Խոշորացված համայնքները կլինեն ուշադրության կենտրոնում

Եվրամիության կողմից 2017-2020 թվականների ընթացքում Հայաստանին տրամադրվելիք 176 միլիոն եվրոյի աջակցության զգալի մասը կուղղվի Շիրակի մարզում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

«Գումարը կուղղվի մարզի սոցիալ տնտեսական զարգացմանը, համայնքների խոշորացման գործընթացի հաջողության ապահովմանը: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են լինելու խոշորացված համայնքները: Այստեղ ԵՄ-ն աշխատելու է խոշորացված համայնքների հետ` արմատավորելու մասնակցային բյուջետավորման գործընթացը: Նախատեսվում է օժանդակություն տրամադրել այդ համայնքների բյուջեն կազմելու հարցում»,- հայտնեց մարզպետը:

Ավելի հստակ ծրագրերի մասով Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջիկայում 1 մլն եվրոյի ուղղակի դրամաշնորհ կհատկացվի Ամասիայում ոչխարաբուծության արժեշղթայի զարգացմանը: Ըստ նրա՝ ծրագրի հիմնական մշակութային նպատակը գորգագործության վերականգնումն է, բայց այն կարող է նաև մարզի հյուսիսում զարգացնել ոչխարաբուծությունը:

«Հայտնի է, որ Ամասիայում ոչխարաբուծությունը շատ զարգացած է եղել, այսօր մեր պոտենցիալը մեծ է, բայց, ցավոք, գլխաքանակն է քիչ: Այս գումարը կարող ենք ուղղել և գորգագործության, և ոչխարաբուծության զարգացմանը: Սա միայն գորգագործությունը չէ, ամբողջ ոչխարաբուծության արժեշղթայի զարգացումն է լինելու»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի և խոսել էր Շիրակի մարզում մի շարք ծրագրեր իրականացնելու մասին: Դեսպան խոսքով՝ հատկապես Շիրակի մարզն ու մարզկենտրոն Գյումրին առաջիկա տարիներին կլինեն Եվրամիության ուշադրության կենտրոնում:

ԵՄ աջակցությամբ նախատեսվում են Շիրակի մարզում նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրեր իրականացնել:

Նրա տեղեկացմամբ՝ 2018-ի փետրվարին Աշոցքում առաջին անգամ կանցկացվի բացօթյա սպորտային միջոցառում` դահուկավազքի մրցաշար: Նա համոզված է, որ մարզի հյուսիսը կարող է դառնալ սպորտային-արկածային տուրիզմի կենտրոն:

«ԵՄ պատվիրակության այցի ընթացքում նաև Արփի լիճ ենք այցելել: Մտադիր ենք այստեղ նախ հյուրանոցներ կառուցել, գյուղաբնակների տներում հյուրատներ ստեղծել, տարբեր ենթակառուցվածքային ներդրումներ անել: Մի խոսքով՝ Արփի լճի շրջակայքը ուզում ենք վերածել տուրիստական կենտրոնի»,- ընդգծեց նա:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ իրականացվող կարևոր ծրագրերից մեկն էլ այն է, որ Շիրակում իրականացվելու է ստեղծարար արտադրական գործունեության ոլորտի «Եվրամիության հանգուցային ծրագիր» (EU flagship project):

Շիրակի մարզպետը համոզված է՝ այս ծրագրերի իրականացումը կարող են էականորեն բարելավել Հայաստանի ամենաաղքատ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, անգամ կարող է անուղղակիորեն լուծել տնակային ավանների հարցը:

«Եթե տեղական տնտեսության մակարդակը բարձրանա, բնականաբար, իր կողմնակի ազդեցությունը կունենա: Տնտեսության վիճակը կբարելավվի, մարդիկ ավելի շատ եկամուտ կունենան, և որոշ մասը կկարողանա տնակներից սեփական միջոցներով, կամ համայնքային միջոցներով բնակարան գնել»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

Հարցին, թե ինչու է հենց Շիրակի մարզը հայտնվել ԵՄ ուշադրության կենտրոնում, մարզպետը պատասխանեց, որ հանրապետական և տեղական իշխանությունների որոշմամբ է եղել. «Կառավարությունն է դիմել՝ ներկայացնելով Շիրակի մարզը, նաև ես եմ խնդրել: Իհարկե, միայն Շիրակի մարզը չէ, Լոռու և Տավուշի մարզերում էլ ծրագրեր կիրականացվեն, բայց հիմնականը Շիրակում է»:

Հակոբ Ասլանյան

Տպել Տպել