ՀՅԴ նվիրատվությամբ գյումրեցի ևս մեկ ընտանիք բնակարան ունեցավ

«Գյումրին առանց տնակների» նախաձեռնության հերթական ձեռնարկներից մեկը հաջողությամբ պսակվեց և «Մեկ կուսակցություն, մեկ բնակարան» ծրագրի շրջանակներում, ՀՅԴ կուսակցության նվիրատվությամբ նոյեմբերի 2-ին բնակարանամուտ տոնեց Երանոսյանների յոթ անձից բաղկացած ընտանիքը:

Երանոսյանների հետ ուրախությունը կիսելու էին եկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, այլ հյուրեր:

Բնակարանի ժապավենը կտրելու պատիվը Շիրակի թեմի առաջնորդ, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպս․ Աջապահյանը ու Երանոսյանների ընտանիքի բալիկներից մեկինն էր:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհավորեց նորամուտ տոնող ընտանիքին, լրագրողների հետ զրույցում էլ նշեց. «Այսօրինակ քայլերը ես ողջունում եմ, երկրաշարժից հետո պետական բնակարանաշինական բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բայց պետության միջոցները, ցավոք, բավարար չեն, որ բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը կարգավորի: Դրա համար քաղաքական կուսակցությունների, անհատների, գործարարների, հասարակական կազմակերպությունների կողմից այսպիսի ներդրումները միայն ողջունելի ու գնահատելի են: Անկեղծ ասած ես ամենից շատ ուրախացա Երանոսյանների ընտանիքի երեխաների համար, քանի որ նրանք իրենց գլխին ծածկ ունեն արդեն և մի փոքր ավելի անհոգ մանկություն կունենան»:

shirak.mtad.am

Տպել Տպել