ՀՅԴ-ի կազմակերպմամբ՝ վաստակաշատ բժիշկները հանդիպել են Բժշկական համալսարանի ուսանողների հետ

Նոյեմբերի 10-12-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հրավերով ՀՅԴ Պռոշյանի գրասենյակում մեկտեղվել էին Երևանի պետական բժշկական համալսարանի շուրջ 30 ուսանողներ:

«Խորհուրդ բժշկից» խորագիրը կրող եռօրյա սեմինար-քննարկումների ընթացքում ապագա բժիշկները հանդիպեցին շուրջ մեկ տասնյակ վաստակաշատ բժիշկների հետ՝ քննարկելով բժշկական նեղ մասնագիտացումներին առնչվող հիմնախնդիրներ, ինչպես նաև պետության կողմից արդյունավետ առողջապահական քաղաքականություն իրականացնելու մարտահրավերները:

Հանդիպումներին մասնակցում էին այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են, ՀՀ ԱՆ նախկին նախարար, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, նույն հաստատության լաբորատորիայի վարիչ Դավիթ Գրիգորյանը, նույն հաստատության անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի պետ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Ասլանյանը, ռեկորդակիր վիրաբույժ Տարոն Տոնոյանը, թերապևտ Նարինե Ղալումյանը, սրտաբան Ռուզաննա Հովսեփյանը և այլ բժիշկներ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հետայսու շարունակելու է նմանաբնույթ միջոցառումներով խթանել ուսանողների նեղ մասնագիտական կողմնորոշումների ընտրության գործընթացին վերաբերող խնդիրների լուծմանը, ինչը կարևոր նշանակություն ունի աշխատաշուկայի ձևավորման վրա:

yerkir.am

Տպել Տպել