ԱՄՆ-ի կողմից պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի

Ամերիկահայ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով ՀՀ-ի քվեի մասին

Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի քվեն ազդեցություն չի ունենա արդեն թուլացած հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, և դա հակառակ բոլոր այն սպառնալիքներին, որ հնչեցին ամերիկյան պետական ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ նախագահ Թրամփի կողմից:

Tert.am-ի հետ զրույցում նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ նախ բանաձևին դեմ քվեարկած պետությունների թիվն այնքան մեծ և տպավորիչ է, որ պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի, նույնիսկ եթե նախագահը որոշի իսկապես քայլեր ձեռնարկել իր անիրականանալի սպառնալիքի գծով:

«Երկրորդ` ցավոք սրտի պետք է ասեմ, որ ԱՄՆ-ի պետական շրջանակները Հայաստանի դիրքորոշումը չեն ընդունի որպես ինքնուրույն քաղաքականության դրսևորում, այլ՝ Ռուսաստանի հետ համադրված քայլ: Երրորդ` ԱՄՆ-ը միշտ էլ ըմբռնումով է մոտեցել Միջին Արևելքի թատերաբեմում հայկական դիրքորոշումներին, որովհետև հասկացել է, որ հայությունն ունի արաբական երկրների մեջ փոքրամասնության լինելիության խնդիրներ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն։ Բանաձևին կողմ քվեարկած պետությունների թվում է նաև Հայաստանը։

Դիտարկմանն ի պատասխան, թե ինչ է կարծում` արդյո՞ք Հայաստանը, քվեարկությանը չմասնակցելով կամ ձեռնպահ մնալով, չէր կարող փրկել հայ-ամերիկյան հարաբերությունները, Վիգեն Հովսեփյանը մատնանշեց մի քանի հանգամանք, որոնք մի շարք բարդություններ կարող էին առաջացնել Հայաստանի համար այդ պարագայում:

«Առաջինը լուրջ վտանգի առջև կհայտնվեին արաբական երկրներում եղած հայ համայնքները՝ հավանական ծայրահեղական դրսևորումների դեպքում: Երկրորդ՝ կարող էին դժվարություններ ստեղծվել Ռուսաստանի հետ, որը հիմա, ինչպես Խորհրդային տարիներին, ճգնում է արաբական ազգայնական ճակատ ստեղծել: Եվ վերջապես, որպես ազատագրական դատ ունեցող ժողովուրդ, հայոց պետական դիրքորոշումները նաև պետք է նկատի առնեն պաղեստինյան ազատագրական դատի հիմնական խնդիրները»,- նշեց նա՝ նկատելով` եթե իհարկե, ՀՀ արտաքին հարաբերությունների համար գլխավոր առաջնահերթությունն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումն է, ապա մինչ Երուսաղեմը, շատ ուրիշ արդյունավետ հարթակներ գոյություն ունեն հարաբերությունների ջերմացման համար:

Հայ-ամերիկյան հարաբերություններում ֆինանսական օգնություն ստանալը պե՞տք է լինի առաջնային` դիտարկմանը պատասխանելիս` ամերիկահայ քաղաքագետը նկատեց, որ առաջին հերթին պետք է փոխել այն թյուր կարծիքը, թե Հայաստանին հասնող ամերիկյան օգնությունը սահմանափակվում է միայն այն պաշտոնական արտաքին ֆինանսական օժանդակությամբ, որ ԱՄՆ կոնգրեսը ամեն տարի քվեարկում է:

«ԱՄՆ «օգնությունը» շատ ավելի տարաբնույթ է և ընդգրկուն, ունի շատ այլ պաշտոնական և կիսապաշտոնական դասավորումներ: Դժվար է կանխատեսել, թե նախագահ Թրամփն ինչպիսի քավության նոխազներ կստեղծի Երուսաղեմի հարցում, համենայնդեպս, այստեղ ևս ամերիկահայ համայնքի և լոբբիի դերը կարող է որոշիչ դեր ունենալ: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքը կամ նույնիսկ առաջնային տեղը պետք չէ, որ ֆինանսական օգնությունը լինի»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Տպել Տպել