Աղվան Վարդանյանն ամփոփել է տարին

2017 թվականին առնչվող մի քանի կարևոր թեմաներ կան. այսօր մամուլի ասուլիսին, լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Այդ թեմաներից առաջինը, ըստ պատգամավորի, խորհրդարանական ընտրություններն էին: «Անկախ ընտրություններում առկա պրոբլեմներից` փաստն այն է, որ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, փողոցային պայքար չեղավ, և գոնե խորհրդարան անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները: Բացի այդ` ընտրական, քարոզչական երկու ուղղություն դուրս մնաց, մեկը պոպուլիզմն էր, մյուսը` պարտվողական դիրքորոշումները: Դրանք չկարողացան հաղթահարել ընտրական շեմը, և ժողովուրդն էլ դրանց դուրս թողեց»,- ասաց նախագահը:

Երկրորդ նշանակալի իրողությունը պատգամավորը համարեց ԵՄ-ի հետ համապարփակ և գործընկերային համաձայնագրի ստորագրումը: «Մի քանի տարվա ընդմիջումից հետո հնարավոր դարձավ մեր քաղաքական բալանսավորումը: Երբ 2013-ին մենք մտանք ԵԱՏՄ, եվրոպական մեր գործընկերները մեծ ճնշման տակ էին պահում Հայաստանը: Մեր ճիշտ վարած արտաքին քաղաքականությունը հնարավորություն տվեց իրականացնելու ոսկերչական աշխատանք, ու «և, և»-ի քաղաքականությունը հնարավոր դարձավ»,- նշեց նա:

Վարդանյանը նաև կարևորեց ԼՂՀ սահմանի ամրացման աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս 2016 թվականից: Նրա խոսքով` ճիշտ է, այդ աշխատանքներն ուշացած էին, բայց հիմա սահմանին լուրջ ներդրումներ կատարվեցին, և առաջնագիծը շատ ավելի ապահով դարձավ:

Չորրորդ կարևոր իրադարձությունը, Վարդանյանի կարծիքով, այն է, որ կառավարության գործունեության արդյունքում 2017 թվականը փակում ենք բավականին դրական ցուցանիշներով: «Այս տարվա համար բյուջեում նախատեսված էր 3,2 տոկոս աճ, բայց տարին կփակենք 6,7 տոկոս աճով: Բացի այդ` առաջին անգամ մեր արտահանման ծավալները ռեկորդային են դարձել: Խորապես համոզված եմ, որ որդեգրված քաղաքականությունը տնտեսությունը շարժելու է մեռած տեղից, ինչն էլ կդառնա սոցիալական անարդարության խնդրի լուծման հիմք»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը` Վարդանյանը նշեց, որ իր թվարկածները լավատեսության հիմք են տալիս: «Մնում է կատարել աշխատանք, աշխատանք և աշխատանք»,- հավելեց նա:

Կա պրոֆեսիոնալ իրավաբանների վեճ. ասաց Աղվան Վարդանյանը` անդրադառնալով հարցին` ի վերջո, դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը սահմանադրակա՞ն էր, թե՞ ոչ:

«Արտահերթ նիստի օրակարգում ունեինք երկու նախագիծ: Մեկն` այսօր գործող դատական օրենսգրքում որոշակի փոփոխություններ կատարելու մասին, մյուսը` նոր դատական օրենսգիրքը: Չմտնելով իրավական նրբությունների մեջ, զուտ բովանդակային առումով լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը սահմանադրական օրենք չէր, մյուսը հարյուր տոկոս սահմանադրական է, որովհետև բերվել էր նոր դատական օրենսգիրք»,- ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց, որ դա աղմուկ էր ոչնչից, և երկու օրվա այդ անցուդարձը անպտուղ քննարկում էր: «Իրենց ներկայությունն ակնառու դարձնելու փորձ էր, անպտուղ քննարկում էր, նույնիսկ իմ` բովանդակային առումով ոչ սահմանադրական օրենք գնահատելը այստեղ կապ չունի, որովհետև օրենքն անցավ հենց 63 ձայնով»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` որևէ պատգամավոր չի կարող նշել, որ բարելավումներ չէին նախատեսված օրենքով: «Վեճը գնաց ոչ թե օրենքի շուրջ, այլ վեճը դարձավ այն` սահմանադրական էր, թե` ոչ»,- նշեց նա:

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայկական դիրքորոշումը շատ հստակ ընդունվում է միջազգային հանրության կողմից. հայտնեց Աղվան Վարդանյանը:

«Վերջերս ստորագրված` ՀՀ-ԵՄ համապարփակ և գործընկերային համաձայնագրի մեջ էլ նշված է, որ Արցախյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, և որ հարցի կարգավորումը պետք է լինի միջազգային երեք սկզբունքներով` ուժի չկիրառում, տարածքային ամբողաջականություն և ժողովուրդների ինքնորոշում»,- ասաց նա:

Անդրադառնալով այս տարի երկու երկրների նախագահների հանդիպումներին` պատգամավորը նշեց, որ հանդիպումներն ինչ-որ առումով դրական են: «Միշտ հանդիպումները լավ են: Մենք միշտ նշել ենք, որ պատրաստ ենք միակողմանիորեն վերահսկման մեխանիզմները, սարքերը տեղադրել: Եվ բացի այդ` մենք միշտ շեշտել ենք, որ պետք է կատարել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, նա ասաց. «Դա մեր պահանջն է, բայց քանի որ այսօր չկա ռեալ բանակցություն, այս մասին խոսելը դեռ վաղ է, երբ կլինեն ռեալ բանակցություններ, այդ ժամանակ էլ այս հարցը կլուծվի»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ գոհ է կառավարության աշխատանքից: Դիտարկմանը` եթե գոհ է և դա վերագրում է վարչապետին, ապա չի՞ կարծում, որ Կարեն Կարապետյանը պետք է շարունակի պաշտոնավարել, նա պատասխանեց, որ Կարեն Կարապետյանին չի վերագրում: «Իհարկե, նրա դերը կարևոր է, սակայն ես վերագրում եմ խնդիրների ճիշտ ձևակերպմանը: Խնդիրներն են ճիշտ ձևակերպված, իսկ այդ խնդիրները դրված են ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համաձայնագրի մեջ: Ամբողջ կառավարության թիմը լավ աշխատանք է կատարել»,- ասաց նա:

Հարցին էլ` ՀՅԴ-ն կառաջադրի՞ վարչապետի` իր թեկնածուին, Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցին բազմիցս են պատասխանել: «Կա կոալիցիոն համաձայնագիր, քաղաքական մեծամասնությունն ունի անվերապահորեն ընդունված` իր առաջնորդը: Ես վստահ եմ, որ այդ առաջնորդն էլ ներկայացնելու է նրա պատկեարցումները` ով ինչով կզբաղվի: Այսօր որքան էլ փորձեք փորփրել, սակայն մի օր մի բան եք գրելու, մյուս օրը` լրիվ այլ բան: ՀՅԴ-ն չունի վարչապետի` իր թեկնածուն: Մենք ունենք համաձայնագիր, որում գրած է, որ վարչապետի թեկնածու առաջարկելու է Հանրապետականը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այն, ինչ մշտապես առաջ է քաշել ՀՅԴ-ն, դարձել է իրականություն: «Մենք այսօր խորհրդարանում ունենք ընդամենը 7 պատգամավոր, սակայն մեր առաջ քաշած գաղափարներն իրականություն են դարձել: Ցանկացած կուսակցություն կերազեր մեր արդյունքների մասին: Մենք մեր նպատակները, խնդիրները իրականացնում ենք: Ես վստահ եմ որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: Ես ամեն ինչը ոչինչ համարող հայացք չունեմ: Տեմպերը պետք է ավելացնենք, հաջորդիվ, ավելի լավ արդյունքներ կունենանք»,- եզրափակեց նա:

Անդրադառնալով գնաճին, Աղվան Վարդանյանն ասաց, որ այն երկու հանգամանքով է պայմանավորված: «Միշտ տարեվերջին` Ամանորից առաջ, տարբեր ապրանքնատեսակների գնաճ է նկատվում: Երկրորդը միջազգային շուկայում կատարվող որոշ փոփոխություններն են, որոնք մեր շուկայում հակառակն են աշխատում: Երբ միջազգային շուկայում թանկանում են ապրանքները, դրանք Հայաստանում էլ են թանկանում, իսկ երբ էժանանում են, Հայաստանում չի էժանանում: Ես չեմ հիշում մի դեպք, որ մեկ անգամ թանկացած ապրանքը հետո էժանանա»,- ասաց նա` շեշտելով, որ այստեղ մենք խնդիր ունենք, կառավարությունը խնդիր ունի:

Պատգամավորն ընդգծեց, որ ընդամենը երեկ կառավարության նիստում վարչապետը հստակ հանձնարական տվեց մենաշնորհների դեմ պայքարի հանձնաժողովին, որ հետևեն թանկացումների ընթացքին և փորձեն լուծումներ գտնել: «Չենք կարող չընդունել, որ կա որոշակի գնաճ, բայց դա բնական է: Խնդիրն այն է, որ մինչև մենք չկարողանանք տնտեսական ամուր հիմքեր ստեղծել, տնտեսությունը զարգացնել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր ստեղծել, այս պրոբլեմն ունենալու ենք: Դրա համար եմ ասում` այն, ինչ անում է կառավարությունը, ճիշտ ուղղություն է, գուցե ոչ մեզ համար ակնկալիք տեմպերով, բայց խնդիրները ճիշտ են ձևակերպված, և այս կերպ, աշխատանքները շարունակելով, մենք կունենանք հնարավորություն լուծելու այս կարգի սոցիալական խնդիրները ևս»,- եզրափակեց նա:

yerkir.am

Տպել Տպել