Հայաստանը պատրաստված կամավորական ջոկատների կարիք ունի

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստված կամավորական ջոկատների կարիք ունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք չունենք փորձառու, պատրաստված կամավորական ջոկատներ: Այս ջոկատներն առաջին իսկ հրահանգի դեպքում պետք է օժանդակեն բանակին: Պետք է ունենանք կամավորական վաշտեր, պատերազմի դեպքում առաջին օգնության հասնելու համար: ՀՅԴ-ն այս նախագծին կողմ է քվեարկելու եւ պատրաստ ենք համագործակցել»,-ասաց նա:

Ռոմիկ Մանուկյանը նաեւ նշեց, որ առաջնագծում զոհեր ունենալու հիմնական հանգամանքներից է երիտասարդ զինծառայողների անփորձությունը. «Շատ լավ կետ է նաեւ առաջնագիծը ժամկետային զինծառայողներից ազատելն ու պայմանագրային զինծառայողներով փոխարինելը: Մենք հիմնականում զոհեր ունենում ենք մեր երիտասարդների անփորձության պատճառով»:

Տպել Տպել