ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8 Լոռիում գումարեց իր 17-րդ Գերագույն ժողովը:

Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները` Ժողովը կատարել է իրավիճակի արժեւորում եւ նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները:

Գերագույն ժողովն ընթացավ միասնականության եւ համախմբվածության մթնոլորտում: Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյունների վրա խարսխված իր գործուեությունը ծավալել երկրում ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում: ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը, համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, հայության արդար դատի հաղթանակի համար` մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ-թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից:

Գերագույն ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու՝ գործող իշխանությունների հեռացման եւ վերջիններիս սպասարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը: ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վճռական է պայքարը շարունակել Հայաստանի Հանրապետությունում պետության, կուսակցության եւ քաղաքական իշխանության նույնացման դեմ, մեր երկրում արդարության ու արդարադատության հաստատման, քաղաքացուն ազատ ապրելուն, աշխատելուն եւ արարելուն խանգարող բոլոր խոչընդոտների չեզոքացման ուղղությամբ: Պետությունը թուլացնող այդ երեւույթների եւ ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանքն են ահագնացող աղքատությունը, սոցիալական բեւեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, օրավուր աճող արտաքին պարտքը, ազատությունը խոչընդոտող մենաշնորհների ամրապնդումը, որոնց արդյունքում վերանում է ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների եւ ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու է մեր երկրում քաղաքական ընտրության միջոցով բոլոր մակարդակներում ժողովրդի իշխանության հաստատման համոզումով: Համոզված ենք, որ ազգային նպատակների իրականացման, սոցիալական արդարության եւ ժողովրդավարության հաստատման երաշխիքը ազատ քաղաքացին եւ արդար պետությունն են:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը վճռական է այս գործում շարունակել իր ընթացքը եւ հետամուտ լինել ստանձնած առաքելությանը` մեր երկրում հաստատել արդարություն և ազատություն:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով
8 հուլիսի, 2012թ. Լոռի

Տպել Տպել