Համանախագահները պետք է հստակ գնահատական տան Ադրբեջանի աննորմալ պահվածքին

Ես չեմ կարող ընդունել մոտեցումը, որ եթե դիմացինդ անբանակցելի է, դու էլ պետք է միջազգային հանրությանը դեմ դուրս գաս ու նույն պահվածքը որդեգրես։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին,թ ե արդյոք Հայաստանը միամիտի տպավորություն չի թողնում՝ գնալով հանդիպման այն դեպքում, երբ այդ հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է ոչ կառուցողականության մեջ, Ռուստամյանն արձագանքեց. «Ինչու պետք է նույնը կրկնենք, ինչ անում է Ադրբեջանը: Մենք հանդիպումներից չպետք է խուսափենք։ Հանդիպումներն, այդուամենայնիվ, անհրաժեշտ են, որովհետեւ դրա չլինելն ու այլընտրանքը լայնամասշտաբ պատերազմն է, որին մենք պետք է պատրաստ լինենք: Մեկը մյուսին չի խանգարում: Պատրաստ լինելով պատերազմի, պետք է գնալ բանակցությունների: Սա է հակամարտությունների լուծման կարգն ու ձեւը»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ նման ելքով հանդիպումներից հետո, երբ հակառակորդ կողմը ակտիվացել է սահմանին ու լարվածությունն աճել է, Մինսկի խմբի համանախագահները պետք է եզրակացություն անեն ու ապահովեն խաղաղ բանակցություններ, ինչը մինչեւ հիմա նրանց չի հաջողվել. «Այդ հանդիպումները չի կարելի նույնացնել բանակցությունների հետ: Բանակցություն է այն ժամանակ, երբ հակամարտության կողմերը ներկայացված լինեն սեղանի շուրջ։ Իսկ այսետղ գիտենք, որ Ղարաբաղը սեղանի շուրջ չկա։ Էլ ուր մնաց Ադրբեջանը պահանջում է ինչ-որ սուբստանտիվ բանակցությունների վերաբերյալ գործընթաց սկսել։ Այսինքն՝ ինքն ընդհանրապես ձախողում է բանակցությունները, բայց խոսում է բանակցությունների մասին։ Այս աննորմալ վիճակը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա Մինսկի խմբում ու սկսեն հասցեական հայտարարություն անել, ասեն՝ այս պահվածքը աննորմալ է: Ադրբեջանը հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն է արգելափակում», – հայտարարեց Ռուստամյանը։

Նա վստահություն հայտնեց, որ այդ հանդիպմանը գնալով հայկական կողմը ոչ մի պայմանավորվածությունից հետ չի նահանջել. «Այդ տեսակետը ունեն Մամեդյարովն ու Ալիեւը»:

news.am

Տպել Տպել