Մաքուր Հայաստանի ճանապարհին արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր: Նախարարը Արտաշատ քաղաքում մասնակցել է ծառատունկին, այցելել Դվինի հնավայր պատմամշակութային տարածք, որտեղ կատարվել են մաքրման աշխատանքներ: Այնուհետև Արամավիրի մարզի Փարաքար համայնքում մարզպետ Աշոտ Ղարհամանյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում տարվող աշխատանքներին: Այստեղ նրանց է միացել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և միասին տեղում քննարկել են ոռոգման ջրատարների մաքրության հարցը:

Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է շաբաթօրյակի մասնակիցների հետ, շնորհակալություն հայտնել նրանց «Մաքուր Հայաստան»-ի գաղափարի տարածման հարցում իրենց ակտիվ մասնակցության և արժանապատիվ աշխատանքի համար: «Մեծ է այս հարցում նաև հանրապետական գործադիր մարմինների, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների դերը` շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու գործում: ՀՀ մարզերի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները նախարարությունում ձևավորված «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովի հետ միասին համակարգված աշխատանքով իսկապես կարողացան լավ արդյունք գրանցել»,-ասել է նախարարը:

Շրջայցից հետո նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ շաբաթօրյակի շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են կատարվել. ՀՀ պաշտպանության նախարարությունը «Եռաբլուրում» ծառատունկ է իրականացրել կաթիլային ոռոգման համակարգով, համայնքների հետ միասին «Հայանտառը» իր ենթակայության տակ գտնվող տարածքներում է աշխատել, ակտիվ մասնակցել են բազմաթիվ նախարարությունների ներկայացուցիչներ:

«Մաքրման աշխատանքներ մշտապես են իրականացվում, բայց թիվ մեկ իրականացնողները դրանք մեր համայնքների ղեկավարներն են՝ մարզպետների գլխավորությամբ: Մի փոքր ֆինանսական օժանդակություն ենք նախատեսել մեր համայնքներին` խնդրահարույց աղբանոցները կոնսերվացնելու նպատակով: Այսօր 10 աղբավայր փակվել է Կոտայքի մարզում, շուրջ 7-ը փակվել է Գեղարքունիքի մարզում: Խնդիրը լուծելու նպատակով Կառավարությունն այսօր փորձում է աղբավերամշակման գործարան կառուցել Երևանի մերձակայքում, որտեղ կարող է տեղափոխվել հանրապետության աղբի 2/3-րդը, շուրջ հազար և ավելի տոննա օրական, որը նաև էլէկտրաէներգիա կարտադրի: Մենք ունենք արդեն 3-4 գործընկեր ԱՄՆ–ից, Չեխիայից, Լիբանանից, որոնց հետ ակտիվ քննարկում ենք այս հարցերը»,-ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում 2018 թվականի հունվարի 1-ից վարչական պատասխանատվության կոշտ միջոցներ կկիրառվեն չսահմանված վայրում աղբ թափելու և շրջակա միջավայրը աղտոտելու համար՝ սկսած 16000-ից մինչև 5 մլն դրամ: Դավիթ Լոքյանը «Մաքուր Հայաստան» ծրագիրը լիարժեք իրականացնելու գործում հատուկ ընդգծել է քարոզչական և դաստիարակչական բաղադրիչը և կարևորել հենց լրատվամիջոցների դերակատարությունը: «Շատ ցավալի է, որ մի ժողովուրդ, ով ունի այդչափ հարուստ քաղաքակրթական պատմություն շատ հեշտությամբ շիշը նետում է ճանապարհին, ինչի ականատես ենք լինում ամեն օր: Մեր քաղաքացիները դեռևս չեն ձևավորել իրենց մտածելակերպը մաքուր բնություն ունենալու, մաքուր միջավայրում ապրելու խնդիրներում: Ես կարծում եմ, որ մենք աստիճանաբար անցնելու ենք մի վիճակի, երբ այլևս չենք էլ հայտարարելու, որ համապետական շաբաթօրյակ ենք կազմակերպում, և տեղերում համայնքները, բնակիչները ավտոմատ իրենք են սկսելու այս պրոցեսը: «Մաքուր Հայաստան»-ի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև»,- ասել է նախարար Լոքյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Տպել Տպել