Ում էր ձեռնտու Խոսրովի արգելոցում հրդեհը

«Մեզնից պահանջվող տեղեկատվությունը մենք տրամադրել ենք, գործը նորմալ ընթացքով ընթանում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն`անդրադառնալով Խոսրովի արգելոցում հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին:

Նախարարը հերքում է լուրերը, որ հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ իր եւ արտակարգ իրավիճակների նախարարի կարծիքները չեն համընկնում: Նա պնդում է`հրդեհի պատճառը չի կարող լինել բնական երեւույթ, քանի որ հրդեհը կայծակի, ամպրոպի արդյունք չէ:

Հարցին ի պատասխան` ո՞ւմ է ձեռնտու, որ այդ տարածքն ազատվի բուսականությունից, Արծվիկ Մինասյանը հորդորեց` «սուրճի բաժակ չնայել»: Ասում է` բազմաթիվ հնարավոր սցենարներ կարող են լինել, որոնք կարող են քննվել քրեական մարմնում` որպես տարբեր վարկածներ: Արծվիկ Մինասյանը չի կիսում տեսակետը, որ արգելոցի հրդեհված հատվածը կարող է հանվել արգելոցի տարածքից: Պնդում է` խնդիր կա Խոսրովի արգելոցի տարածքն ավելացնելու, նոր արգելավայրեր, բուֆերային գոտիներ ձեւավորելու, իսկ կենսաբազմազանության պահպանության տեսակետից կան գիտականորեն հիմնավորված հիմքեր եւ չի կարող որևէ տարածք մեխանիկորեն առանձնացվել, այլ տարածք մտցվել:

Նախարարն ասում է, որ արգելոցում կան տարածքներ, որտեղ մարդիկ տներ, գերեզմանոցներ ունեն. խնդիրը պետք է լուծվի, որպեսզի թուլացվի մարդկային գործոնի ազդեցությունը արգելոցի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

Առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն

Տպել Տպել