Շուշիի առանձնակի գումարտակի տղաները 21 տարի անց էլ պատրաստ են համալրել հայոց բանակի շարքերը

Շուշիի առանձնակի գումարտակի տղաները Եռաբլուրում էին. եկել էին ոգեկոչելու իրենց մարտական ընկերների հիշատակը: Նրանց շարքերը, սակայն, գնալով, նոսրանում են: Տղաներից շատերն այսօր չկան:

Գետաշեն, Շահումյան, Արցախի առանձին բնակավայրեր։ Նման մարտական ուղիով անցան Հայաստանի տարբեր շրջաններում ձեւավորված մարտական խմբերը, որոնք հետո արդեն միասնաբար պետք է մաքառեին Շուշիի մատույցներում, դառնային վաշտ, ուր Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի կազմավորումից հետո էլ ստանային հատուկ անվանում՝ Շուշիի առանձնակի գումարտակ։

Գումարտակն, իրավամբ, անցավ փայլուն մարտական ուղի: Սակայն, պատերազմը, ինչպես օրինաչափ է` առանց կորուստների չանցավ: Հայրենիքի համար կյանքը նվիրաբերած տղաներին մարտական ընկերները հիշում են ցայսօր:

«Գումարտակը ձեւավորվել էր գաղափարական հենքի վրա, ՀՅԴ անդամներից եւ Դաշնակցության դրոշի ներքո: Տղաներն աչքի էին ընկնում կարգապահությամբ, քաջությամբ եւ մարտական հարուստ փորձ ունեին` մինչ գումարտակի ձեւավորվելը»,- հիշում է ազատամարտիկ Թաթուլ Հարությունյանը:

Կիսվում են հիշողություններով ու նշում. հիմա թախիծի հետ ուրախություն ու հպարտություն են նաեւ զգում` միասին անցած ճանապարհի համար:

«Այդ ժամանակ դեռ 50 հոգանոց ջոկատ էր: Սովորություն կար, ամեն կորստի ժամանակ գալիս էինք հուղարկավորության, 3 զոհ ունեցանք այդ շրջանում: Եվ տպավորություն կար, որ 3 զոհ տալուց հետո խումբն ամբողջությամբ մնաց եւ շարունակեց գործողությունները»,- ասաց ազատամարտիկ Սամվել Երանյանը:

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, թերեւս, առաջին անգամ էր, որ փոքր ջոկատը կռիվ մղեց, դրա հիման վրա էլ հետագայում ձեւավորվեց մի ամբողջ գումարտակ: Ներկայում մեր Զինված ուժերում գումարտակում կռված շատ տղաներ կան, ովքեր շարունակում են ծառայել հայրենիքին ու ամուր պահել բանակի հիմնասյուները:

«Մեր Շուշիի առանձնակի գումարտակի ամբողջ կազմը, ովքեր այսօր կոչվում են պահեստային ազատամարտիկներ, պատրաստ են ցանկացած պահի շարունակել իրենց նահատակված ընկերների գործը եւ զորավիգ կանգնել հայոց բանակի հզորացմանը, հոգ տանել բանակաշինության մասին»,- ասաց ազատամարտիկ Անդրանիկ Մուրադյանը։

Պատերազմական տարիները դժվարին էին, դառնություն ու հրճվանք` միախառնված էին: Մի կողմից` հաղթանակ էին տոնում, մյուսից` սգում մարտական ընկերների հիշատակը: Շուշիի առանձնակի գումարտակն իր ստեղծման օրվանից աչքի ընկավ զինվորական բարձր կարգապահությամբ, որի գրավականը համարվում է գաղափարախոսական հենքը։

Եռաբլուրից տղաները շտապում են Արցախ՝ իրենց հարազատ գումրատակում նշելու զորամիավորման 21-րդ տարեդարձը։ Ճամփա են ելնում իրենց ընկերների մոտից, որոնց անունները կզարդարեն ցանկացած ժողովրդի գոյամարտ։

Տպել Տպել