Մենք մանկապարտեզ չենք փակում՝ մենք մանկապարտեզներ բացելու ենք

ՀՀ տարածքային կառավարման և զար­գացման նախարար Դավիթ Լոքյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հանձնարարական է տվել մարզպետներին դիմել համայնքապետարաններին կոմպլեկտավորելու մանկապարտեզները, բայց ոչ մանկապարտեզների թիվը կրճատել:

«Հանձնարական եղել է, բայց դա մանկապարտեզ կրճատելու հետ կապ չունի: Հանձնարարականը հետևյալն է՝ ամբողջական կոմպլեկտավորել մանկապարտեզները, որպեսզի խմբերը կիսատ չլինեն, հավելյալ ծախսեր չլինեն: Եթե համայնքում մեկից ավելի մանկապարտեզ կա, ոչ թե յուրաքանչյուր մանկապարտեզն առանձին իրավաբանական անձ ունենա, այլ լինի մեկ համայնքային ծառայության մատուցող կազմակերպության տակ, որպեսզի ավելի օպտիմալ գնում անեն, հաշվապահություն իրականացնեն, որ լինի մեկ տնօրեն, դա է եղել ամբողջ հանձնարարականը»,-ասաց նա:

Հարցին, թե այսինքն` միայն տնօրինության կազմի կրճատման մասին է խոսքը, նախարարը հավելեց, թե կազմի մեջ է մտնում նաև հաշվապահը, տնտեսվարը և այլն:

«Եթե մի մանկապարտեզ 15-20 մլն դրամ է ծախսում ամբողջ տարվա ընթացքում, պարտադի՞ր է, որ ինքը հաշվապահ ունենա, նույն համայնքի հաշվապահը կարող է երկու մանկապարտեզի ծառայություն մատուցել, գնում անել, որ ավելի էժան լինի այդ ամբողջ»,-ասաց նա:

Իսկ երեխաների խմբերը լրացնելու հարցն ըստ նախարարի՝ վերաբերում է փաստաթղթավորմանը, դա չի նշանակում, որ երեխաները ֆիզիկապես պետք է այլ մանկապարտեզ հաճախեն:

«Ենթադրենք մեկ գյուղում կամ քաղաքում կա երկու մանկապարտեզ կամ երեք, իսկ ինչ կլինի, որ մեկ տնօրեն, մեկ հաշվապահ լինի` ոչ մի բան չէ՞, սա է ամբողջ պատմությունը: Այն լրացուցիչ հաստիքները, որոնք պահվում են` դռնապահ, տնտեսվար և այլն և այլն, այս խնդիրներում պետք է օպտիմալացման գնան, որպեսզի համայնքը կարողանա այդ գումարները ծախսել երեխաներին ավելի լավ նախադպրոցական կրթություն տալու համար»,-ասաց նա:

Դավիթ Լոքյանն ամփոփեց, թե իրենք ոչ թե մանկապարտեզներ են փակում, այլ ընդհակառակը՝ նախատեսում են բացել: «Պետք է հասկանալ, որ մենք մանկապարտեզ չենք փակում՝ մենք մանկապարտեզներ բացելու ենք: Մենք մինչև 2022 թվականը ՀՀ բոլոր գյուղական վայրերում մանկապարտեզներ պետք է ունենանք՝ անկախ ձևից, արդեն փոքր գյուղերում տասնյակից ավելի մանկապարտեզներ ենք բացել»,-ասաց նա:

Տպել Տպել