Իրանի մի շարք նահանգներ մեր մարզերի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ են

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությանը, նշեց, որ Իրանի հետ նախարարությունը, մարզպետարանները շատ ինտեսիվ հարաբերությունների մեջ են: Իրանի նահանգները, մասնավորապես` Գիլան, Ատրպատականն, Իսֆահան, Թեհրանը բոլոր մեր մարզերի հետ ուղղակի պայմանագրային հարաբերությունների մեջ են:

«Շատ դժվարությամբ է ստացվում արդյունավետ գործունեություն, սակայն առաջին արդյունքները մենք ունենք: Շուտով այցի է գալու Գիլանի նահանգապետը, որը ներդրումային ծրագրերի որոշակի փաթեթ է բերելու Կոտայքի մարզում իրականացնելու համար: Մենք ունենք ակտիվ փոխհարաբերություն Տավուշի մարզի Դիլիջանի և Իսպահանի շրջակայքում գտնվող Դիլիջան բնակավայրի միջև»,-ասաց նա և նշեց, որ շատ հաճախ կանոնակարգում են Իրան-Հայաստան մեր ճանապարհային հատվածում իրանական ցուցատախտակների տեղադրումը:

Նախարարը նշեց, որ Սյունիքը ամբողջական տնտեսական ինտեգրման է գնում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու առկայությամբ, և վերջերս էլ Վանաձորում իրանական ներդրումներով խոշորածավալ գործարան է հիմնվել հիմնում, որի վերջնական ծավալները պետք է հասնեն մինչև 100 միլիոն դոլարի:

Դավիթ Լոքյանն անդրադարձավ նաև Իրան կատարած այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե Իրանի հետ Տնտեսական համագործակցությունը զգալիորեն զիջում է երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը:

«Դրա պարզագույն բացատրությունն այն է, որ իրանական կողմը փակ տնտեսություն է ներկայացնում, ներմուծման խնդիրներում կան մեծ դժվարություններ և մենք չենք կարողանում այնտեղ բան արտահանել: Մենք միայն ներմուծում ենք և միայն էլեկտրաէներգիա ենք կարողանում արտահանել»,-ասաց նա և նշեց, որ աստիճանաբար պետք է կարողանանք քաղաքականը հավասարակշռել տնտեսականին:

Հարցին` արդյոք տեսնո՞ւմ է նախարարության` Իրանի հետ համագործակցության առումով չօգտագործված ներուժ, նախարարը պատասխանեց, որ շատ մեծ. «Միայն մեր մարզերը, եթե լոկալիզացվեն, կենտրոնանան Իրանի համապատասխան նահանգների տնտեսական հնարավորությունները բերելու շուրջ, և մեր պլատֆորմն օգտագործեն դեպի ԵԱՏՄ արտահանումներ իրականացնելու, ինչպես նաև տուրիզմը ամբողջությամբ մարզերի վրա տեղաբաշխելու համար, մարզը` մարզով, կարծում եմ, որ սա մեծ ներուժ է, որի լուծումները պետք է տանք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրականական կողմի հնարավոր մասնակցությանը, ապա նախարարն ասաց, որ հարցն այն է, թե պատրա՞ստ է իրանական կողմը ֆինանսական ներդրում ունենալ, որպեսզի դեպի ծով ճանապարհը մենք արագ կառուցենք:

Տպել Տպել