Մամուլի Հաղորդագրություն. Միջազգային համաժողով Մոսկվայում՝ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի (Հայ-ռուսական համագործակցություն) նախաձեռնությամբ, 2017 թ. դեկտեմբերի 15-ին, Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելի» նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայ-ռուսական համագործակցություն. հեռանկարները և հիմնական մարտահրավերները» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին երկու երկրների պաշտոնական այրեր, դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հասարակական-քաղաքական գործիչներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ-ում Արցախի Հանրապետության դեսպանորդ Ռուբեն Զարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՌԴ պետական դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովը, հասարակական-քաղաքական գործիչ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ նախագահին կից Ազգությունների խորհրդի անդամ Իսմայիլ Շաբանովը, Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, քաղաքագետ, թալիշական մեջլիսի նախագահ Ֆախրադին Աբոսզոդան, Դաշնային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի խորհրդական Կարինե Արամյանը: Մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել նաև ՌԴ պետդումայի պատգամավոր, դումայի Գիտության և կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՌԺԴԿ կառավարման խորհրդի անդամ Բորիս Չերնիշովը: Համաժողովը նախագահում էր ՌԳԱԱ ակադեմիկոս, ՀԳԱ արտասահմանյան անդամ Ռուբեն Գարեգինի Մելքոնյանը: Ներկա էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

Համաժողովին ներկայացվեցին հետևյալ զեկույցները.

«Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական կապերի զարգացման նոր հանգրվանները», զեկուցող՝ Արմեն Ռուստամյան, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր.
«Հանրային դիվանագիտությունը և Հայաստանի ու Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների դերը երկկողմ հարաբերություններում», զեկուցող՝ Վիկտոր Կրիվոպուսկով, ՌԴ հասարակական-քաղաքական գործիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀԲՌՄ նախագահ.
«Ռուսաստան և Հայաստան. ժամանակակից հիմնախնդիրներ և ապագային ուղղված հույսեր», զեկուցող՝ Ալեքսանդր Աֆանասև, ՌԴ ԱԳՆ առաջին կարգի խորհրդական, քաղաքագետ, ռազմական պատմաբան.
«Եվրասիական ինտեգրացիան որպես երկրների կայուն զարգացման կարևորագույն գործոն», զեկուցող՝ Գյուլնուր Ռախմատուլինա Գալիմովնա, ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարի խորհրդական.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների առանձնահատկությունները», զեկուցող՝ Ստանիսլավ Տարասով, «Ռեգնում» տեղեկատվական գործակալության արևելքի խմբագրության գլխավոր խմբագիր, քաղաքագետ, վերլուծաբան.
«Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարար համագործակցության և միջազգային գործակցության զարգացման գործիքակազմը», զեկուցող՝ Կարինե Արամյան, Ռուսաստանի Դաշնային Խորհրդի գիտական խորհրդի անդամ, ԱՊՀ Էներգոխնայողության ազգային միության համակարգող.
«Ռուս-հայկական գործընկերություն. արդյունքներ և հիմնական մարտահրավերներ», զեկուցող՝ Սեյրան Բաղդասարյան, քաղաքագետ, հասարակական-քաղաքական գործիչ.
«Ռուս-հայկական ռազմավարական դաշնակցությունը որպես տարածաշրջանային անվտանգության երաշխիք», զեկուցող՝ Նորատ Տեր-Գրիգորյանց, ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ.
«Թուրքական լոբբիստական կառույցներն ու նրանց ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա», զեկուցող՝ Վիկտոր Նադեին-Ռաևսկի, ՌԴ ազգային ակադեմիայի համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ, Սևծովյան և Կասպիցծովյան տարածաշրջանի քաղաքական-սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն.
«Արցախի ճանաչման հրամայականը գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում», զեկուցող՝ Ռուբեն Զարգարյան, ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության խորհրդական, գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության ԱԳՆ առաջին կարգի խորհրդական.
«Հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռներն ու դրանց լուծմանն ուղղված ճանապարհային քարտեզը», զեկուցող՝ Նարեկ Առաքելյան, քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի մագիստրոս, հասարակական գործիչ:

Համաժողովի ավարտին ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակի և մասնակիցների վավերացմանը ներկայացնի առաջարկների և ուղերձների հռչակագիր՝ ուղղված երկու երկրների կառավարություններին:

Ռուս-հայկական համագործակցություն
Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

Հայ-ռուսական հարաբերությունները՝ հանրային քննարկման թեմա

Մոսկվայում անցկացվել է «Ռուս հայկական համագործակցության արդյունքները, հեռանկարներն ու հիմնական մարտահրավերները» թեմայով գիտաժողով, որի ընթաքում քննարկվել են մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ, նախանշվել են առկա մարտահրավերների ու դրանք միասնական դիմագրավելու արդյունավետության ուղիները:

Քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքն ու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գործարար կապերի եւ միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել