Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից

Որոշակի շտկումներից հետո ՀՅԴ խմբակցությունը կողմ է լինելու «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծի ընդունմանը, այս մասին հայտնել է ՀՀ Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Աղվան Վարդանյանի խոսքով` Դաշնակցության մեջ, շուրջը կարող են լինել այլ տեսակետ ունեցողները, սակայն սա ՀՅԴ-ի ընդհանրական տեսակետն է:

«Երկիրն այսօրին» տված հարցազրույցում Աղվան Վարդանյանը նշել է.

«Բուռն քննարկումները եւ այսքան հակասական տեսակետները, նաեւ մեր հասարակության արժեհամակարգի, մեր հասարակությունում առկա խնդիրների վկայությունն են: Բռնության ցանկացած դրսեւորում դատապարտելի է, հատկապես եթե այն տեղի է ունենում ընտանիքում: Եթե մենք ընտանիքը համարում ենք հասարակության մոդել, հասարակության միջուկ, բնական է, որ ընտանեկան բռնության ծայրահեղ դրսեւորումները, իսկ ես համոզված եմ, որ խոսքը ծայրահեղ դրսեւորումներ թույլ չտալու մասին է, դառնալու է հասարակության վաղվա խնդիրը: Այս առումով, ամբողջովին համաձայն եմ, որ նման օրենքի անհրաժեշտությունը կա: Օրինագիծը շտկելով, հստակեցնելով և կանխարգելման ինստիտուտի ուժեղացմամբ շատ կարեւոր է, որ կարողանանք թույլ չտալ, որպեսզի հասարակության մեջ նման խնդիրներ լինեն: Հաճախ խոսում են ավանդական, ազգային մտածողության եւ այլնի մասին: Սակայն կա ազգային մտածողություն եւ պսեվդոազգային մտածողություն: Ցավոք, այս պսեվդոազգային մտածողությունը երբեմն դառնում է ավելի գերակշիռ, որը չի բխում, ոչ մեր ավանդական կերպարից, ոչ ազգային մտածողությունից, ոչ մեր աշխարհընկալումից: Մենք, մեր ժողովուրդը, միշտ եղել է ամենաառաջադեմ հայացքների կրողը, մենք ունեցել ենք Վերածննդի շրջան, բայց, ցավոք, պետականության բացակայությունը, մեր միջավայրը, շրջապատը հաճախ մեզ բերել են այլ տեղեր: Այս առումով ես կարծում եմ, որ ընտանեկան բռնության կանխարգելումը, ընդհակառակը, բխում է մեր ազգային մտածողությունից: Արժեհամակարգի մասին, որ խոսում ենք, դա Մխիթար Գոշի արժեհամակարգն է, որ այն ժամանակ է դեռ այս խնդիրը դրել, Նարեկացու, Շնորհալու արժեհամակարգն է, ոչ թե այսօրվա ռաբիս երգիչներինը, կամ այդ տեսակ պսեվդոազգային մտածողություն ունեցողներինը: Ծայրահեղ դրսեւորումները պետք է կանխարգելվեն, որպեսզի հասարակությունն ավելի առողջ լինի: Դաշնակցության համար արժեքային համակարգ գոյություն ունի, եւ պսեվդոազգայինը չէ դա: Եվ այս քննարկումների մեջ էլ ինձ համար մտածողության ճիշտ կերպը Սրբազանի` Միքայել Աջապահյանի մտածողությունն է, մեր լավագույն մտավորականներից մեկի՝ Ռուբեն Բաբայանի մտածողությունն է: Այնպես որ, որոշակի շտկումներից հետո, մեր խմբակցությունը կողմ է լինելու այս օրենքի ընդունմանը, քանի որ մենք աշխարհի մաս ենք: Ես չգիտեմ` որեւէ իսլամական պետություն նման օրենք ունի, թե ոչ, բայց մենք այդ արժեքներով չենք առաջնորդվում: Կան հաշտ, համերաշխ ընտանքիներ եւ ընտանքիներ, որտեղ կան ծայրահեղ դրսեւորումներ, ինչը պետք է կանխարգելել: Սա նաեւ ենթադրում է պետական տարբեր ինստիտուտների պրոֆեսիոնալ մոտեցում: Մեր ազգային ավանդական ընտանքին սպառնացող որեւէ վտանգ չեմ տեսնում»,-ասել է նա:

Տպել Տպել