Ներդրումային ծրագրերի միջոցով շատ հարցեր ենք կարողացել լուծել

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Շիրակի մարզի խոշորացված` Ախուրյան համայնքում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 6 թեկնածու:


Շիրակի մարզի այս համայնքում միավորվել է 8 համայնք, ներառյալ` Ախուրյանը: Կոչվում է հենց խոշոր համայնքի անունով, և համայնքապետարանն էլ լինելու է Ախուրյանում:

Yerkir.am-ը զրուցել է համայնքապետի թեկնածուներից ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանի հետ: Նա գործող համայնքապետն է և մի շարք պարգևներ է ստացել, այդ թվում` նաև պետական: Նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, նաև` տարածքային կառավարման նախարարի և վարչապետի հուշամեդալներով, իսկ 2015-ին Եվրախորհրդի կողմից ստացել է Տեղական ինքնակառավարման առաջատարի մրցանակ` թափանցիկ աշխատանքների համար:

Ախուրյանի համայնքապետի թեկնածու Արծրուն Իգիթյան

Իգիթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն է որոշել առաջադրվել, իսկ իր կուսակցությունը` ՀՅԴ-ն, աջակցում է իրեն: Ըստ նրա` կիսատ թողած շատ գործեր ունի, որ պետք է ավարտին հասցնի, և վստահ է, որ հենց ինքն է ընտրվելու խոշորացված այս համայնքի համայնքապետ:

Խոսելով համայնքի խնդիրների մասին` Իգիթյանը նշեց, որ գատնիք չէ` մարզերում խնդիրները շատ են: «Հանրապետության ամենամեծ և ամենաբարդ համայնքներից մեկն է Ախուրյանը: Բնական է` մեկ կամ երկու տարվա մեջ բոլոր խնդիրների լուծումը հնարավոր չէ: Մենք ներդրումային ծրագրերի միջոցով շատ հարցեր ենք կարողացել լուծել»,- ասաց նա:

Ըստ Իգիթյանի` համայնքի հիմնական ու առաջնահերթ խնդիրը ճանապարհների ասֆալտապատումն է: «Անցած տարի ես կարողացել եմ ասֆալտապատ ճանապարհներն ավելացնել և գյուղամիջյան ճանապարհները գոնե խճապատել, հարթեցնել»,- ասաց նա, ապա հավելեց, որ ունեն նաև բազմահարկ բնակելի շենքերի կտուրների վերանորոգման, մուտքերի, մշակույթի տան ջեռուցման, վերանորոգման խնդիրներ:

Իգիթյանը հայտնեց նաև, որ իրենց համայնքն ունի երկու մանկապարտեզ, սպորտդպրոց` երկու մարզադահլիճով, արվեստի դպրոց` երկու բաժիններով` երաժշտական և նկարչական, կա լավ գրադարան` 70 հազար կտոր գրականությամբ: «Մեր մանկապարտեզներից մեկը երկու տարի անընդմեջ նախագահի մրցանակին է արժանացել` որպես լավագույն նախադպրոցական հաստատություն»,- տեղեկացրեց համայնքապետը:

Բացի այդ` Ախուրյանը ճանաչվել է հանրապետության լավագույն գյուղական համայնք, ինչպես նաև մարզի լավագույն համայնք:

Հետաքրքրվեցինք` արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են` արժանանալու վարչապետի նշած «չեմպիոն համայնք» կոչմանը, քանի որ նման համայնքներին լրացուցիչ գումար է տրամադրվելու: Իգիթյանն արձագանքեց. «Վարչապետի մոտ ընդունելության եղել եմ: Հիմա մենք փորձում ենք ավելի արդյունավետ ծրագրեր ներկայացնել: Արդեն երեք ծրագիր ներկայացրել ենք` խոշորացված համայնքների տարբերակով»:

Նրա խոսքով` արդեն տարվա սկզբին տեղական բյուջեի` իրենց սեփական եկամուտները ավելացրել են մոտ 30%-ով: «Տարիներ շարունակ մենք ունեցել ենք տեղական բյուջեի 100 տոկոս կատարողական: Բնական է` պետությունն էլ իր դոտացիան է տվել, պարտաճանաչ ժամանակացույցով վճարել է, մենք էլ կարողացել ենք մեր պարտականությունները կատարել և սեփական եկամուտները նույնպես 100 տոկոսի հասցնել»,- հայտնեց Իգիթյանը:

Նա հույս հայտնեց, որ մեծ առավելությամբ կհաղթի ու իր կիսատ գործերն ավարտին կհասցնի: Ըստ Իգիթյանի`իրեն սատարում է նաև Հանրապետական կուսակցությունը: «Երկու կուսակցությունները համատեղ որոշում են կայացրել, որ մեր տարածքում պաշտպանելու են իմ թեկնածությունը: Բասեն համայնքի համայնքապետն էլ է ինքնաառաջադրվել ՀՀԿ-ից, բայց ինձ են սատարում»,- ասաց նա:

Տպել Տպել