Ապագա դիվանագետների հյուրը ռուսաստանաբնակ հայ քաղաքական-հասարակական գործիչ Յուրի Նավոյանն էր

Նոյեմբերի 21-ին Պալեանների անվան դահլիճում Մոսկվայի «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) նախագահ Յուրի Նավոյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ, հանդիպեց համալսարանականների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն ուսանողները, այլեւ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ:

Բացման խոսքով նախ հանդես եկավ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ով ողջունեց ներկաներին, մասնավորապես հյուրին եւ նշեց, որ նմանաբնույթ հանդիպումներն ու դասախոսություններն առավել քան կարեւոր են, քանի որ ուսանողների հետ իրենց տեսակետներով ու փորձով են կիսվում քաղաքական եւ դիվանագիտական բնագավառի ամենափորձառու ու ակտիվ գործիչները:

«Այսօրվա մեր հյուրը հարուստ կենսագրություն ունի: Նա հայ-ռուսական հարաբերություններում վճռական դեր է կատարել եւ շարունակում է կատարել, բազմաբովանդակ գործունեություն է ծավալում ՌԴ-ում եւ վերջապես մեծ հայրենասեր է: Մարդ, ով անձնանվիրաբար բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով հայանպաստ գործունեություն է ծավալում: Ուստի շնորհակալ ենք, որ չմերժեցիք եւ ժամանակ գտաք հանդիպելու մեր ուսանողների հետ»,- ասում է Գեղամ Պետրոսյանը:

Կազմակերպության նախագահը «Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20 տարին եւ հայկական համայնքը» խորագրով հետաքրքիր եւ բովանդակալից դասախոսություն կարդաց ապագա դիվանագետների համար:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այս դահլիճում ելույթ ունենալը, քանի որ նախկին համալսարանական եմ, եւ հենց այս դահլիճը մեր ամենամեծ լսարանն էր, որտեղ հարազատ ու սիրելի դասախոսներն ինձ կրթել են ու գիտելիքների մեծ պաշար տվել: Գիտելիքներ, որոնք կարեւոր դեր են խաղացել իմ մասնագիտական կայնքում»,- նշեց է Յուրի Նավոյանը եւ գոհունակությամբ հավելեց, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը դինամիկ զարգացում ունի:

Այնուհետեւ Յուրի Նավոյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից, վերլուծեց երկու պետությունների անցյալի եւ ներկայիս դիվանագիտական քայլերը, խոսեց սպասվող միջադեպերի եւ հնարավոր զարգացումների, ինչպես նաեւ հայ համայնքի ծավալած ակտիվ գործունեության մասին:

Միջոցառման նպատակն էր ուսանողության շրջանում բարձրացնել հետաքրքրության մակարդակը Ռուսաստանի հայկական համայնքի հետ փոխհարաբերություններում հայ-ռուսական դիվանագիտության, զարգացման հեռանկարների, պատմական անցյալի հիմնադրույթների եւ ընդհանրապես համագործակցության հանդեպ:

Ելույթից հետո ուսանողները մի շարք հարցեր ուղղեցին հյուրին, որից հետո ներկաների միջեւ ակտիվ քննարկում ծավալվեց:

Տպել Տպել