Վեհաժողովի հակահայկական գործողությունների մասին
ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով
փաստին, որ ՍԾՏՀ ԽՎ-ում առանց ՀՀ պատվիրակության քննարկվել և փոփոխություն է մտցվել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում, ասաց, որ դրանում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը։

Ըստ պատգամավորի՝ ԱԺ տարածած հայտարարությունը տարածում են նաև այլ լեզուներով։ Ըստ հայտարարության` ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ պատվիրակության ղեկավարները առանձնացել և ինչ-որ հարց են քննարկել, որին չի հրավիրվել միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:
«Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին»,-ասված է հաղորդագրությունում:
Աղվան Վարդանյանը ներկայացրեց, որ երբ սկսվեց վեհաժողովը բացման արարողությունից հետո հանկարծ պարզվեց, որ պատվիրակությունների ղեկավարները վեհաժողովի գլխավոր քարտուղարի և ուկրաինական պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ հավաքվել են առանձին և ինչ-որ հարց են քննարկում` առանց հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի:
«Ակնհայտ էր, որ փորձ է արվում շրջանցել հայկական պատվիրակությանը և որոշ պետությունների շահերից բխող հռչակագրում փոփոխություններ մտցնել: Մոտ մեկ ժամ պատվիրակությունների բոլոր անդամները սպասում էին դահլիճում և երբ այդ կազմակերպիչները վերադարձան, մեր պատվիրակության ղեկավարը բոլորիս հետ խորհրդակցելով հայտարարեց դահլիճում, որ սա անընդունելի երևույթ է, նման բան երբեք չի եղել և մեր պատվիրակությունը լքեց վեհաժողովի դահլիճը»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանը նշեց, որ այնուհետև պարզ դարձավ, որ հայկական պատվիրակության բացակայությամբ նրանք տարածաշրջանի առկա հակամարտությունների վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակասող դրույթ են մտցրել և հայկական պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դա համարելով անընդունելի: Նա նշեց, որ մեր պատվիրակությունն էլ 2-3 առաջարկություն ուներ ներկայացնելու:
Հարցին, թե սա ցույց է տալիս Ուկրաինայի և մյուս երկրների պատվիրակության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Աղվան Վարդանյանը պատասխանեց.«Գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է, և այս Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը: Քանի որ Ուկրաինայում է տեղի ունենում ռուսական պատվիրակությունը չէր մասնակցում և բնական է, որ այդ երկրների պատվիրակներն իրենց դիրքն օգտագործելով փորձում են իրենց պետությունների շահերին ծառայեցնել վեհաժողովը, ինչն անընդունելի է տնտեսական վեհաժողովի համար: Սա զուտ տնտեսական համագործակցության ֆորմատ է և անթույլատրելի է որոշ պետությունների շահերին ծառայեցնելը»։
Լիանա Առաքելյան
tert.am







