Պատրաստ ենք 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայնքներին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մամուլի ասուլիսին նախարարության վերջին ինն ամիսների աշխատանքը ամփոփելիս խոսեց նախարարության իրականացրած գործերի, կատարված փոփոխությունների մասին: Նրա խոսքով` սկսել են համայնքային խնդիրների կարգավորման ինստիտուցիոնալ մասը:

«Համայնքների համար պատրաստեցինք տասը ձեռնարկ` ինչպես տարբեր ուղղություններով աշխատել համայնքներում: Մենք ունեինք 18 խոշորացված համայնքներ, բայց չունեինք ծրագիր` ինչպես պետք է կառավարվեն այդ խոշորացված համայնքները»,- ասաց Լոքյանը: Նրա խոսքով` այս խնդիրները լուծված են:

Այնուհետև նախարարը նշեց, որ համայնքային տնտեսական զարգացման ձեռնարկներ են կազմել: «Պատրաստեցինք ձեռնարկները և փոխանցեցինք համայնքներին: Յուրաքանչյուր համայնքում պետք է ունենանք տնտեսության զարգացման աշխատանքներով զբաղվող անձ, ում համար ֆիքսված է` ինչ պետք է անի համայնքում, ինչ պետք է ներկայացնի մարզպետարան և մարզպետարանով ինչպես պետք է հասնի նախարարություն»,- հայտարարեց նա:

Լոքյանը տեղեկացրեց, որ ծրագրային բյուջետավորման անցնող ծրագիր են մշակել: «2018 թվականին մեր խոշորացված համայնքները պետք է կազմեն համապատասխան ծրագիրը, ֆիքսեն չափելի ցուցանիշները և նոր համապատասխան ֆինանսական պահանջարկը դնեն»,- ասաց նա:

Լոքյանն ընդգծեց, որ սուբվենցիաների տարամադրման կարգ են պատրաստել համայնքների համար: «Առաջարկում ենք` համայնքն իր ֆոնդային բյուջեում դնի որոշակի գումար, պետությունը պատրաստ է այն կրկնապատկել: Համայնքը պետք է ներկայացնի ծրագիր, ստանա ֆինանսավորում, որն ուղղակիորեն կփոխանցվի համայնքային բյուջե»,- բացատրեց նախարարը:

Նա նշեց, որ համայնքը պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր, որը նախարարությունը կներկայացնի կառավարությանը, և վերջինիս հաստատման արդյունքում բյուջետային ֆինանսավորում կլինի։ «Սա թույլ կտա լուծել այն հարցը, երբ մարդիկ ասում էին՝ 1 մլն դրամ տվեք, և մենք կլուծենք խնդիրները։ Մենք ասում ենք՝ փորձիր քո միջոցներից տրամադրել որոշակի չափ, և մենք կրկրնապատկենք այն՝ մեծացնելով քո կապիտալ ծախսերի մասը»,- ասաց Լոքյանը:

Նրա խոսքով` խնդիրը քննարկված է նախագահի, վարչապետի մոտ: «Պատրաստ ենք 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայնքներին»,- հայտարարեց Լոքյանը:

Դավիթ Լոքյանն ներկայացրեց նաև ներդրումային ծրագրերը և նշեց, որ տասը միլիոնի ծրագրեր են նախատեսված: Նա հայտնեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ համայնքների տնտեսական զարգացման ծրագրեր են լինելու 15 միլիոն դոլարի շրջանակներում և ծրագրի առաջին կանգառը Շիրակի մարզն է:

«Ընդհանուր 15 մլն դոլարի 30 %-ն ուղղվելու է սոցիալական ծրագրերին` մանկապարտեզ, առողջապահական կենտրոն և այլն, իսկ 7%-ը պետք է ուղղվի միայն տնտեսական ծրագրերին: Ժամանակն է, որ մենք ունենանք ուժեղ տնտեսություն համայքններում»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը տեղեկացրեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները և պետության արտաքին քաղաքականության վեկտորը մեզ համար ապահովելու է առաջիկայում լուրջ ֆինանսական հոսքեր նաև ԵՄ-ից: «Շուրջ 26 մլն դոլար կտրամադրվի համայքններում տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրների լուծման ուղղության համար և 54 մլն դոլարի չափով փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ: Սա կլինի նոյեմբերի 13-ին Բրույսելում ստորագրվող ՀՀ ԵՄ համապարփակ փաստաթղթի ստորագրման արդյունքում»,- ասաց նախարարը, ապա հայտնեց, որ բայց նախնական տարբերակները արդեն իսկ ստացել ենք:

Ըստ նախարարի` այս միջոցները ստանալու և համայնքներին ուղղելու խնդիրներ ունենք: Նախարարը հայտնեց, որ ԵՄ-ն այդ գումարները կտրամադրի, եթե կատարվեն իրենց պայմանները: «Պայմաններ են դրել, որոնք պետք է կատարենք: Առաջին պայմանը համայքնների ֆինանսական ծախսերի և մուտքերի կանոնակարգումն է, դրանով մենք զբաղվելու ենք: Մենք ունենք շատ աննորմալ երևույթ. պետությունը հարկատուներից հավաքում է շուրջ 50 մլրդ դրամի չափով գումար և այն ուղղում է համայնքներին որպես դոտացիա: Համայնքներ ունեք, որ այդ գումարը ծախսում են գործառույթների վրա, որոնց համար պետք է իրենք վճար գանձեն և բյուջետային մուտքեր ունենանք»,- հայնտեց նա:

Նախարարն ընդգծեց, որ աշխատելու են համայնքների հետ ավելին ավելիի սկզբունքով: «Կհավաքես շատ, կանես քո պարտականություները պետությունը ավելին կտրամադրի ձեզ: Բյուջետային կարգապահությունը 2018 թվալանի թիվ մեկ խնդիրն է դառնալու մեր ոլորտի համար: Սա չափանիշ է, որ մենք պետք է ապահովենք և չզրկվենք այն միջոցներից, որոնց մենք չարչարանքով հասել ենք: Դրա համար մենք ռազմավարություններ ենք ստեղծել, որ հասնենք այդ խնդրի լուծմանը»,- եզրափակեց նա:

Դավիթ Լոքյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ համայնքների խոշորացումը ՊՆ կողմից մշակած սահմանամերձ գոտու մասին հայեցակարգի պարագայում դառնում է վտանգավոր։

«Ամեն ինչ կարելի է վտանագավոր համարել, հատկապես սահմանամերձ տարածքում, իսկ թե ինչու է վտանագավոր, չկա դրա բացատրությունը։ Ընդհակառակը՝ խոշորացված համայնքներին ուղղվող օժանդակությունները էլ ավելի պիտի ամրապնդեն՝ մարդկանց այնտեղ մնալու ցանկությունը», – լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարարը։

Վերջինս ընդգծեց, որ այդ նպատակով սահմանամերձ բնակավայրերին տարեկան 1 մլրդ դրամ ուղղակի տրամադրվում է գազի, հոսանքի, ոռոգման ջրի գումարի համար։

«Իրենց ազատել ենք որոշակի հարկատեսակից տնտեսական գործունեություն իրականացնելու համար», – հավելեց նա։

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Հայաստանում կձևավորվի խոշորացված համայնքների ամենամեծ ծավալը,- ասաց Դավիթ Լոքյանը: Նրա խոսքերով՝ թվով 325 համայնքների միավորման արդյունքում կձևավորվի 34 համայնք: Այսպիսով, 2016-2017 թթ. իրականացված ծրագրերում ներառված 465 համայնքների միավորման արդյունքում կունենանք 52 համայնք: Դավիթ Լոքյանը նշեց, որ 2018-2019 թվականներին նախատեսվում է շարունակել վարչատարածքային բարեփոխումները և ավարտել համայնքների խոշորացման գործընթացը:

Անդրադառնալով արդեն խոշորացված համայնքների ղեկավարների մտահոգություններին, թե խոշորացումը ռիսկային է, հատկացվող միջոցներն էլ քիչ են, Դավիթ Լոքյանը նախ ասաց, որ խոշորացված համայնքներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել և իրականացվում են, որոնք նախորդ տարիներին չեն եղել։

«Ես գիտեմ համայնքապետերի տրամադրությունների մասին: Մենք պետք է «համայնքների խոշորացում» բառակապակցությունը հանենք մեր լեքսիկոնից և ասենք, որ դա կառավարման օպտիմալացում է: Այսօր համայնքներում հաստիքներ են տրամադրվում, բազմաթիվ ծառայություններ փոխանցվում են համայնքներին և խոշորացումը միակ կառավարման օպտիմալ ձևաչափն է, որը կարող է այդ ծառայությունները հասցնել համայնքներ»,- ընդգծեց նախարարը:
Հարցին, թե ինչպես վարչապետն էր ասում՝ Հայաստանում կա՞ն արդյոք չեմպիոն համայնքներ, Դավիթ Լոքյանը նշեց, որ արդեն 200 համայնք իր բյուջեն ավելացրել է 20 և ավելի տոկոսով:

«Համարե՞նք այդ համայնքներին չեմպիոն, թե՞ ոչ, կարծում եմ, որ պետք է համարենք: Օրինակ՝ եթե համայնքն ունի 50 մլն դրամի սեփական եկամուտ, հիմա արդեն 10 մլն-ով եկամուտն ավելացրել է, ինչը նշանակում է, որ տվյալ համայնքը կարող է 10 միլիոնով ավելի ծախս անել և առակա խնդիրներին լուծում տալ»,- ասաց Դավիթ Լոքյանը՝ հավելելով, որ տարեվերջին հայտնի կդառնան «չեմպիոն» համայնքների անունները:

Նախարարը միաժամանակ նշեց, որ նախատեսում են «չեմպիոն» համայնքներին հատկացնել շուրջ 2 մլն դրամի նվիրատվություն. «Տարեվերջին երբ կամփոփենք համայնքների բյուջետային կատարողականը, իրականացված ծրագրերը, այդ ժամանակ կհայտարարենք, թե որոնք են այն հինգ համայնքերը, որոնք 2017 թվականին լավագույն են եղել»։

Տպել Տպել