Մարդկանց մեջ վստահությունը վերականգնելու խնդիր կա

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի հետ

-ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի նիստում գնահատվել է քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեությունը. խոսելով ձեռքբերումներից՝ չեք շրջանցել նաև բացթողումներն ու թերությունները:

-Մենք փորձում ենք խստապահանջ լինել առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ: Եվ նշում ենք, որ վերջին մեկ-երկու տարում արձանագրված դրական ձեռքբերումների կողքին միաժամանակ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, անվստահության մթնոլորտ, իսկ դրանց հաղթահարման ուղղությամբ պետք է հետևողական աշխատանք տանել:

Մենք նաև չենք ակնկալում, որ տարիներով կուտակված լրջագույն խնդիրները այս կարճ ժամակահատվածում կարող են միանգամից լուծվել ու հանրային հուսահատությունը փարատել, բայց նաև չենք հանդուրժում եղած թերացումները և մեր հնարավորության չափով ու այն դերակատարությամբ, որն ունի Դաշնակցությունն այս իշխանության մեջ, փորձելու ենք մշտապես հետամուտ լինել, որպեսզի բոլոր խնդիրները ըստ տրամաբանության իրենց լուծումը ստանան:

– Դաշնակցությանը չի՞ բավարարում երկրում գոյություն ունեցող թերությունների մասին կառավարության բացախոսության աստիճանը:

-Կարծում եմ, որ կառավարությունը փորձում է իր գործունեությունը հրապարակային դարձնել որքանով հնարավոր է: Սակայն կան հարցեր, որոնց առնչությամբ հաշվետվողականությունը պետք է ավելի բարձր լինի, և մեր ժողովրդին ավելի հասկանալի ներկայացվեն առկա խնդիրներն ու այն մարտահրավերները, որոնց մեր երկիրը դիմագրավում է:

Եվ ամենակարևորը երկրի ապագայի տեսլականն է, մարդիկ ցանկանում են հստակ պատկերացում կազմել, թե որդեգրված քաղաքականության շնորհիվ ինչպիսի՞ Հայաստան են ունենում, ինչպիսի՞ նոր կառուցակարգեր են պատկերացնում սոցիալական, տնտեսական քաղաքականության մեջ:

Վերջին մեկ տարում լուրջ քայլեր են կատարվել տնտեսական կյանքը աշխուժացնելու, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում իրավիճակ շտկելու ուղղությամբ, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման հարցում: Եվ մենք կարծում ենք, որ պատկան լիազոր մարմինները արժե, որ այդ ամենը ներկայացնեն մեր հանրությանը, մարդիկ պետք է իմանան, թե կատարված աշխատանքի շնորհիվ տնտեսության ո՞ր ճյուղերում ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, ու թե ի՞նչ քայլ են առաջիկայում նախատեսվում:

Այսինքն՝ կատարված աշխատանքի արդյունքները ճիշտ և օպերատիվ ներկայացնելու խնդիր ունենք: Մինչդեռ շատ դեպքերում անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրվում, ու հանրային դժգոհությունների մի մասը նաև սրանով է պայմանավորված:

Նորանկախ Հայստանն իր պատմության ընթացքում մշտապես ունեցել է վստահության խնդիր, դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, որովհետև տևական ժամանակ՝ հազարամյակներ շարունակ, գտնվելով օտար լծի տակ, մեր ժողովուրդը ըստ էության միշտ իշխանությանը վերաբերվել է ինչպես օտարի: Այդ իներցիան նաև այսօր գոյություն ունի: Ու այս երևույթը հաղթահարելու լրջագույն խնդիր կա, որովհետև անվստահությունը համատարած է, թե՛ իշխանության նկատմամբ է, թե՛ ընդդիմության, թե՛ ամենատարբեր ասպարեզներում, թե անգամ ամենափոքր օղակներում մեզանում կա վստահության ճգնաժամ:

Եվ մարդկանց մեջ վստահության վերականգնման ընթացքը մեզ հեշտ չի տրվելու: Ու ակնկալել, որ հնարավոր է բարեփոխումների ճանապարհով լուրջ արդյունքներ արձանագրել թե՛ պետական շինարարության, թե՛ բիզնես ոլորտում, միամտություն է: Դրա համար վերափոխվելու, ճիշտ ներկայանալու, ճիշտ վարքագիծ դրսևորելու և սեփական աշխատանքով սեփական կեցվածքով և վարքագծով օրինակ ծառայելու խնդիր կա:

Շատ կարևոր է անկախ ու անաչառ դատական համակարգի գոյությունը, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք: Առանց դրա որեւէ բարեփոխում, կապ չունի՝ այն որ ոլորտին է վերաբերում, դատապարտված է ձախողման:

Նոր սահմանադրությամբ ճիշտ մեխանիզմի վրա է դրված դատական անկախության երաշխավորման հարցը: Եվ մշակվող ու շրջանառության մեջ գտնվող օրգանական օրենքներով այդ ամենն ամրագրվում է, ու այլևս 7 սարերի հետևում չէ այն ժամանակը, երբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական իշխանության ասպարեզում լուրջ փոփոխություն է տեղի ունեցել:

-ՀՅԴ-ն շեշտում է արդար, թափանցիկ կադրային քաղաքականության մասին, ուր տեղ կգտնեն բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդիկ:
-Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատ հաճախ պետական պաշտոնյաները նշանակվում և ազատվում են առանց հանրությանը դրա պատճառները պատշաճ ձևով ներկայացնելու: Եվ շատ դեպքերում հարցականներ են մնում տվյալ պաշտոնյայի պրոֆեսիոնալիզմի, բարոյական նկարագրի, ունակությունների և գիտելիքների հետ կապված: Այս առումով, կարծում ենք, ամեն ինչ պետք է լինի հասարակության համար պարզ, հասկանալի ու տեսանելի: Եթե պաշտոնյան ձախողվել է, դրա մասին պետք է բացահայտ ասվի:
Նաև անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, թե այս կամ այն աշխատանքն ինչ սկզբունքներով է գնահատվում: Այս առումով, կարծում եմ, այն գործընթացը որ Հայաստանում սկսված է, խոսքս մարզպետների աշխատանքի գնահատման հստակ չափորոշիչների մասին է, շատ ճիշտ է ու մենք պետք է կարողանանք ամբողջ պետական համակարգում նման չափորոշիչներ սահմանել, որպեսզի հասարակության համար տեսանելի ու հասկանալի լինի՝տվյալ պաշտոնյան հաջողե՞լ է, թե՞ ձախողել: Ու այդ դեպքում այլևս չեն աշխատի միջանձնային հարաբերությունները, ծանոթ-խնամիական կապերը:

Պետք է արձանագրենք, որ իշխանության որդեգրած կադրային քաղաքականությունը թեպետ դանդաղ քայլերով, սակայն դրական տեղաշարժ է արձանագրում: Ակնկալել, որ այս բոլոր հարցերն արագ կստանան իրենց լուծումը, որ իդեալական վիճակ կունենանք բոլոր ասպարեզներում՝ճիշտ չի լինի, բայց որ այս ուղղությամբ կատարվող քայլերը պետք է շարունակվեն, միանշանակ է: Այստեղ շատ կարևոր է, որ մեր հասարակությունը լինի պահանջատեր:

-Դաշնակցությունը առաջարկում է նաև իրականացվող սոցիալական քաղաքականության վերանայում:

-Անշուշտ: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են փոփոխություններ մեր հանրային պետական կյանքի բոլոր ասպարեզներում, այդ թվում՝սոցիալական քաղաքականության ասպարեզում, որովհետև սոցիալական քաղաքականությունը չի կարող ածանցվել տնտեսական քաղաքականությանը, չի կարելի նսեմացնել սոցիալական քաղաքականության դերն ու նշանակությունը:

Երկրի տնտեսական ու սոցիալական քաղաքականությունները պետք է համահունչ լինեն, որովհետև ինչպես սխալ հիմքերի վրա դրված սոցիալական քաղաքականությունը կարող է վնասել տնտեսական առաջընթացին և զարգացմանը, այնպես էլ ճիշտ հակառակը:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց Աշխարհ» օրաթերթ

Տպել Տպել