Ինձ անհանգստացնում է աղքատության ցուցիչով ներգրավվածությունը ԲՈւՀ-երում

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2018 թվականին բյուջեի նախագծով կրթության համար նախատեսված է 127 մլրդ դրամ, ինչը այս տարվա բյուջեից 0,6 մլրդ դրամով պակաս է: 37 ծրագիր է նախատեսված իրականացնել:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ 600 միլիոնի կրճատումը չի անդրադառնում կրթության բովանդակության և որակի վրա: Նախարարի խոսքով` գումարների կրճատումը տեխնիկական ոլորտում է տեղի ունենում: «Հանրակրթության ոլորտում, օրինակ, ունենք 4 պահակ, եթե մենք կրճատենք մեկ ու կես հաստիք, կստանանք երկու միլիարդի չափով գումար»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով` դպրոցում ցերեկային պահակի կարիք չկա, և մամուլում էլ նշված` 5000 կրճատումները չկան, խոսքը նման կրճատումների մասին է:

Նա նաև նշեց, որ ունենք 67 համալսարան և շուրջ 87 հազար ուսանողություն: «87-90 հազար ուսանողություն սովորում է ոչ ավելի քան 15 համալսարանում: Միջազգային բանկից լրացուցիչ դրամաշնորհ ենք վերցրել այս խնդիրը լուծելու համար»,- հայտնեց նախարարը:

Մկրտչյանի խոսքով` հիմա այստեղ աշխատում է շատ լուրջ թիմ: «Փորձում ենք գտնել մի երկիր, որի փորձը կկիրառենք, որպեսզի ունենանք ուսանողների թվի աճ` ինստիտուցիոնալ լուծումներով»,- ասաց նա, ապա հավելեց. «Լուրջ չէ մասնավոր սեկտորում ունենալ 30 ԲՈւՀ և 12 հազար ուսանող»:

ՀՀԿ պատգամավորոր Կարեն Ավագյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչու չեն կրթաթոշակների չափը փոխում:

«Ամեն ինչ փոխվում է, բայց կրթաթոշակաները տարիներ շարունակ նույն են, մտածում էի այս անգամ փոփոխություն կլիներ»,-ասաց նա:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, արդյո՞ք մտադիր չեն պետպատվերի սկզբունքը փոխել: Նախարարը նշեց, որ պետք է պետպատվերի տարամբանությունը հիմնովին փոխվի և պետպատվերը կրթաթոշակային հիմնադրամով փոխարինվի:

«Ինձ անհանգսացնում է աղքատրության ցուցիչով ներագրավվածությունը ԲՈւՀ-երում, 30% աղքատություն և 7% բուհերի ներգրավվածություն: Հիմա կրթաթոշակային հիմնադրամի կեսը կլինի սոցիալական, և հնարավորություն կլինի ճիշտ քաղաքականություն վարել: Երբ տեղադրվի անվճարի չափը՝ արդեն կկարողանանք ուղղորդել նաև դիմումատուին դեպի քիմիա, կենսաբանություն, որտեղ պետությունը մասնագետի կարիք կունենա»,-ասաց նախարարը և հավելեց, որ հիմնադրամի հատկացման կեսը կլինի սոցիալական, զգալի մասն առաջադիմության համար, նաև նպատակային ուղղորդում կլինի:

Մկրտչյանի խոսքով՝ կրթաթոշակային այս ձևն աշխարհում ընդունված է և նախապես կդիմեն հիմնադրամին, և հետո արդեն կորոշվի ստանում է, թե ոչ: Նախարարը համաձայնվեց, որ այդ հինգ հազարները կրթաթոշակի ոչինչ չեն տալիս և կրթաթոշակն իր ծավալներով կենտրոնացնելով այդ հարցերին լուծում կտան: Թե ինչու 2018թ-ի բյուջեով դա արդեն չեն արել, նախարարը բացատրեց, որովհետև սպասում են զինապարտության օրենքը անցնի, տարեկտումը առաձնացնեն պետպատվերից և նոր միայն գումարներ հատկացնեն և համակարգ ներդնեն:

ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարեն: «Այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահպանել են, դրանցում գիտության որակի պիկ կա»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով տարկետման իրավունքը հանելուն ուղղված` ՊՆ առաջարկած նախագծին։

Հարցին` արդյո՞ք դա հարված չի լինի պաշտոնյաների որդիներին, նախարարը պատասխանեց. «Թող ծառայեն։ Պաշտոնյաները թող ծառայեն»։

Դիտարկմանը` այդ դեպքում էլ պաշտոնյաների որդիները չեն զորակոչվի առողջական խնդիրների պատճառով, Լևոն Մկրտչյանն արձագանքեց. «Դա ձեր խնդիրն է, ուշադիր հետևեք, թող գնան և ծառայեն»։

Նախարարը նաև նշեց, որ տարկետման իրավունքի վերացումը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: «Մենք նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը՝ սոցիալական արդարությունը պահելով։ Բոլորի համար գործում է մեկ օրենք»,- ասաց նա։

Լևոն Մկրտչյանն հայտնեց, որ ՀՀ ԿԳ նախարարության աշխատանքային խումբն ուսումնասիրել է Շիրակի համալսարանում տիրող իրավիճակը, աուդիտ անցկացրել ու արդյունքներն ուղարկել համալսարան։

«Համալսարանը դրանց կծանոթանա, որից հետո կտա իր եզրակացությունները։ Դրանից հետո արդեն ես հարցը կներկայացնեմ համալսարանի խորհրդում»,- ասաց նախարարը:

Հարցին` արդյո՞ք համալսարանում տիրող իրավիճակը ՀՀԿ-ական ռեկտորի ամենաթողության արդյունքը չէ, նախարարը պատասխանեց, որ իրենց կողմից բացահայտված խնդիրները մոտ 10 տարվա վաղեմության էին։ «Այդ համալսարանում որևէ դասախոս վերջին 7-8 տարվա ընթացքում չի ընդունվել, 6 ամսով է նշանակվել, այսինքն` նրանց հետ պայմանագիր է ստորագրված եղել։ Այնպիսի խնդիրներ կան, որոնք ավելի խորքային են, օրինակ` գրադարանի խնդիրը։ Երևի ավելի լուրջ արմատական բարեփոխումների կարիք կա»,- նշեց Մկրտչյանը։

«Եթե ուզում ենք ունենալ ատոմակայանը պահպանող, միջուկային ֆիզիկան զարգացնող երկիր, ապա իրավունք չունենք մեր բակալավրիատական կրթության 70 տոկոսը պահել հումանիտար տիրույթում»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

«Եթե բարձրագույն կրթությունը չենք կարգավորում, բարձրագույն կրթությունից դեպի գիտություն կապը չենք տալիս, հույս ունենալ լուրջ խնդիրներ լուծելու չենք կարող: Պետք է հասկանանք, թե գիտության որ ուղղություններն են մեզ համար առաջնային, այստեղից էլ պետք է հասկանալ՝ ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան: Գյումրիում մենք ունենք 4000 հազար ուսանող, որոնցից 2000-ը սովորում են մանկավարժական համալասարանում, այնտեղի մնացած 5 հաստատություններից 3-ը մի շենքի մեջ են տեղակայված՝ ամեն տեղ կա 100 ուսանող»,-ասաց նա:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ համալսարանի ներսում ակադեմիական ազատությունները պետք է լիարժեք աշխատեն. «Համալսարանի ներսում պետք է ֆեոդալական կառուցվածքը փոխել»:

Տպել Տպել