Արծվիկ Մինասյանը` վարչապետի հետ իր հարաբերությունների մասին

Մամուլում մեծ թվով հրապարակումներ կան բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի լարված հարաբերությունների մասին:

Aravot.am-ը Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ ճի՞շտ է, որ ձեր հարաբերությունները չափազանց սրված են, այն աստիճան, որ անգամ պաշտոնական հանդիպումներից դուրս վարչապետը Ձեր հետ չի շփվում, Ձեզ չի բարեւում:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Զարմանալի է, որտեղից են մեր մամուլի միջոցները վերցնում նման «վստահելի աղբյուրից» ինֆորմացիաներ: Ես կարծում եմ առնվազն անպարկեշտ է, երբ ներկայացվում է հարաբերությունները նման ձեւով՝ բարեւ տալ, չտալու մասին են խոսում եւ անգամ վերագրում ինձ բաներ, որոնք իրականության հետ բացարձակ կապ չունեն:

Կարծում եմ, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա: Որպես բնապահպանության նախարար, ինձ համար չափազանց կարեւոր է, որ մենք շրջակա միջավայրի վերաբերյալ քաղաքականությունն իրականացնենք բոլոր հնարավոր քննարկումների միջոցով, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը եւ լավագույն որոշումները կայացնենք: Բազմիցս եմ ասել, որ լուռ ու մունջ քաղաքականությունը չի կարող արդյունք տալ եւ եթե կան կոնկրետ հարցերի ուղղությամբ տարբեր տեսակետներ, որոնք հաշվի են առնվում որոշումները կայացնելիս, դա խոսում է արդյունավետ աշխատանքի մասին»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՀ վարչապետի սահմանադրական լիազորություններն են համակարգել նախարարների աշխատանքը եւ կոնկրետ հարցերով տալ հանձնարարականներ:

Մեր հարցին՝ այս դեպքում Դուք կոալիցիայի համաձայնագրով նախարար եք եւ դա Ձեզ ավելի արտոնյալ կարգավիճակում է պահում, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերությունը կաշկանդո՞ւմ է Կարեն Կարապետյանին ազատվել ձեզանից՝ որպես նախարար՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ, արտոնյալ կարգավիճակի խնդիր չկա: Ճիշտ է, որ հանրապետության նախագահն է ինձ նշանակել՝ կուսակցության առաջադրմամբ եւ գործող սահմանադրական նորմի համաձայն՝ վարչապետի առաջարկությամբ, բայց ես չեմ կարծում, որ Ձեր ասածը հրապարակային քննարկման թեմա է, որովհետեւ հենց կոալիցիայի կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ցանկացած հարց լուծվում է համապատասխան քննարկումների արդյունքում կամ միջոցով: Այնպես որ, ավելի լավ է նման լուրեր տարածողները, եթե իսկապես մտահոգ են, օգնեն մեզ՝ շրջակա միջավայրի քաղաքականությունն ավելի բարելավելու, որակական թռիչք ապահովելու եւ ապօրինությունների դեմ պայքարելու համար»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեզ համար հե՞շտ է աշխատել Կարեն Կարապետյանի հետ, համագործակցություն ստացվո՞ւմ է, ինչքանո՞վ են ճկուն ձեր հարաբերությունները՝ նախարարը պատասխանեց. «Համենայնդեպս չի եղել այնպիսի հարց կամ հարցադրում, որտեղ կտրուկ արգելքների մենք հանդիպենք»:

Մենք ճշտեցինք՝ իրականությանը չի՞ համապատասխանում այն, որ Դուք ձեր նեղ շրջապատում նաեւ հրապարակային խոսել եք Կարեն Կարապետյանին կոշտ հակադարձելու մասին՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Նման բան չկա. ինձ ճանաչողները գիտեն, որ ես սկզբունքային եմ եւ սուբորդինացիան պահելու և հարգելու կողմնակից եմ: Իմ սկզբունքայնությունն արտահայտվում է համոզումների եւ սահմանադրական նորմերի կենսագործման մեջ: Մեր նպատակն է այն նորմերը, որոնք պաշտպանել ենք Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, դարձնենք իրական կյանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տպել Տպել