Իսրայելի հայ համայնքը կարևորում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը

Իսրայելի հայ համայնքը կարևորում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, վերջին շրջանում այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ է նկատվում: «Վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստան-Իսրայել հարաբերություններում էական արդյունքներ չեն նկատվել: Այժմ տեսնում ենք որոշակի տեղաշարժ, և հույս ունենք, որ այս քայլերը մեկնարկային հարթակ կլինեն երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,-ասաց Հակոբ Սևանը:

Նա նկատեց, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա տնտեսության ոլորտում: Մասնավորապես, կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել գյուղատնտեսության, առողջապահության ոլորտները: «Այսօր երկու երկրների տնտեսական համագործակցության մակարդակը շատ ցածր է: Իսրայելի շուկաներում հազվադեպ կարող ենք գտնել հայկական ապրանքներ, այն էլ որոշ տեղերում միայն գինի: Այնինչ, կարելի էր այդ բացը լրացնել: Հայ համայնքը կողմնակից է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձր լինի»,-ասաց Հակոբ Սևանը: Տնտեսական հարաբերություններում լավատեսական շեշտադրումներին զուգահեռ, Հակոբ Սևանն իր մտահոգությունը հայտնեց քաղաքական դաշտում առկա իրավիճակի մասին: Նրա կարծիքով, այս հարթակում դեռ երկու երկրների հարաբերությունները կմնան նույնը: Էական փոփոխություն չի լինի: «Գիտենք, որ Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին, որը հակահայ քաղաքականություն է վարում: Մյուս կողմից էլ ունենք Հայոց ցեղասպանության չճանաչումը:

Չի բացառվում, որ Հայաստանի հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը լինեն Թուրքիայի հետ ոչ այնքան լավ հարաբերություններ ունենալու համատեքստում: Գաղտնիք չէ, որ այսօր Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները նախկինի նման չեն»,-կարծիք հայտնեց Հակոբ Սևանը: Ամեն դեպքում նա կարևոր համարեց վերջին շրջանի այցելությունները՝ հույս հայտնելով, որ տեսանելի ապագայում կտան իրենց արդյունքները:

Տպել Տպել