Վահան Հովհաննիսյանը դժգոհ է Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարին տրված հարցերից

Օրերս պաշտոնական այցով Հայաստան, ապա ԼՂՀ այցելեց Ուրուգվայի խորհրդարանի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Պատվիրակությանը ԼՂՀ ուղեկցում էր Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում հայտարարել է, որ Ուրուգվայի խորհրդարանի նախագահին հայաստանյան մամուլի ներկայացուցիչներն ուղղել են ոչ կոռեկտ հարցեր` «Ե՞րբ եք ճանաչելու ԼՂՀ անկախությունը» և այլն:

Ճանաչելը, ըստ նրա, երկու իմաստ ունի` ճանաչել երկիրը, նվաճումները և հետո նոր` պետությունը: Մեզ մոտ, ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, ճանաչման երկրորդ իմաստն են միայն հասկացել: «Արցախի անկախության ընթացքում առաջին անգամ ճանաչված, հին, ժողովրդավար ավանդույթներով մի երկրի բազմակուսակցական պառլամենտի ներկայացուցիչը պաշտոնապես, իր երկրի դրոշի տակ այցելում է ու հանդիպում ունենում նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, հասարակության ներկայացուցիչների հետ: Սա ճանաչման կարևորագույն հատված է: Պատահական չէ, որ Ադրբեջանն ընկավ հիստերիայի մեջ, առաջին երկու օրերին չէր ուզում նշել, որ դա խորհրդարանի նախագահի ղեկավարած պատվիրակություն է»,- ասել է Վահան Հովհաննիսյանը` կարևորելով Խորխե Օրիկոյի ելույթը ԼՂՀ Աժ-ում։

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ խոսքն այն մասին է, որ նրանք ինչ-որ իմաստով փաստահավաք առաքելություն են ներկայացնում` ԼՂՀ ամբողջական պատկերն իրենց գործադիր իշխանությանը ներկայացնելու համար, իսկ պաշտոնական ճանաչումը կատարվում է այլ մակարդակի վրա, գործադիրը կայացնում է որոշում՝ նախագահի և խորհրդարանի իմացությամբ: Այդ մասին էլ վերջնականորեն հայտարարում են արտաքին գործերի նախարարները: «Թե ինչպես կքվեարկեն խորհրդարանում, չգիտեմ, որովհետև Ուրուգվայում քվեարկությունները ժողովրդավարական սկզբունքով են ընթանում: Դրա համար հարցերը, որ ուղղվում էին, երբեմն անտակտ էին, գործին խանգարող»,– ասել է Հովհաննիսյանը:

Այս կարևոր ձեռքբերման համար նա գնահատում է երեք կառույցների աշխատանքը` ՀՅԴ Հայ Դատի Ուրուգվայի գրասենյակ, ՀՀ դեսպանատուն և ՀՀ ԱԺ: «Այս երեքի համագործակցությունն է, որ ջղագրգիռ է դարձրել Ադրբեջանին: Իրենք ասում են, որ Սփյուռքն է իրենց հիմնական թշնամին: Իրենք չեն հասկանում, որ ՀՀ-ն և Սփյուռքը նույնն են, Սփյուռքն ուրիշ օրակարգ չունի, քան ՀՀ շահը: Եվ քանի որ այս շահերը համընկնում են, Ադրբեջանը սարսափած է»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Վահան Հովհաննիսյանն կարևորել է մեր դիվանագիտության ակտիվությունը տարբեր երկրներում` Ուրուգվայի օրինակին հետևելու համար:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել