Սահմանամերձ համայնքներն առավել խոշորածավալ օժանդակություն են ստանում

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ իր նախարարության բյուջետային ծախսերը բավականին պարզ են 2018 թվականի համար: «Համայնքներին տրամադրելու ենք բյուջեի եկամուտների 4%-ը: Նախարարության ծրագրերից խոշորը «Աճի բևեռներ» քաղաքների զարգացման ծրագրերն են, որոնք սկսված են Գյումրիում և Ջերմուկում: Ծրագրի նպատակն է ունենալ քաղաք, որը գրավիչ է»,- ասաց նախարարը:

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք այցելել են 27 շրջան, ծանոթացել խնդիրներին: Ըստ նրա` խոշորացված համայնքներն էլ մասնատվում են: Պատգամավորը հետաքրքրվեց նախարարից` արդյո՞ք հնարավոր է, որ մի քանի տարի հետո կրկին գնան այդ փնջերի խոշորացմանը:

Մելքումյանի հաջորդ հարցը վերաբերում էր մարզպետարանի ինստիտուտին, նա հետաքրքրվեց` մարզպետերի ինստիտուտը որոշակի փոփոխության ենթարկվելո՞ւ է, թե՞ ոչ:

Պատգամավորը նաև անդրադարձավ սահմանամերձ գյուղերին տրված արտոնություններին և հարցրեց` դրանք ավելացվելո՞ւ են, թե՞ ոչ:

Նախարարը պատասխանեց, որ խոշորացման պրոցեսի հիմքում դրված են բազմաթիվ պարամետրեր` մարդկային կապիտալի ավելացում, ֆինանսական ռեսուրսների ընդհանրացում և այլն: Նա նշեց, որ արդյունքում փորձել են նաև ապրելու միջավայրի տնտեսություն վարելու նույնականացումներով առաջնորդվել, և հնարավոր է` որոշ տեղերում սխալված լինեն: «Հնարավոր է, որ ԱԺ բերենք օրինագիծ համայնքների ավելի խոշորացման համար»,- ասաց Լոքյանը:

Նա ասաց, որ փաստ է` պետք է ունենանք տարածքային կառավարում: «Չափելի պայմաններ են դրված ռեգիոնալ իշխանության վրա, մենք մարզպետարաններ պետք է ունենանք: ՀՀ-ում տվյալ տարածքում ցանկացած պրոբլեմի համար մարզպետին ենք դիմում ու պատասխան պահանջում, բայց իրենց քիչ գործառույթներ ենք տվել»,- ասաց նա:

Լոքյանը հավելեց, որ կառավարություն է ներկայացվել հայեցակարգը, թե ինչպիսի ռեգիոնալ կառավարում կունենանք: Նա նշեց, որ մարզպետարաններին հայեցակարգով տալու են տնտեսական զարգացման պարտավորությունները` ամբողջությամբ, ունենալու են հիմնադրամ, որի մեջ լինելու է զարգացման վարչությունը՝ ՓՄՁ-ի մարզային ստրուկտուրաները, որոնք ուղղակիորեն կենթարկվեն մարզպետերին:

Նախարարի խոսքով՝ մարզպետերի մյուս լիազորությունները, որ այսօր ունեն՝ կրթություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն, պահպանվում են, բայց նպաստների խնդիրը, օրինակ, կտեղափոխեն խոշորացված համայնքներ: Ներհամայնքային ճանապարհները ևս կտրվեն խոշորացված համայնքներին, անասնապահությունը` նույնպես: Իսկ կրթական համակարգի, օրինակ` շենքերի պահպանման հարցը կլինի համայնքի ղեկավարի լիազորությունը:

«Բացի այդ` մարզպետի կողքին ստեղծվում է մարզի խորհուրդ, որի մեջ մտնում են խոշորացված համայնքների ղեկավարները, որ հավասար բաշխվի»,- ասաց նախարարը և նշեց, որ հայեցակարգը վերջնական չէ, առաջարկները նոր են ստանում:

Սահմանամերձ բնակավայրերի օժանդակության մեծացման վերաբերյալ էլ Լոքյանն ասաց, որ նախ այսօր ՀՀ-ում սահմանամերձ համայնքներն առավել խոշորածավալ օժանդակություն են ստանում: Նա օրինակ բերեց, որ Տավուշում 45 սահմանամերձ գյուղերում իրականացնում են տնտեսական ծրագեր՝ ինտենսիվ այգիներ, կաթիլային համակարգով, գյուղական տուրիզմի ծրագիր՝ դրամաշնոհների հաշվին ևս:

«Հիմա մեծացնել այս օժանդակությունը՝ լավ բան է, բայց միջոցների սուղ լինելը և ճիշտ ուղղություն տալը կարծում եմ ավելի անհրաժեշտ է:Մենք տվեցինք հարկային արտոնություններ և երբ տեսնում ենք` ինչ ենք ստացել. նոր աշխատատեղ, ձեռնարկություն չունենք: Հիմա պետք է մտածել, թե ինչպես փոխենք: Չեմ կարող չհամաձայնել, որ շատ փող պետք է սահմանամերձներին տանք, բայց ավելի լավ է գործիքները ճիշտ մշակենք, տանք, քանի որ մյուս դեպքում աղքատությունը չի նվազում»,-ասաց նա:

Տպել Տպել