Ապօրինի անտառհատումների դեմ պայքարն այլընտրանք չունի

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում։ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջան միավորված համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Իր խոսքում նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ դեռ նախորդ տարի ազգային պարկում մեկնարկած և մի քանի ամիս տևած տեսչական ստուգումների արդյունքում արձանագրվել էր 6300-ից ավել ապօրինի հատված ծառ, ինչի մասին զեկուցվել էր ՀՀ Նախագային և գործը ուղարկվել դատախազություն: Հայաստանի ղեկավարի կողմից ուժային կառույցներին և հսկողություն իրականացնող կազմակերպություններին խիստ հանձնարարական էր տրվել ուժեղացված միջոցառումներ իրականացնել ապօրինի ծառահատումների դեմ:

Ըստ Ա. Մինասյանի, ուժային կառույցների հետ համագործակցված արդյունավետ աշխատանք կա, բայց կան նաև բացեր և միջոցներ պետք է ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ: Հիմնախարցի լուծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում իրականացրել է մի քանի քայ` կատարվել են կադրային և կառուցվածքային բարեփոխումներ, որոնց շրջանակներում պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենը, փոխտնօրենները և այլ պատասխանատուներ, 24 ժամյա ռեժիմի պահպանության համար ներգրավվել է «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր պահնորդական կազմակերպությունը, վերանայվել են աշխատակիցների որոշ լիազորություններ, որոնք կնպաստեն պահպանության և հսկողության ուժեղացմանը: «Աշխատանքներ են տարվել պարկին հարակից համայնքների բնակիչների հետ, որոնք դեռևս էական արդյունքներ չեն տալիս, բայց եթե հասարակության մոտ չձևավորվի անտառը պահպանելու առաջնայնության գիտակցումը, մյուս գործողությունները արդյունավետ չեն լինի, այդ նպատակով համայնքների բնակիչների հետ պետք է ամենօրյա աշխատանքներ տարվեն: Անընդունելի է բնակիչների մի մասի մոտ գերակայող այն մոտեցումը, որ իրենք կարող են անտառն ապօրինի հատել` սեփական եկամուտները ապահովելու նպատակով և նարնց աջակցում են մարդիկ, ովքեր այդ ցանկությունները օգտագործում են ապօրինի բիզնեսով սեփական եկամուտներն ստանալու համար: Առավել ևս, որ հարակից համայքների բնակիչները միշտ ապահովված են եղել թափուկով և տունը տաքացնելու խնդիր չեն ունեցել»,- շեշտել է նախարարը:

Առաջնային համարելով հսկողություն իրականացնող մարմնի արդյունավետ աշխատանքը` Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ առանց բացառության պատասխանատվություն են կրելու «Դիլիջան» ազգային պարկի բոլոր պատասխանատուներն, ում անգործաության արդյունքում պատշաճ պահպանություն չի իրականացվի:

ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեկյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել են, որ ազգային պարկում տեղադրվելու է ձայնային ընդունիչներ/սենսորներ/, տեսախցիկներ, ինպես նաև կիրառվելու է տեսանկարահանող դրոն, ինչը կապահովի ապօրինի ծառահատումներին օպերատիվ արձագանքելը և կանխարգելելը:

ՀՀ բնապահպանության նախարարը հորդորել է արագացված ռեժիմով ավարտին հասցնել տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև կառուցվածքային մեխանիզմների բարեփոխման հարցերի լուծումը և կարևորել նաև ապօրինի ծառահատումների խնդրի լուծմանն ուղված խստացումների օրենսդրական փոփոխությունները: Ա. Մինասյանը համակարգված գործողություններ իրականացնելու համատեքստում առաջնային է համարել տեսչական գործառույթի լիարժեք իրականացումը, ինչի արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական միասնական մարմինը:
Բնապահպանության նախարարի գլխավորած աշխատանքային խումբը եղել է նաև Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում ազգային պարկում կառուցվող բազմացման կենտրոնում՝ հետևել աշխատանքների ընթացքին։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը ներկայացրել է կատարված աշխատանքների արդյունքները և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստան ներմուծել եղջերուի 15 առանձնյակ:

Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող «Շամախյան» տեղամասի տնակը։ ՀՀ բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները և «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից և ժամանել դեպքի վայր:

Դեպքի վայր են ժամանալ նաև ՀՀ ԱԻՆ մազային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել և հանգցնել կրակը։ Հրդեհից տուժածներ չկան: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

Տպել Տպել