Դավիթ Լոքյանը հանդիպել է Արծվաշենի բնակիչների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել և քննարկումներ է ունեցել մարզի Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքների ղեկավարների և բնակիչների հետ:

Հիմնական հանդիպումները կայացել են Ճամբարակ համայնքի Արծվաշեն բնակավայրի բնակիչների հետ: Նախարար Լոքյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները կրկին բարձրաձայնել են գույքի փոխհատուցման հարցը, սակայն նախարարը հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունն արդեն 3 անգամ փոխհատուցում տրամադրել է, ասել է, որ այդ ձևով օգնության տրամադրումը արդյունավետ չէ: <<Ճամբարակ համայնքում, որպես սահմանամերձ տարածք, առաջիկայում տարբեր տնտեսական ծրագրեր են իրականացվելու՝ 3-5 տոկոս վարկավորմամբ>>,-տեղեկացրել է Դ. Լոքյանը, ինչին ի պատասխան բազմաթիվ բնակիչներ համաձայնել են և պատրաստվում են առաջիկայում տնտեսական ծրագրեր ներկայացնել:

Միաժամանակ նախարարն այցելել է Արծվաշենի մի քանի բնակիչների տներ, զրուցել նրանց հետ, ծանոթացել պայմաններին: 4 երեխա ունեցող Բոզանյանների տան տանիքը վերանորոգելու համար նախարարը հանձնարարել է Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին 1 օրվա ընթացքում օժանդակել ընտանիքին՝ տանիքը վերանորոգելու համար: Նմանատիպ օժանդակության հարց է լուծվել նաև Շողակաթ խոշորացված համայնքի Դրախտիկ բնակավայրի 6 երեխա ունեցող Երիցյանների տան վերանորոգման հարցը մասնակի լուծելու համար:
Մարզային այցի ավարտին Դ. Լոքյանը Շողակաթ համայնքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ՝ քննարկել համայնքների 2018 թվականի համայնքային բյուջեները՝ մուտքային և ծախսային մասով: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ սեփական եկամուտների 20 տոկոս աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր բյուջեի 30 տոկոսը նախատեսված է կապիտալ ծախսերի և տարբեր սարքավորումների ձեռքբերման համար:

Քննարկումների ավարտին նախարարը տեղեկացրել է, որ հունվարից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատանքային խմբերը կայցելեն նշված համայնքներ և կվերհանեն համայնքներին, մասնավորապես Արծվաշենին վերաբերող խնդիրները:

mtad.am

Տպել Տպել