Եթե զինվորական ծառայությունը պարտադիր է, ուրեմն բոլորի համար է

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդդիմախոսների մեջ հակառակորդ չի տեսնում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ սա այն դեպքն է, որտեղ հաղթողներ կամ պարտվողներ չկան: Նրա խոսքով՝ օրենքի դեմ դուրս եկած երիտասարդները գտնում են, որ ՀՀ ԶՈւ-ում ծառայությունը պետք է, սակայն խնդիրը կապված է ուսման ընդհատման հետ:

«Խնդիրը կապված էր բակալավրիատից հետո ուսման իրավունքին, իսկ օրենքը փոխվելուց հետո, երբ բոլորը ծառայած լինեն, արդեն իսկ ուսման ընդհատման խնդիր չի լինի: Ես խորապես համոզված եմ, որ բոլոր խնդիրները հնարավոր է քննարկել նաև օրենքի ընդունումից հետո՝ ենթաօրենսդրական ձևաչափով»,- ասաց նա:

Նախարարի գնահատմամբ, եթե կան մասնագիտություններ, որոնց ընդհատումը կարող է խնդիր առաջացնել, ապա այն կարելի է կազմակերպել նաև զորակոչի ընթացքում: Նրա խոսքով՝ բացառիկ դեպքերում կառավարությունը միշտ կարող է անհատապես խնդիրը լուծել։

«Ես ուրախ եմ, որ երիտասարդները դադարեցրին հացադուլն ու դասադուլը, քանի որ երիտասարդները, որոնց հետ ես շփվել եմ, իսկապես մտահոգ մարդիկ են և փորձում էին խնդիրները հասկանալ: Օրենքը մոտ 70 ենթաօրենսդրական ակտ ունի, ու ուսանողների, բնագիտական թևի դասախոսական կազմի մտահոգությունները կարող են փարատվել»,-նշեց Լևոն Մկրտչյանը:

Վերջինս կարծում է, որ իրենք ու օրենքի ընդդիմախոսներն ի վերջո ընդհանուր հայտարարի կգան: Լևոն Մկրտչյանը հավելեց, որ ինքը պատրաստ է մասնակցել կլոր սեղան- քննարկումներին, ավելին՝ պատրաստ է ուսանողների ու դասախոսների հետ նաև կրթության հետ կապված այլ խնդիրներ քննարկել:

«Օրենքը քարացած չէ, այսինքն՝ այն կարող է ընդունվել ու հետագայում դրա վրա աշխատանք տարվի, փոփոխություն արվի և այլն: Բայց ես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը նայելով, հասկանում եմ, որ մտահոգությունները կարող են փարատվել ենթաօրենսդրական ակտերով: Սակայն, եթե զինվորական ծառայությունը պարտադիր է, ուրեմն բոլորի համար է»,- ընդգծեց նախարարը:

Լևոն Մկրտչյանն օրենքի վերանայում չի բացառում, սակայն շեշտում է՝ հարց է, թե որ դրույթները:

Տպել Տպել