Գյումրին վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ

Սպիտակի երկրաշարժից անցել է 29 տարի: Կորուստը ոչ միայն մարդկային էր, այլ նաև նյութական: «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ամփոփելով անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքները, նշեց, որ թեև դանդաղ, բայց շատ բան փոխվել է այս ընթացքում: «Տարերքի հասցրած ավերածությունների հետքը, հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են մեր սրտերում:

Շիրակի մարզը երկրաշարժից տուժած ամենամեծ տարածաշրջանն էր: Արհավիրքի արդյունքում մեր տասնյակ հազարավոր համերկրացիներ մնացին անօթևան, մի քանի վայրկյանում կործանվեցին տասնամյակների ընթացքում կառուցված արտադրական հզորությունները, կրթամշակութային և սոցիալական նշանակության կառույցները: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով միայն Գյումրի քաղաքում 20 հազար 612 բնակարան քանդվեց կամ դարձավ բնակության համար ոչ պիտանի: Այդ թիվը ողջ մարզում հասավ 22 հազար 700-ի: Տարիներ անց էլ, չնայած կառուցված բնականների թիվը գերազանցում է կորցրածին, այնուամենայնիվ, քաղաքում դեռ տնակներ կան»,-նշեց Շիրակի մարզպետը:

Արթուր Խաչատրյանը անդրադառնալով Գյումրիում առկա խնդիրներին, նշեց, որ քաղաքում դեռ անելիքներ կան: «Գյումրին, անշուշտ, փոխվել է: Մեծ աշխատանք է կատարվել, բայց Գյումրին ունի նաև խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Գյումրի շատ է փոխվել դեպի դրականը: Իհարկե, դեռ կան վերքերն ու հետքերը, բայց ժամանակը շատ բան է փոխում: Անցած 29 տարում կառուցվել են բնակարաններ, հազարավոր անօթևաններ տարեմուտը դիմավորել են տաք ու ապահով բնակարաններում, ստեղծվել են աշխատատեղեր: Քաղաքը վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ: Մեր հայրենակիցներից շատերը դեռևս ապրում են տնակներում կամ երկրաշարժից վթարային դարձած բնակարաններում:

Անելիքներ շատ կան, բայց և համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են աղետի հետևանքների վերացման, վերելքի և մեր մարզի շենացման տարիներ»,-ավելացրեց Արթուր Խաչատրյանը:

Արմենուհի Մխոյան

armenpress.am

Նախևառաջ պետք է լուծենք երկրաշարժի հետևանքով անօթևանների, հետո նոր սոցիալապես անապահովների խնդիրը

Հայաստանին պատուհասած խոշորագույն բնական աղետից՝ Սպիտակի երկրաշարժից անցել է 29 տարի: Ինչ խնդիրներ են դեռևս շարունակում մնալ աղետի գոտում, ինչ ուղիներ են մշակվում դրանց լուծման համար, և որն է ՀՀ ամենաաղքատ մարզ ճանաչված Շիրակի մարզի զարգացման հեռանկարը: Այս հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի անց ինչ հետևանքներ են մնացել աղետի գոտում՝ Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրի քաղաքում մասնավորապես:

-Աղետի գոտու հետևանքները կարող ենք բաժանել երեք խմբի: Առաջինը՝ մարդկային -հոգեբանականն է, որը հաղթահարելի չէ, և այդ ցավը կմնա այնքան, քանի դեռ կան մարդիկ, ովքեր վերապրել են այդ ողբերգությունը, ովքեր կորցրել են հարազատների, կորցրել են ամբողջ ընտանիքներ: Մյուս խնդիրը՝ բնակարանային խնդիրն է, որովհետև մի քանի վայրկյանի ընթացքում կործանվեց Գյումրի քաղաքի բնակարանային ֆոնդի զգալի մասը՝ առավել քան 21 000 բնակարան, որոնք կառուցվել էին Սովետական միության 70 տարիների ընթացքում, նաև սեփական տներ կային, որոնք կառուցվել էին դեռևս հեղափոխությունից առաջ: Բայց այստեղ վիճակը համեմատաբար ավելի բարվոք է, որովհետև ավելի շատ թվով բնակարան է կառուցվել քան թե կործանվել էր։ Եվ երրորդ խնդիրը արդյունաբերական պոտենցիալի վերականգնումն է։ Գաղտնիք չէ, որ Շիրակի մարզը, Լենինականը Հայաստանի արդյունաբերության կենտրոններից մեկն է եղել՝ զարգացած գործարաններով, տեքստիլ արդյունաբերությամբ: Տնտեսական պոտենցիալը 88-ից հետո ամբողջովին փոշիացվեց, և հիմա խնդիր ունենք այդ արդյունաբերությունը զարգացնելու Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում:

– Թերևս ամենաառաջնային խնդիրը, ենթադրելի է, որ շարունակում է մնալ Գյումրիում տնակային ավանների առկայությունը: Դեռևս քանիսն են երկրաշարժից տուժած այն ընտանիքները, որ բնակարանային փոխհատուցում չեն ստացել:

-Որոշակի կատեգորիայի քաղաքացիների, ովքեր կորցրել էին բնակարան և փաստաթղթեր էին ներկայացրել, նրանց վերջին խմբաքանակին տրամադրեցինք 82 բնակարանների գնման վկայագրեր: Ճիշտ է, մենք այսօր դեռևս ունենք տնակներում ապրող մարդիկ, ժամանակավոր կացարաններում ապրող մարդիկ, բայց պետք է անհատական, թիրախային մոտեցում ցուցաբերենք՝ հասկանանք, թե այդ բնակիչներից ովքեր են, որ երկրաշարժի հետևանքով տուն են կորցրել և ովքեր, որ դրա դիմաց արդեն չեն փոխհատուցվել: Քանի որ ունենք դեպքեր, որ տնակներում ապրում են մարդիկ, ովքեր մի անգամ կամ մի քանի անգամ բնակարաններ են ստացել, վաճառել են, հետ են եկել, ովքեր ունեն բնակարան, բայց տնակում են ապրում։ Կամ կան մարդիկ, որ երբևիցե Գյումրիում չեն ապրել նախաերկրաշարժային շրջանում և տնակ են վարձել կամ տնակ են գնել՝ հետագայում ինչ-որ ակնկալիքներից ելնելով։ Այսինքն՝ դա մեխանիկական մոտեցում է, և ես չեմ ընդունում, որ 2500 տնակ ունենք, և բոլորը երկրաշարժի հետևանքով անօթևան են: Իհարկե, պետությունը չի կարող սոցիալական խնդիրներն իր վրա չվերցնել, որովհետև այդտեղ ապրողները սոցիալապես անապահովներ են, բայց նախևառաջ պետք է լուծենք երկրաշարժի հետևանքով անօթևանների խնդիրը, հետո նոր լուծենք սոցիալապես անապահովների խնդիրը:

-Ինչպե՞ս են որոշվում իրապես երկրաշարժից տուժած ընտանիքները, որպեսզի փոխհատուցումը լինի հասցեական և թիրախավորված:

-Փաստացի, մարդը պետք է բերի տեղեկանք, փաստաթուղթ, որ ինքը այստեղ ապրել է, որովհետև երբ մենք 2000-ականների կեսերին սկսեցինք այս գործընթացը վկայականների գնման, վկայագրերի ցանկ բացվեց քաղաքապետարանում, և մարդիկ պետք է ցանկով փաստաթղթեր ներկայացնեին և ապացուցեին, որ իրենք բնակարան են կորցրել: Այդ ցանկից 400 ընտանիքից ավելին դուրս է հանվել , քանի որ այդ մարդիկ չէին ներկայացրել համապատասխան փաստաթղթեր: Այստեղ փաստացի ապացուցողական հիմք պետք է ներկայացվի, որ մարդը տուն է կորցրել և փոխհատուցում չի ստացել:

-Հիմա փաստացի քանի՞սն են, որ դեռևս շարունակվում են ապրել տնակային ավաններում:

-Շատ չեն, բայց դեռ կան: Այս փուլում գույքագրման գործընթացում ենք գտնվում, որպեսզի կարողանանք հստակ թվեր ունենալ։ Դրանից բացի ունենք նաև մոտ 200 սեփական տան բնակիչներ, որոնց փոխհատուցման կամ բնակարանով ապահովման գործընթացը դեռևս կա: Նաև մեկ ուրիշ խնդիր կա քաղաքում՝ դա երկրաշարժից վթարված շենքերում բնակվող քաղաքացիներն են, մոտ 2000 այդպիսի ընտանիքի բնակարանի խնդիր էլ ունենք, որ մարդիկ բնակվում են վթարային շենքերում, դա ևս լուծման կարիք է զգում: Ունենք նաև 162 ընտանիք մարզի գյուղական վայրերում, ովքեր երկրաշարժի հետևանքով տներ են կորցրել: Այդ ընտանիքների թիվը 170 էր մինչև վերջերս, նոյեմբերի վերջերին կառավարությունը որոշում ընդունեց և 8 ընտանիքի դրամական փոխհատուցում տվեց, որպեսզի մարդիկ կարողանան տուն գնել: Մոտ 23 հազար բնակարան հանձնվել է շահագործման միայն Գյումրիում երկրաշարժից հետո:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանի ամենաաղքատ մարզն է հռչակվել Շիրակի մարզը և Գյումրիում աղքատությունը 45 տոկոս է կազմում: Այս ցուցանիշը միայն երկրաշարժի հետևա՞նք եք որակում, թե նաև այս ընթացքում կառավարության կողմից թիրախային ծրագրեր չիրականացնելու արդյունք:

-Դա, ըստ իս, մի քանի գործոնների համադրումն է: Իհարկե, առաջինը՝ երկրաշարժ, դրան գումարած երկրի անցած ամբողջ դժվարությունները՝ պատերազմ, շրջափակում, տնտեսական ֆորմացիայի փոփոխություն: Իրավիճակը երկրի միջինից վատ է, ունենք երկրաշարժ, գումարների զգալի մասը, որ գալիս է Շիրակի մարզ ուղղվել է բնակարանային ֆոնդի ենթակառուցվածքների վերականգնմանը, նվազագույն մինիմալ ապահովմանը: Հիմա արդեն կառավարության մոտեցումը դեպի բիզնես- խրախուսում է գնում: Այսօր էլ վարչապետը հայտարարեց, որ մենք ամեն կերպ խրախուսելու ենք մարզում բիզնեսի զարգացումը: Գիտակցելով, որ մեր մարզը, ցավոք Հայաստանի ամենաաղքատ մարզն է՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ երկու ծրագիր ենք սկսելու մարզում ՝Աշոցքում և Սարապատում: Քննարկման փուլում են նաև մարզի մյուս համայնքներում այդ ծրագրերի սկսելը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներն են ուղղվել Գյումրի, Ասիական զարգացման բանկի միջոցներն են ուղղվել Գյումրի ՝Ռուսթավելի փողոցի վերականգնումը և հարակից՝ Շիրազ Աբովյան փողոցների վերանորոգումը զբոսաշրջիկների հոսք կապահովի իր բազմապատկիչ էֆֆեկտով: Կառավարությունը վերջերս Շիրակի հյուրանոցի տարածքը տվեց մասնավոր ներդրողի, որ հյուրանոց և առևտրի սրահ կառուցի։ Շատ շուտով մեկ այլ խոշոր ներդրումային ծրագիր կունենանք Շիրակի մարզում՝ հայ -չեխական ընկերություն կա, որ դիմել է և Արթիկ քաղաքում տեքստիլ արտադրություն է սկսելու: Այստեղ պետությունը անվարձահատույց իր տարածքն է տրամադրելու:

-Չե՞ք կարծում, որ թիրախային ծրագրերից շատերն ինչ-որ տեղ ուշացած են, և կարելի էր ավելի արագ տեմպեր հաղորդել:

-Գիտեք՝ կարելի էր, չէր կարելի… այստեղ վիճելու խնդիր է, բայց փաստ է, որ այսօր Շիրակի մարզը գտնվում է և ինչպես միշտ գտնվել է կառավարության, պետության ուշադրության կենտրոնում, ուղղակի հիմա դա ավելի շատ բիզնես ուղղվածության ծրագրեր են։ Դա չի նշանակում, որ բնակարանային ապահովության խնդիրները մեր ուշադրությունից դուրս են մնացել:

-Արտագաղթի ծավալներն ամբողջ երկրում և մասնավորապես Շիրակի մարզում էլ բավականին մեծ են, հատկապես գյուղական շրջաններից, ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

– Շիրակի մարզը միշտ դիտվել է որպես հացահատիկի և կարտոֆիլի շտեմարան, հիմա արդեն մեր ուղղվածությունը փոխվել է, հիմա աշխատում ենք կոմերցիոն գյուղատնտեսության ուղղությամբ, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը լինի շահութաբեր: Թե չէ հիմա մարդը երեսի քրտինքով ամբողջ տարին աշխատում է, ունի ընդամենը 2 ՀԱ հող, ցանում է ցորեն, լավագույն դեպքում ՀԱ-ից ստանում է 20 ցենտներ, վաճառում է 110 դրամով: Տանջվում, տանջվում է՝ տակը բան չկա, մարդը ստիպված պետք է լինի այլընտրանքային ուղիներ գտնել ընտանիքը կերակրելու համար: Հիմա եթե մենք կարողանանք գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնել՝ մեր ամբողջ քաղաքականությունը դրան է ուղղված, վստահեցնում եմ՝ արտագաղթի տեմպերը կնվազեն: Այսինքն՝ մարդը, եթե իր հողից կարողանա ստանալ նույնչափ գումար, որ ստանում է խոպանում՝ Ռուսաստանում բանվորություն անելով, չեմ կարծում, որ շատերը կգնան։

-Պարո՛ն Խաչատրյան, Ձեզ համար հոգեբանորեն դժվա՞ր չէ լինել ՀՀ ամենաաղքատ մարզի ղեկավար, և ի՞նչ կարող եք ասել ի պատասխան մտահոգությանը, որ մարզկենտրոն Գյումրին երկրաշարժից հետո կորցրել է իր երբեմնի դիմագիծն ու մինչ օրս չի վերականգնում:

-Հոգեբանական դժվարություն չկա, կա ծանր աշխատանք, որ պետք է անել: Կամ չպետք է անես, կամ անես պատվով: Ես իմ ողջ գիտելիքը, եռանդը դնում եմ այս գործին, որպեսզի կարողանամ ասել, որ վաղը Գյումրիում, Շիրակի մարզում ավելի լավ է լինելու, քան երեկ էր: Միշտ ասել եմ, որ Գյումրին Հայաստանի այն եզակի քաղաքն է, որը պահպանել է իր կոլորիտը, իր քաղաքային մշակույթը: Գիտեք երկրաշարժի արդյունքում՝ ասում են Լենինականը քանդվեց, Գյումրին մնաց: Հիմա այդ հին քաղաքի զարգացմանը նաև պետական ծրագրերը կնպաստեն: Գյումրու դիմագիծը երբեք, որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է կորչի:

Անահիտ Հակոբյան

tert.am

Պրոբլեմը ոչ թե պետության հետ է, այլ ընտանիքի ներսում

azatutyun.am Հարցազրույց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ

Տպել Տպել