ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը մեծ մասամբ համաձայնության են եկել

Այսօր, նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովի շենքում, կայացել է ՀԱԿ-ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը, որը տեւել է մոտ երկու ժամ: Քննարկմանը մասնակցել են ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը:

Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ բավականին խորքային քննարկում է տեղի ունեցել: Ներկայացրել են ՀՅԴ առաջարկի 7 կետերը: Արմեն Ռուստամյանը նշել է, որ որոշ կետերի շուրջ, կողմերի մոտեցումները տարբեր են եղել, սակայն հիմնական, խորքային հարցերի շուրջ դիրքորոշումները եղել են նույնը:

Արմեն Ռուստամյանը չի չբացառել ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ մեկ միասնական թեկնածուով նախագահական ընտրություններում հանդես գալը, միասնական թեկնածուի հավանականությունը չի բացառել նաեւ Լեւոն Զուրաբյանը:

«Չեմ ուզում հատուկ նշել այն կետերը, որոնց շուրջ վիճարկելի հարցեր կային, որպեսզի հնարավորինս ավելի մեծ հավանականություն ապահովենք համաձայնեցման հետագա ավելի բարձր մակարդակ ունենալու համար, ինչը չի բացառվում»,-հայտնել է Արմեն Ռուստամյանը եւ ընդգծել, որ այս հանդիպումը` հույս ներշնչող հանդիպում էր: Եթե կարողանան այս հարցերի շուրջ մեկ հայտարարի գալ, ապա կարելի է խոսել միասնական թեկնածուի հնարավորություն կամ հենց միասնական թեկնածուի անձի շուրջ: Արմեն Ռուստամյանը նշել է,որ հանդիպմանը թեկնածուի հարց չի քննարկվել.«Ես ուրախ եմ, որ մեր այդ մոտեցումը ընդունվում է: Ճիշտն այն է, որ նախ հասկանանք, թե ինչ ենք ուզում անել, պլատֆորմը հստակեցնենք, հետո նոր անձերի հարցը»:

Իսկ թե կոնկրետ կառավարման խորհրդարանական համակարգի մասին ինչպիսին էր ՀԱԿ-ի մոտեցումը, Ա. Ռուստամյանը չի պարզաբենլ, ընդգծել է, որ հարցերի մեծ մասի դեպքում համաձայնություն կա, կան հարցեր, որոնք քննարկելի եւ վիճարկելի են, իսկ թե որոնք են այդ կետերը` չեն նշի, չձախողելու համար հետագայում առավել բարձր մակարդակի վրա գտնվող համաձայնությունը:

ՀՅԴ-ն հանդիպման առաջարկ է արել նաեւ «Ժառանգությանը», «Ազատ դեմոկրատներին», ՀՀԿ-ին: Արմեն Ռուստամյանը փոխանցել է, որ ՀՀԿ-ում դեռ քննարկում են ՀՅԴ առաջարկությունը:

Տպել Տպել