Սոցիալական բունտի իրական հիմքեր չեմ տեսնում

Եթե կառավարությունը ցանկանում է ունենալ աղքատության տոկոսային կրճատում, ապա մենք պետք մոտենանք երկնիշ տնտեսական աճին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ կա երկու ուղղություն՝ կա՛մ պետք է առկա պետական բյուջեի միջոցների ավելի մեծ մասը տրամադրել սոցիալական ոլորտին, որ աղքատությունը կտրուկ նվազման թիվ գրանցվի, կա՛մ բյուջեի միջոցները պետք է դնել կապիտալ ծախսերի ու բյուջեի զարգացման մեջ՝ հետագայի համար։

– Պարո՛ն Վարդանյան, Հայաստանում աղքատության ցուցանիշը 29.4 տոկոս է, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ 0.4 տոկոսային կետով է պակասել: Ի՞նչ է մտածում այս առիթով իշխանությունը, սա անհանգստացնող ցուցանիշ չէ՞ երկրի համար:

– Շատ ավելի լուրջ անհանգստացնող ցուցանիշ էր այն ժամանակ, երբ երկրում աղքատության ցուցանիշը 54-56 տոկոս էր, թեպետ այս նվազումն էլ շատ չնչին է ու չի կարող գոհացուցիչ լինել: Բայց կա երկու ուղղություն՝ կա՛մ առկա պետական բյուջեի միջոցների ավելի մեծ մասը տրամադրենք սոցիալական ոլորտի խնդիրների կարգավորմանը, որ թիվ ունենանք, թե աղքատությունը կտրուկ նվազել է, կա՛մ բյուջեի միջոցները պետք է դնել կապիտալ ծախսերի ու բյուջեի զարգացման մեջ՝ ապահովելու հավելյալ արժեքի ստեղծում, որպեսզի հետագա տարիներին սոցիալական բարդ այս խնդիրներին իսկապես կարողանանք արմատական լուծում տալ: Կառավարության գործունեության ծրագիրը, եթե նայենք, ապա կտեսնենք, որ խնդիր է դրված մինչև 2022 թվականը 12 կետով նվազեցնել աղքատության ցուցանիշը: Հույս ունեմ՝ այն քայլերը, որ այսօր կատարվում են տնտեսությունը զարգացնելու առումով, իրենց արդյունքները կտան, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում կկարողանանք զբաղվել աղքատության հաղթահարման խնդրով:

– Իշխանության Ձեր գործընկերներն ասում են, որ աղքատության հաղթահարման հիմնական նախադրյալներից է կայուն տնտեսական աճն ու աշխատատեղեր բացելը: 2018 թ.-ի բյուջեին նայելով՝ կունենա՞նք այն տնտեսական աճը, որը աղքատությունը կհաղթահարի գոնե 1 տոկոսով, որովհետև գործազրկության մակարդակի կրճատման մեջ էլ ՀՀ-ում լուրջ հաջողություններ չկան:

– Իհարկե, զբաղվածությունը կարևորագույն ցուցանիշ է, բայց եկեք աղքատության ցուցանիշին նայենք երկրորդ ասպեկտով: Ցավոք, մեր հիմնական խնդիրներից մեկը իրական հաշվառում, այդ թվում նաև եկամուտների հաշվառում չունենալն է: Մենք ունենք գնահատականներ, որ աղքատության ցուցանիշը, իրականում, ավելի բարձր է, բայց նաև գնահատականներ ունենք, որ այդ ցուցանիշի մեջ խառը տվյալներ կան: Մենք ունենք թաքնված զբաղվածություն, այսինքն, երբ մարդն աշխատում է, բայց այդ աշխատանքը գրանցված չէ: Մենք ունենք աշխատավարձերի 2 սխեմա՝ բաց և սև, և դարձյալ քաղաքացիների իրական եկամուտը չի երևում: Մենք ունենք տրանսֆերտներ, որը դարձյալ չի երևում աղքատության ցուցանիշներում: Այո՛, այն թիվը, որ մենք պաշտոնապես ունենք, սարսափելի մեծ է, բայց համոզված եմ, որ այն ուղղությունը, որը որդեգրել է կառավարությունը, կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, իսկ դրա նշանները կան մի շարք ոլորտներում, ինչպես նաև աշխատավարձերի իրական հաշվառման դաշտ բերելուն: Այս պարագայում, կարծում եմ՝ 1-2 տարի հետո կունենանք այլ պատկեր:

– Չե՞ք կարծում, որ առկա գնաճն այս աղքատությունն ավելի կխորացնի, քանի որ հասարակության համար նոր սոցիալական խնդիրներ կստեղծի: Այսօր շատերը խոսում են նաև սոցիալական բունտի հնարավորության մասին, քանի որ գնաճն ու աղքատությունը խառնվել են իրար:

– Մի բան կարող եմ երաշխավորել, որ թանկացումներն ազդում են հասարակության բոլոր շերտերի վրա, սա ակնհայտ է, ու այստեղ կառավարությունն անելիք ունի: Բայց մեր՝ Հայաստանի ժողովրդի պարագայում սոցիալական բունտ ինքնին չի եղել ու չի լինի:

– Ինչո՞ւ չի եղել ու չի լինելու, որովհետև արտագաղթո՞վ են արտահայտում իրենց սոցիալական դժգոհությունը:

– Եկեք նայենք նաև արտագաղթի ցուցանիշները մի քանի տարիների հարաբերակցությամբ: Կտեսնենք, որ իսկապես տարբերություն դրական առումով կա: Եթե 3-4 տարի առաջ 39-40 հազար էր արտագաղթը կազմում, այդ թվերն այսօր նվազել են: ՀՀ-ում հնարավոր են հասարակական մեծ ցնցումներ միայն այն ժամանակ, երբ սոցիալական հարցերը համադրվում են ազգային, պետական կարևորագույն խնդիրների հետ: Կարծում եմ՝ հատկապես գների զարգացման առումով անելիք կա, մենաշնորհների զսպման առումով անելիքներ շատ կան, բայց սոցիալական բունտի իրական պատճառ կամ հիմքեր չեմ տեսնում:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ պետության, տնտեսության զարգացման այս տեմպը Ձեզ բավարարում է:

– Ոչ, չենք կարող: Մենք բազմիցս ասել ենք, որ վերցված ուղղությունը ճիշտ է, Կառավարության վարած քաղաքականությունը ճիշտ է, բայց տեմպերը բավարար չեն: Մենք հույս ունենք, որ արմատական, որակական փոփոխությունը, բարեփոխումները, որոնք կատարվում են, բերելու են նաև էական տարբերության: Հիմա 2017 թ.-ն կամփոփենք ու կտեսնեք, որ տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ ունենք, քան նախատեսվում էր: Եթե նայենք նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշի հետ համեմատ, ապա կտեսնենք առաջընթաց: Սակայն, այո՛, համաձայն եմ, որ եթե ուզում են աղքատությունը նաև տոկոսային կրճատում ունենա, ապա մենք պետք է մոտենանք երկնիշ տնտեսական աճին, սակայն կարծում եմ, որ առաջիկա տարիների խնդիր է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել