Բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար. ներկայացվել են ծրագրի արդյունքները

Եվրոպայի խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, այսօր կազմակերպել էր համաժողով, որի ընթացքում ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այսօր ամփոփվում են ծրագրի արդյունքները, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն ոչ միայն բուհական համակարգի, այլ նաև ընդհանուր հասարակության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակներին և նրանց ղեկավարներին՝ այն հետևողական օգնության համար, որը ցուցաբերվում է մեր երկրին: Եթե մենք դիտարկենք գոնե վերջին 10-ամյակը, ապա կտեսնենք, որ ԵՄ երկրների հարկատուների կողմից Հայաստանին տրամադրվող ծրագրերն ու դրամաշնորհները հետևողականորեն ուղղվում են երկրում հասարակական մտածողության մեջ արմատական փոփոխություն իրականացնելուն: Այս իմաստով ունենք չափելի արդյունքներ՝ օրենսդրական լավ դաշտ: Այս ծրագրի համար շատ կարևոր է առաջին հատվածը՝ բարեվարքությունը, որն ավելին է քան բարեկրթությունը: Այն պատասխանատվություն է՝ սեփական կյանքում առաքելություն իրականացնելու համար, և այս իմաստով ծրագրի երկրորդ հատվածը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ըստ էության, ամբողջությամբ բխում է նրանից, թե մեր դասախոսական և ուսանողական հանրույթները որքանով են գիտակցում իրենց առաքելությունն ու պատասխանատվությունը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս իմաստով բավականին մեծ ընթացակարգային աշխատանք է կատարված, սակայն առանց արմատական կառուցվածքային փոփոխությունների՝ հնարավոր չի լինի Հայաստանում հասնել որոշակի իրական արդյունքների: «Մենք պետք է ուսանողներին և դասախոսներին իսկապես տանք ազատություն, բացենք կրթական հաստատությունների փակ դռները և՛ հասարակության, և՛ դասախոսների, և՛ ուսանողների համար:

Մեր բուհերը պետք է դառնան հասարակական համալսարաններ, այսինքն՝ դասախոսական և ուսանողական հանրույթները պետք է զգան իրենց դերակատարությունը բուհի կառավարման մեջ և պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Այս կարևոր սկզբունքին է ուղղված ծրագրի իրականացումը. և՛ ուսանողների շարժունության աճը, և՛ դասախոսների՝ աշխարհի լավագույն համալսարանների փորձին ծանոթանալու ծրագրերը, և մեր առաջիկա փոփոխություններն ուղղված են լինելու նախևառաջ այս հիմնական խնդրի իրականացմանը: Առանց դրա՝ մենք չենք կարող բարձրացնել աշխատավարձերը, համալսարանների շուրջ ձևավորել լուրջ ֆոնդային ռեզերվ, թեթևացնել ուսանողների վճարների բեռը: Իսկ առանց այս հիմնարար խնդիրների՝ դժվար կլինի պայքարել նաև կոռուպցիոն երևույթների դեմ: Այսինքն՝ ծրագիրն իսկապես լուրջ հող է նախապատրաստել՝ արդեն ունենք համապատասխան օրենդրություն՝ բարեվարքության կանոնների համար, և հիմա գալիս է ամենադժվար փուլը՝ այն իրականացնել ներբուհական մակարդակում: Այս իմաստով «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում է արմատական փոփոխություններ. դրա տրամաբանության հիմքում ուսանողն է՝ իր բացարձակ ազատությամբ:

Դասախոսական կազմը ևս պետք է հասկանա, որ ինքը բուհի հիմնադիր է նույն իրավունքներով, ինչ ադմինիստրատիվ համակարգը: Եթե այս եռանկյունին կարողանանք իրականացնել, ապա համալսարանական որակի մեջ կունենանք արմատական փոփոխություններ: Ներկայումս ՀՀ կրթության և գիտության ոլորտի շուրջ ձևավորված է դրական և անաչառ մթնոլորտ. բոլոր շահագրգիռ կողմերը մտահոգ ձևով են քննադատում համակարգը, որը կարևոր արդյունք է: Եթե կարողանանք այն պահպանել, ապա մի քանի տարվա մեջ կունենանք շոշափելի արդյունքներ»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Եվրոպայի խորհրդի համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի, կրթության վարչության, ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցության տնօրինության ծրագրի համակարգող Կատյա Դոլգովա-Դրեյերը և ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը ներկայացրել են ծրագրի արդյունքները:

edu.am

Տպել Տպել