Վերահսկիչ պալատի փոխնախագահը` ստուգումների մասին

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանը Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը, ներկայացնելով նախատեսված ծախսերը, ասաց, որ ՎՊ-ին բյուջեի նախագծով կհատկացվի 1մլրդ 79 մլն դրամ, եւս 2 տոկոս էլ՝ պահուստային ֆոնդից:

Արա Նռանյանի խոսքով` ՎՊ-ն շենքային պայմանների խնդիր ունի, եւ ըստ այդմ տարածքի ավելացման համար հատկացվել է գումար. «Ամեն անգամ առիթը օգտագործում ենք եւ ասում, որ եզակի պետական մարմինն է, որ առանձին շինություն չունի, աշխատակազմի մի մասը ԱԺ-ում հատկացված շենքում է, մյուսների համար վարձակալում են տարածք: Աշխատանքային պայմանների բարելավման համար ունենք ավելացում վարձակալության մասով` 6 մլն դրամի, որը բերելու է կոմունալ վարձերի ավելացմանը»: Ըստ նրա` 15,6 մլն-ի չափով գումար էլ գույքի ձեռքբերմանն է ուղղվելու:

Քննարկման ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Վերահսկիչ պալատի գործունեության մասին զրուցեց Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանի հետ:

-Պարո՛ն Նռանյան, նախընտրական եւ հետընտրական շրջանում Վերահսկիչ պալատը պասիվ է, ինչո՞ւ:

-Վերահսկիչ պալատի գործունեությունը որեւէ ձեւով պայմանավորված չէ ընտրություններով, դա ոչ թե պասիվություն է, այլ պարզապես մեր գործունեության առանձնահատկությունն է, որովհետեւ երբ Ազգային ժողովը հաստատում է Վերահսկիչ պալատի ծրագիրը, մենք պետք է ունենանք ժամանակ՝ այդ աշխատանքը իրականացնելու համար: Հիմա կարող է՝ թվացյալ, թյուր կարծիք ձեւավորվի, որ Վերահսկիչ պալատը ակտիվ չէ, պարզապես մենք հիմա վերահսկողություններն ենք իրականացնում եւ այդ նյութերը հրապարակում ենք հաշվետվությունները պատրաստ լինելու ժամանակ: Հետեւաբար, եթե մենք չենք ավարտել այդ վերահսկողությունը, հետեւաբար նյութերը չենք հրապարակում: Ինչ վերաբերում է այդ ժամկետներին այդ ամենը ինչը ներկայացնելուն, ապա այդ ամենը կարգավորված է օրենքներով, եւ մինչեւ տարվա վերջ մենք կսկսենք արդեն այդ ավարտական գործընթացը, կսկսենք հրապարակել հաշվետվություները եւ գարնանը նոր կներկայացնենք մեր ամփոփ ամբողջական հաշվետվությունը: Այսինքն՝ ժամկետները միշտ գործում են, իսկ քանի որ դրանք ենթադրում են ե՛ւ հրապարակային փուլ, ե՛ւ ոչ հրապարակային փուլ, կարծիք է ձեւավորվում, որ Վերահսկիչ պալատի՝ ինչ-որ առանձին ամիսներին աշխատանքային գործունեությունը ակտիվ չէ: Հենց հիմա կարող է որեւէ մեկը չի տեսնում, բայց բոլոր վարչությունները ծանրաբեռնված աշխատում են:

-Տեղեկություններ կան, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարարությունում, առողջապահության նախարարությունում, եւ աղմկալի չարաշահումներ եք հայտնաբերել, կա՞ նման բան, եւ հատկապես ինչ չարաշահումների մասին է խոսքը:

-Վերահսկողությունը բացված է, աշխատանքը իրականացվում է, եւ օրենքը արգելում է մեզ, որ հայտարարություն անենք մինչեւ հաշվետվության պատրաստ լինելը: Մենք կկազմենք արձանագրությունները, կներկայացնենք վերահսկողության ենթակա օբյեկտների ղեկավարներին, իրենց հետ համատեղ կքննարկենք, կտեսնենք իրենց առարկությունները, այնուհետեւ խորհրդի կողմից կհաստատենք ընթացիկ հաշվետվությունը եւ դրանից հետո նոր կարող ենք մեկնաբանել: Մինչեւ աշխատանքները չավարտվեն, մենք որեւէ բան մեկնաբանելու իրավունք չունենք:

-Այսինքն՝ այնտեղ ստուգումներ եղե՞լ են, ու կա՞ն որոշակի արձանագրություններ՝ խախտումների մասով:

-Կարող եմ ասել միայն, որ ստուգումներ ոչ թե եղել են, այլ նաեւ շարունակվում են:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տպել Տպել