Լիբանանում իրավիճակը մտահոգիչ է, բայց ոչ՝ խուճապային

Սաուդյան Արաբիա – Իրան սրվող հակամարտության հետևանքով Լիբանանում ճգնաժամ է սկսվում, որն, ըստ որոշ վերլուծությունների, վտանգներ է պարունակում տարածաշրջանի քրիստոնյաների, այդ թվում՝ հայ համայնքի համար: Շատերն անգամ Լիբանանից հայերի զանգվածային ներհոսք են կանխատեսում դեպի Հայաստան: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Panorama.am- ի հետ զրույցում նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի հերթական վերաթեժացում է։

«ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները հազիվ համեմատաբար հանդարտված՝ այժմ փորձ է արվում սուննի – շիա լարվածությունը սրել։ Այս ընդհանուր համապատկերի մեջ պետք է դիտարկել վարչապետ Հարիրիի՝ Սաուդյան Արաբիա հրավիրումը և այնտեղ հանկարծակի հրաժարականը։ Մինչ Լիբանանը հետզհետե գնում էր հանգուցալուծումների հունով, այժմ շատ են դեկլարատիվ հարթության վրա առճակատման միտվող հայտարարությունները: Այսուհանդերձ, լիբանանյան պետական բարձրագույն մակարդակների վրա տիրապետում է զգուշավորություն և սադրանքների և հրահրումների չներքաշվելու համակողմանի միտում»,- ասաց նա:

Շահան Գանտահարյանի կարծիքով՝ խուճապի մատնվելու կարիք չկա. մինչ այս պահն անվտանգության առումով որևէ զարգացում չկա, ընդհակառակը հանդարտության կոչեր են, հանգույցը խաղաղ և զուտ քաղաքական ճանապարհներով լուծելու տրամադրություններ:

Այս պահի դրությամբ, ըստ Գանտահարյանի, արտահոսքի միտումներ չեն երևում, բայց կա ընդհանուր տարածաշրջանի անհեռանկար իրավիճակ, գլոբալ առումով՝ տարածաշրջանում վերահսկելի քաոս պահպանելու աշխարհաքաղաքական միտումներ, ինչն էլ բնականաբար մարդկանց երկիրը լքելու մասին մտորելու առիթ կտա։ Իրավիճակի ձևակերպումն, ըստ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի, հետևյալն է. կա լուրջ մտահոգություն, սակայն չկա խուճապ։

«Այս պահին Լիբանանում կյանքը գնում է նորմալ սովորական հունով։ Կարծում եմ անհրաժեշտություն կա ընդհանրապես Մերձավոր արևելքի երկրների և այնտեղ ապրող հայության համար հայեցակարգի մշակման և անցանկալի իրադրությունների դեպքում պատրաստ ծրագրերի, իսկ դա անպայման պիտի համակարգվի ՀՀ համապատասխան գերատեսչությունների և միջինարևելյան երկրների համայնքների պատասխանատուների միջև` հնարավոր որևէ զարգացման դիմակայել կարողանալու համար»,- ասաց նա։

Վերահսկելի քաոս. Ի՞նչ է կատարվում Լիբանանում եւ ո՞վ է լարվածության թիկունքում


Լիբանանում կատարվածը կարելի է բնութագրել որպես վերահսկելի քաոս։ Այս մասին NEWS-am-ի հետ զրույցում ասել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով այդ երկրում վարչապետ Սաադ Ալ Հարիրիի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակը։

Շահան Գանտահարյանը վստահ է, որ Լիբանանը, բնականաբար, պիտի ազդվեր սուննի–շիա լարվածության նոր ալիքից։ «Դրա ընդհանուր շրջանակում էլ պետք է դիտարկել վարչապետ Հարիրիի հանկարծակի հրաժարականը։ Կարծում եմ, որ այս պահի դրությամբ որեւէ լուծում տեսանելի չէ, փաստորեն նաեւ հանրապետության նախագահը չի ընդունել հրաժարականը՝ ասելով, որ անհամաձայնությունների մթնոլորտ չկա, ընդհակառակը, Լիբանանին հաջողվել է ընտրել նախագահ եւ նշանակել վարչապետ, կառավարություն։ Բազմաթիվ անլույծ հարցեր իրենց հանգուցալուծումներն էին գտնում վերջապես։ Այսինքն քաղաքական հասարակական կյանքը նորմալ հունով գնում էր, երբ հնչեց այս անսպասելի հրաժարականը։ Հրաժարականի վայրը նույնպես տարատեսակ մեկնաբանությունների դուռ է բացել»,- նշել է Գանտահարյանը։

Նրա խոսքով, Լիբանանը մտել է քաղաքական առումով անորոշ փուլ։ «Բայց միաժամանակ կա քաղաքական կամքի դրսեւորում՝ չներքաշվելու այս նոր լարվածության մեջ։ Իհարկե պետք է բացասական գնահատել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի պաշտոնական հայտարարությունները, որոնք քաղաքացիներին հորդորում են չգնալ Լիբանան եւ իրենց քաղաքացիներին հետ են կանչել։ Այս պահին կյանքը նորմալ հունով գնում է։ Կան անորոշություններ, մտահոհգություններ, սակայն կա չներքաշվելու համալիբանանյան տրամադրության եւ լիբանանյան միասնականությունը պահելու ճիգեր»,- արձանագրել է Գանտահարյանը։

Անդրադառնալով տեղեկություններին, թե Հարիրիին սպառնալիքով են հարկադրել հրաժարական տալ եւ պահում են Սաուդյան Արաբիայում, Գանտահարյանն ասել է. «Էր Ռիադից այս անսպասել իհայտարարությունը կարող են տարբեր մեկնաբանությունների հիմնավորում ծառայացնել։ Վարչապետը պետք է վերադառնա նախագահի հետ հանդիպի եւ հիմնավորի իր որոշումը, որպեսզի օբյեկտիվ հիմնավորում տրվի։ Դա պետք է Լիբանանից բացատրվի, հիմնավորվի, բացատրվի, եւ դրանից հետո նոր վարչապետի նշանակման գործընթաց սկսի»։

Հարցին, թե ինչ զարգացումներ են կանխատեսվում եւ ում է էր սա ձեռնտու, նա պատասխանել է. «Եթե ընդհանուր տարածաշրջանային գլոբալ վերլուծություններ անենք, արդեն 6 տարի է՝ ամբողջ տարածաշրջանը թեժ մթնոլորտում է։ Ժամանակակից քաղաքագիտության մեջ սա բնութագրվում է վերահսկելի քաոս»,- նշել է նա։

Հարցին, թե որքանով է հավանական պատերազմը, թե հնարավոր կլինի խուսափել դրանից, Շահեն Գանտահարյանը պատասխանել է. «Դժվար է կանխատեսել։ Սահմանափակ պատերազմական գործողություններ տարածաշրջանում շարունակվում են տարածաշրջանում։ Իսկ Լիբանանում վերջին շրջանում համակողմանի համաձայնական մթնոլորտ է ձեւավորվել»։

Նշենք, որ նախօրեին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիյից հայտարարեց, թե հրաժարական է տալիս, քանի որ մտահոգված է իր կյանքի եւ անվտանգության համար։ Նա մինչ օրս չի վերադարձել հայրենիք։ Դրանից հետո Լիբանանի եւ արաբական մի քանի երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին, Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Լիբանանը։ Լիբանանի նախագահ Միշել Աւոնը նշել է, թե իրենք չեն ընդունում Հարիրիի հրաժարականը եւ սպասում են նրա պարզաբանումներին Բեյրութում։

Տպել Տպել