Պետք է պահանջենք, որ Ադրբեջանին վերադարձնեն բանակցային սեղան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի բարձր մակարդակով հանդիպումներն ընդամենը հանդիպումներ են, դրանք չի կարելի կոչել բանակցություններ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ չի կարող բանակցություն համարվել մի հանդիպում, որտեղ ներկա չեն հակամարտության բոլոր կողմերը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղը: Ըստ նրա՝ հերթը, սակայն, բանակցություններին չի հասել: Նա ասաց, որ Ղարաբաղը բանակցային կողմ չէ, որովհետև բանակցություններ չկան: Ռուստամյանն ասաց, որ Հայաստանը պետք է պահանջի, որ Ադրբեջանին վերադարձնեն բանակցային սեղան, իսկ դրա համար հարկավոր է, որ դադարեն սահմանային կրակոցները:

– Պարո՛ն Ռուստամյան, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լարվածությունը ոչ թե նվազեց, այլ՝ մեծացավ: Ադրբեջանը «Սպայկ» է օգտագործել Արցախի դեմ, որը վերջին անգամ կիրառվել էր 4 տարի առաջ: Ձեր կարծիքով՝ արդյոք նման հանդիպումները անարդյունավետ չե՞ն, երբ դրանք չեն օգնում գոնե լարվածության աճի նվազեցմանը:

– Հանդիպումներն անհրաժեշտ են, բայց այսքան փորձ ունենալուց հետո հանդիպումներից մեծ ակնկալիքներ ունենալը տրամաբանական չէ: Մենք գիտենք, թե ինչ տրամաբանությամբ է այս հանդիպումներին գնում Ալիևը: Նա ստիպված էր հանդիպել Հայաստանի նախագահի հետ, որովհետև երկար ժամանակ նրան ճնշում էին, որովհետև մինչ օրս հրաժարվում է կատարել Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները, հրաժարվում է հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով: Ալիևն ուզում է փարատել իրավիճակը, ուզում է ցույց տալ, որ իբրև թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններին և մտածում է, որ պատրանքային հանդիպումների միջոցով հարցը կարգավորում է, բայց ամեն անգամ ձեռքբերված անգամ փոքր պայմանավորվածությունները կարճ կյանք են ունենում: Հանդիպման ժամանակ համաձայնում են, վերադառնում է Բաքու՝ հրաժարվում է, կարծես ոչինչ չի էլ եղել: Հերթական անգամ մենք ականատես ենք լինում դրան: Հուսադրող հայտարարությունները՝ լարվածությունը դադարեցնելու հետ կապված, լարվածությունը ոչ միայն չդադարեց, այլև՝ զոհ ունեցանք: Ադրբեջանը դարձել է անբանակցելի կողմ և մենք պետք է հստակ ներկայացնենք այս հանգամանքը ԵԱՀԿ Մինսկի խմբին:

– Այդ դեպքում ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից, որևէ լուծում տեսնո՞ւմ եք:

– Այո՛, մենք առաջարկում ենք, որ Հայաստանը միակողմանի կատարի Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները: Ելնելով ստեղծված իրավիճակից` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է նախաձեռնեն, որ Հայաստանը հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմները տեղադրի իր կողմում: Ադրբեջանն ի՞նչ է անելու՝ պետք է ասի գնդակոծելու եմ, չեմ թողնելու մեխանիզմները տեղադրե՞ք: Եթե նման բան անեն, ավելի ակնհայտ կդառնա, որ ապակառուցողական բնույթի են: Կողմերը Վիեննայում պայմանավորվել են մեխանիզմներ տեղադրել՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու համար: Ադրբեջանի պատճառով այս մեխանիզմները չեն տեղադրում, ուրեմն՝ դրանք պետք է դնել այնտեղ, որտեղ հնարավոր է, տեղադրել հայկական կողմում, որը պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները: Այնպես չէ, որ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն Ադրբեջանի բարեհաճությամբ: Եթե հայկական կողմում տեղադրվեն սարքեր, ապա սա կարող է լինել զսպող մի հանգամանք Ադրբեջանի համար: Եթե Հայաստանը բարձր մակարդակով առաջ տանի այս գործընթացը, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմները դնենք մեր կողմում, միջազգային հանրության համար ավելի պարզ կդառնա, թե ով է խախտում հրադադարը: Առնվազն այն խոսակցությունները թե ով խախտեց, երբ օնլայն ռեժիմով ֆիքսվելու է, թե ով է սկսել խախտել հրադադարը, շատ հստակ է լինելու:

– Ձեր կարծիքով միջազգային հանրությունը հիմա չգիտի՞, թե ով է խախտում հրադադարը:

– Բոլորը գիտեն, թե ով է խախտում հրադադարը, բայց քանի որ վավերագրական փաստագրում չի կատարվում, Ադրբեջանը միշտ շահարկումներ է անում, փորձում է տեղի ունեցածը բարդել մեզ վրա: Պարզ է, որ հայկական կողմերի համար շահավետ չէ սահմանային լարվածությունը: Այդ Ադրբեջանն է, որ ամեն տեղ թմբկահարում է, որ Արցախի ներկայիս ստատուս քվոն իրենց համար անընդունելի է, ուստի իրենք են շահագրգռված անընդհատ բախումների մեջ, որովհետև ուզում են հարցը օրակարգում պահել: Չի կարող հարցը կարգավորվել, եթե չկան բանակցություններ: Բայց բանակցություններ չեն կարող լինել, եթե պայմանավորվածությունները հաջորդ պահին խախտվում են:

– Չունե՞ք տպավորություն, որ հայկական կողմի համար Վիեննայի պայմանավորվածությունները երկրորդական են դարձել: Քաղաքագետները նկատում են, որ դեռ նախագահների հանդիպմանը նախորդող ԱԳ նախարարներից հանդիպումից ի վեր Վիեննայի պայմանավորվածությունների ձեռքբերման մասին չի խոսվում: Նրանք ասում են, որ հայկական կողմը, հավանաբար, ևս մոռացության է մատնել այս հարցը:

– Մի փաստից նման եզրակացություններ պետք չէ անել: Եթե որևէ համաձայնություն ձեռք է բերվում, դրա մասին հաջորդ հանդիպումներում չի խոսվում, չի նշանակում, որ մոռացել են: Դա անտրամաբանական եզրակացություն է: Եթե այդպես նայենք, ուրեմն բոլոր հանդիպումներից հետո պետք է հիշատակվեն այն բոլոր փաստաթղթերը, որոնք մինչև հիմա համաձայնեցվել են: Բայց այս հանդիպումը չի ունեցել այդ նպատակը, այս հանդիպման նպատակն այն է եղել, որ սահմանային իրադարձությունները բացառվեն: Վստահ եմ, որ ներկայումս պետք է շատ ավելի խիստ դրվի համաձայնությունների կատարման հարցը: Դրանք պետք է կատարվեն այն կողմի միջոցով, որը պատրաստ է կատարել դրանք, հայկական կողմը պատրաստ է տեղադրել այդ մեխանիզմները: Թող ադրբեջանական կողմը փորձի խոչընդոտել այդ գործընթացը ու դրանից վերջնականապես պարզ կդառնա, որ ուզո՞ւմ են խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը, թե՞ ուզում են նստել Բաքվում, սպասել, թե երբ է այն լուծվելու իրենց ցանկացած եղանակով:

– Արցախից հանդիպման վերաբերյալ հետաքրքիր կարծիքներ են հնչել: ԼՂ իշխող մեծամասնության «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն, օրինակ, Tert.am-ին ասել է, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանին ոչ թե որպես հակամարտող կողմ, այլ որպես պատերազմող կողմ: Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է նման առաջարկ հնչեցնել, Ձեր կարծիքով, հասունացե՞լ է այդ պահը:

– Այն հանդիպումները, որոնք հիմա տեղի են ունենում, ընդամենը հանդիպումներ են, դրանք չի կարելի կոչել բանակցություններ: Հասկանալի է, որ չի կարող բանակցություն համարվել մի հանդիպում, որտեղ ներկա չեն հակամարտության բոլոր կողմերը: Աշխարհում չկա մի հակամարտություն, որը լուծվել է առանց հակամարտող կողմերի ներգրավման: Բանը չի հասել բանակցություններին: Հասկացեք, այնպես չէ, որ բանակցություններ կան ու Ղարաբաղը ներգրավված չէ։ Ոչ, բանակցություններ չկան, քանի որ նաև Ղարաբաղը չկա, բանակցություններ չկան, քանի որ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, բանակցելու կամք չունի: Մենք պետք է պահանջենք, որ Ադրբեջանին վերադարձնեն բանակցային սեղան, իսկ դրա համար հարկավոր է, որ դադարեն սահմանային կրակոցները: Եթե դա տեղի չի ունենում, չկան նաև բանակցություններ, կան հանդիպումներ, որոնք Ադրբեջանը փորձ է անում ներկայացնել իբրև բանակցություն: Այս աբսուրդից պետք է դուրս գանք:

Տպել Տպել