ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած բյուջեին

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Հարգելի խորհրդարան,

Այս կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ իմ ելույթը վերնագրել էի «Վճռականության պահանջ». վճռականություն, որովհետև մեկնարկային պայմանները պարտադրում են երկրում արմատական ու որակական բարեփոխումներ կատարել:

Արդյո՞ք առաջարկվող բյուջեն նման բարեփոխումների հիմք ստեղծում է: Զգացական, ամբոխավարական, ինչ-ինչ պատճառներով նյարդային դարձածների գնահատականները եթե մի կողմ թողնենք, ապա կմնան թվերն ու փաստերը, որոնք վկայում են կառավարության կամքն ու ջանքը՝ երկիրը կայունացնելու և տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու: Սա է այս բյուջեի փիլիսոփայությունը:

Հիմա՝ թվերը. այսպես՝ 2016-ին մենք 0,2 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել: 2017-ին նախատեսված է 3,2 տոկոս, իսկ 2018-ին՝ արդեն 4,5 տոկոս տնտեսական աճ:

Բյուջեն նաև արտաքին պարտքը տոկոսային առումով փոքր չափով, բայց նվազեցնելու նպատակադրում ունի:

Բյուջեն նախորդ տարվա համեմատ աճելու է շուրջ 100 միլիարդ դրամով: Ինձ համար, սակայն, շատ ավելի բնութագրական ցուցանիշ է ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը: Նշված 100 միլիարդի 70 տոկոսը ուղղվելու է կապիտալ ծախսերին:

Շահարկվում են սոցիալական խնդիրները: Բնական է՝ եթե նպատակդ քննադատելն է, պատճառներ միշտ կգտնես: Հատկապես որ այս ոլորտում խնդիրները շատ-շատ են: Բայց այստեղ գլխավորը որդեգրված ուղղությունն է՝ տնտեսության զարգացման հիմքերն ամրապնդել, որ կարողանաս նաև սոցիալական ոլորտում նկատելի արդյունքներ արձանագրել և սոցիալական արդարության մթնոլորտ ապահովել: Միայն սոցիալական արդարության մթնոլորտում է հնարավոր զարգացում երաշխավորել:

Մեր հանձնաժողովում մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել սոցիալական և առողջապահության հարցերի վերաբերյալ: Ինձ համար գոնե տեսանելի է, որ բարեփոխումները ընթացքի մեջ են, և հնարավոր է, թեկուզ քիչ միջոցներով, ավելի որակյալ ծառայություններ մատուցել դժվար իրավիճակում հայտնված քաղաքացիներին: Նույնը, վստահ եմ, կրթության ոլորտում:

Գերխնդիր է մնում կառավարման արդյունավետությունը՝ առկա սուղ միջոցները նպատակային ու հասցեական ծախսելը: Եվ հենց այս ասպարեզում է մեր վճռականության պահանջը կառավարությանը: Պետք չէ նայել կողքից ինչ են ասում-անում: Կողքի կանգնածների գործը դա է:

Պետք է կառավարման արդյունավետությունը բարձրացնող կտրուկ, երբեմն ցավագին բարեփոխումներ կատարել, ինչը կառավարության հնգամյա ծրագրի նպատակներին հասնելու երաշխիքն է:

Եվ պետք է ուշադրություն դարձնել որակին: Մեզ երաշխիք է անհրաժեշտ, որ եթե պետական երկու ծառայողից մեկը կրճատվելու է, ապա մնալու է բարձր որակավորում ունեցողը, ոչ թե այսինչի ծանոթը կամ այսինչ կուսակցության անդամը:

Կոռուպցիայի դեմ պայքարի նկատելի արդյունքներ, ստվերի շարունակական կրճատման միտում, ներդրումներ և ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքներում, տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերակատարության աճ, պետություն-մասնավոր հատված գործակցություն, ցածր տոկոսադրույքով վարկեր հեռանկարային ճյուղերում, Հայաստանի գրավչության ավելացում, անվտանգության ամրապնդում. սրանք մեր այսօրվա իրողություններն են և դրանք չտեսնելը ընդամենը ցանկության ու կարողության խնդիր է: Մնում է աշխատել և բեկումնային տեղաշարժ արձանագրել: Մնում է այս դահլիճից ոչ թե հուսահատություն, այլ լավատեսություն փոխանցել հանրությանը:

Հարգելի խորհրդարան,

Կոալիցիոն կառավարության գնահատականը տրվելու է 2017-2022 հնգամյա ծրագրի իրականացմամբ կամ ձախողմամբ: Մեր կարծիքով, որդեգրված՝ տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու քաղաքականությունը, դրա արտահայտություն այս բյուջեն այդ հեռանկարի իրատեսական առաջին քայլերից է:

Բնականաբար, ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու մեր կառավարության ներկայացրած բյուջեին:

16 նոյեմբեր 2017թ.

Տպել Տպել