Վշտակցություն Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով


Ցավով տեղեկացանք Լեւոն Հայրապետանի անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն. Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող եւ այդ ապագան առավել բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված հայրենասեր գործիչ:

Կարելի է հիշել նրա ձեռնարկած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը եւ որոնք ոգեշնչել են ու լայն արձագանք են գտել երախտագետ համերկրացիների սրտերում: Այդ անշահախնդիր նվիրումը դրսեւորվել է նաեւ Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու մշտական պատրաստակամությամբ:

Ցավի հետ այսօր նաեւ ափսոսանքի զգացումն է համակել մեզ՝ նրա ընդհատված ծրագրերի ու երազանքների համար, ինչպես եւ գիտակցումը, որ մեր հավաքական կյանքից այլեւս բացակայելու է հայրենիքի շենացումը քաղաքական նպատակ, հոգու պարտք ու հավատամք դարձրած մի համարձակ ու անկեղծ նվիրյալ:

Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով կիսում ենք հարազատների մտերիմների եւ բոլոր վշտակցողների զգացումները, որպես մխիթարանք վկայաբերելով գործը, որ մնաց որպես անմեռ հիշատակություն:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Երեւան
19.10.2017

Տպել Տպել