Դավիթ Լոքյան. ՏԻՄ-երի բացթողումները վերացնելու դեպքում կունենանք հզոր երկիր

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի համայնքների միության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ: «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի նպատակն է Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ ձևավորել:


Համաժողովի բացման խոսքում նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորելով ներկաներին Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ, կարևորել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի ներկայությունը: «Տիկին Մոսլեր-Թյորնստրյոմի ղեկավարած թիմը, որը ժամանել է մեր երկիր, շատ ինտենսիվ աշխատում է մեր համայնքների հետ և լրջագույն մասնակցություն ունի այն բարեփոխումների ընթացքում, որն իրականացվում է մեր երկրում: Բոլորիս համար հստակ է. ՀՀ նախագահը, երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա և լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը: Մենք մեր երկրում անսահմանափակ իշխանություն ենք տվել ՏԻՄ-երին, օրենքով ոչ մի մարմին չունի այնպիսի պաշտպանվածություն, ինչպիսին ՏԻՄ-երն են: Այն Հայաստանի կայացած համակարգերից է, որը վերջին 21 տարիների ընթացքում կայունացել է, զարգացել է:

Ձևակերպել, որ մենք սրանով ավարտել ենք այն լրջագույն խնդիրները, որոնք մենք ունեինք համայնքներում՝ կարող ենք ասել ոչ: Վերջին շրջանում սկսված բարոփեխումները, ես կարծում եմ, լավագույն ուղիներից մեկն է, որն առաջիկայում համայնքներում պետք է բերի տնտեսության, ծառայությունների բարելավման»,-ասել նախարար Լոքյանը: Նրա խոսքով, շատ կարևոր է այն ճանապարհային քարտեզը, որը ստորագրվել է ԵՄ-ի, ԵԽ-ի համապատասխան կառույցների հետ, և այսօր էլ մշտադիտարկում է լինում, թե ինչպես են իրականացվում բարեփոխումները:

«Կան շատ թերություններ տեղական ինքնակառավարման համակարգում, բայց Կառավարությունը որդեգրել է բարեփոխումների մի մեծ շղթա, որը մենք իրականացնում ենք և այդ բարեփոխումների արդյունքում մեզ օգնում է ԵԽ կոնգրեսը՝ իր տարածքային և տեղական իշխանությունների համակարգի մակարդակով: Մենք այսօր ստացել ենք որոշակի օժանդակություններ կատարելու իրավական այնպիսի բարեփոխումներ, որոնք կբերեն դոտացիայի իրական նպատակաուղղմանը համայնքներին, նրա ճշգրիտ հաշվառմանը, սուբվենցիաների տրամադրման մոտիվացիայի ձևավորմանը և այլն: Մենք այսօր փոխում ենք որոշակի մասով տարածքային կառավարման ընդհանուր մոդելը Հայաստանում, այն իր մեջ պարունակում է էլեմենտներ, որը հնարավորություն է տալու որոշակի գործառույթներ փոխանցել համայնքներին: Մենք առաջիկայում ունենալու ենք ուժեղ տարածքային կառավարում, որը դառնալու է հիմնական մեխանիզմը խթանելու համայնքներում համայնքային տնտեսական ծրագրերի ընթացքը, ինչը կընդլայնի համայնքների ֆինանսական ռեսուրսները, կապահովի աշխատատեղեր»,-ասել նախարար Լոքյանը: Շարունակելով խոսքը նա նշել է, որ Տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը իր հետ բերել է նաև այդ ոլորտում հասարակական կազմակերպությունների կայացմանը, և նախարար Լոքյանը շնորհավորել է Հայաստանի համայնքների միությանը՝ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ, նկատել, որ կազմակերպությունն օգնում է բազմաթիվ հարցերում:

Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը նույնպես շնորհավորել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և Համայնքների միությանը, ներկաներին Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ, ասել, որ այցի ընթացքում արգասաբեր քննարկումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, ծանոթ է ոլորտում կատարվող բարեփոխումներին և այդ գործընթացում աջակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

«Ես տեսնում եմ, թե կենտրական և տարածքային իշխանություններն ինչպես են ջանքերը միացնում՝ ուժեղացնելու տարածքային կառավարումը, ինչը ժողովրդավարության համար շատ կարևոր է: Միայն իշխանության մեկ ճյուղը չէ, որ պետք է կառավարի երկիրը; Տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պետք է գտնվեն երկխոսության մեջ մյուս մարմինների հետ: «Հուսով ենք, որ այս համաժողովը կարևոր է երկխոսության համար: Ոչ բոլոր երկրներն են նշում տեղական ինքնակառավարման մարմինների տոնը և, այսպիսով` Հայաստանը ներկայացնում է ժողովրդավարությունը համայնքներ բերելու իր հանձնառությունը»,-ասել է Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը: Նա հավասարապես կարևորել է ՏԻՄ-երին խորհրդատվություն ներկայացնելը և ասել, որ Կոնգրեսը սերտորեն աշխատում է Հայաստանի հետ նաև այս ուղղությամբ:

Համաժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման համատեքստում ապակենտրոնացման անհրաժեշտության մասին հարցերը, Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը և հետագա քայլերը:

mtad.am

ՏԻՄ 21-ամյակի առթիվ Դավիթ Լոքյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարներ

ՀՀ ՏԻՄ համակարգի ներդրման 21- ամյակի առթիվ և Երևանում այսօր մեկնարկած «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Հայացք ապագային, ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի շրջանակում այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների: Անցած տարիներին իրականացրած աշխատանքների և ձեռքբերումների համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի շնորհակալագրերով են պարգևատրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Կարմիրգյուղ, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքների ղեկավարները:

ՀՀ վարչապետի հուշամեդալի են արժանացել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի և ՀՀ Վայոց ձորի Զառիթափ և մի շարք այլ համայնքների ղեկավարներ:

Նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է բոլորին ՏԻՄ կազմավորման 21-ամյակի և պարգևատրումների համար: Նախարարը նշել է, որ հաջորդ տարիներին ավելի բծախնդիր և հանգամանալից աշխատանք կտարվի՝ ներկայացնելու այն համայնքները, որոնք օրինակելի են ՏԻ համակարգում և լավագույն ծառայություններն են մատուցում իրենց բնակիչների համար:

Միաժամանակ տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության կողմից ավանդաբար անցկացվող «Լավագույն համայնք- 2017» մրցանակաբաշխությունը:

Ըստ անվանակարգերի 2017 թվականի մրցանակների են արժանացել՝

– «Լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը

– «Մշակութային լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքները

– «Տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք»՝ էջմիածին քաղաքը և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը

– «Մաքուր համայնք- 2017»՝ Արարատի մարզի Աշտարակ քաղաքը և Լոռու մարզի Թումանյան համայնքը:

2006 թվականից անցկացվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Համաժողովի շրջանակում ստորագրվել են նաև մի շարք հուշագրեր:

mtad.am

Տպել Տպել