանում կան նաև նման տրամադրություններ որոշ շրջանակների կողմից։ Եվ բնական է, որ առնվազն քաղաքական կոալիցիան պետք է դեմ քվեարկեր, որովհետև ո՛չ դրա ժամանակն է, ո՛չ դրա նպատակահարմարությունն այսօր կա, մանավանդ այս փուլում, երբ որ իսկապես միանգամից քննարկման հարց դնել մեր ռազմավարական ուղղության կտրուկ շրջումը, երբ որ դիմացն ուրիշ բան չունենք, պարզ է, որ նպատակահարմար չէ։ Պարզ է, որ նպատակահարմար չէ նաև այն առումով, որ մենք առաջիկայում ունենք Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման հնարավորություն, և այն գաղափարախոսությունը, որ Հայաստանի պետությունը միշտ ասում է, որ մենք պետք է փորձենք ոչ թե առաջնորդվել «կա՛մ, կա՛մ»-ով, այլ «և՛, և՛»-ով, սրա հնարավորությունը կա, և այս ժամանակային առումով՝ թայմինգի առումով, ես կարծում եմ, որ լավագույն ժամանակը չէր», – ասաց Վարդանյանը՝ շարունակելով. – «Բնականաբար, եթե դու որևէ ռազմավարական դաշինքից, կամ այսօրվա ընտրած քո ուղուց շեղվում ես, պետք է ունենաս նաև դրա բոլոր հետևանքները՝ ոչ միայն այդ դաշինքի, այլև մյուս հնարավորությունները՝ դու արդյո՞ք փոխարինելու որևէ բան ունենալու ես, թե՞՝ ոչ։ Ակնհայտ է, որ գոնե որոշակի ոլորտներում՝ անվտանգության համակարգի ոլորտներում մենք չունենք այսօր այլընտրանք՝ Արևմուտքի և Եվրամիության կողմից մեզ երբևէ չեն տրվել այնպիսի երաշխիքներ…»։

Հարցին, թե արդյո՞ք սա տնտեսական դաշինք չէ, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց. – «Այդ տնտեսական դաշինքն ունի նաև իր ռազմական բաղադրիչը, սա նորություն չէ, ի վերջո, որովհետև մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, և այլն, և այլն»։

Մեկ այլ հարցի, թե կիսո՞ւմ է ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի կարծիքը, թե «տնտեսական վատ ցուցանիշները նախևառաջ վկայում են կառավարության վատ աշխատանքի մասին, ինչո՞ւ «Ելքը» չի պահանջում հենց կառավարության հրաժարականը», Վարդանյանը պատասխանեց. – «Այն տպավորությունը, որ փորձեցին ձգել «Ելքի» անդամները և հիմա էլ լրագրողները, էլի կոնտեքստից դուրս էր Աշոտյանի ասածը, ինքը համեմատություն էր անում, որ «դուք էլ սա կարող եք անել», ոչ թե ինքը կառավարությանը մեղադրում էր։ Ես հիմա խոսում եմ իմ տպավորության մասին, որը կարծում եմ շատ ավելի օբյեկտիվ է։ Նման որևէ տեսակետ, որ այսօրվա կառավարությունը դրական աշխատանք է կատարում, միանշանակ համաձայն եմ։ Մենք խոսում ենք առարկայական, օբյեկտիվ իրողություններից ելնելով»։

Հարցին, թե այդ ընթացքում տնտեսական իրավիճակը, մարդկանց վիճակը չի՞ վատանում, Վարդանյանը պատասխանեց. – «Ես կարծում եմ, որ առնվազն չի վատանում»։

Հիշեցնենք՝ խորհրդարանը երեկ 7 կողմ, 81 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախագիծը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Տպել Տպել