Միջազգային համայնքի լռությունը խրախուսանք է Ադրբեջանին

ՀՅԴ-ի տեսակետը նույնն է, ինչ հնչեցրել է Սերժ Սարգսյանը Մյունխենում անվտանգության համաժողովի իր ելույթում` կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, թե Երևանը պատմական ադրբեջանական տարածք է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ Սագսյանը հայտարարել էր, որ սա, իհարկե զառացանք է, բայց եվրոպայի լռության պայմաններում այդպիսի հայտարարությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Մանոյանն ընդգծեց, որ միջազգային համայնքի լռությունը դա խրախուսանք է Ադրբեջանին, որ շարունակի նման հայտարարություններ անել:

Դաշնակցականը չի կիսում նաև բոլոր նրանց կարծիքը, ովքեր խորհուրդ են տալիս հայությանը` ոչինչ, շատ մի անհանգստացեք, սրանք ներքին սպառման համար է ասել Ալիևը: «21-րդ դարում ներքին սպառման համար նման բաներ չեն ասի, որովհետև մենք էլ ենք լսում: Ի՞նչ է նշանակում ներքին սպառման համար ասել, երբ որ նա այդ մթնոլորտն է ստեղծում հենց իր հասարակության մոտ: Երբ նման հայտարարություններին միջազգային համայնքը պատշաճ հակազդեցություն չի ցուցաբերում, ապա դա Ադրբեջանում մեկնաբանվում է որպես խրախուսանք»,- ասաց Նա և բացատրեց, որ դա կարող է Ադրբեջանի նախագահի շրջապատին, հասարակությանը մղի նրան, որ սկսեն մտածել նաև նման հավանականությունների մասին:

Մանոյանը գտնում է, որ այդ պատճառով էլ միջազգային համայնքը պարտավոր է իր գնահատականը տալ Ադրբեջանի նախագահի կողմից նման հայտարարություններին, որը ոչ մի ձևով չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը:

Դիտարկմանը` գուցե հայկական կողմի թերացումը կա, որ միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքում Ալիևի նման հայտարարություններին, նա նկատեց, որ երբ նախագահի կողմից նման հայտարարություն է արվում` դա հենց մեր ակնկալիքի դրևսորման ամենաբարձր մակարդակն է: «Միշտ կարելի է ասել, թե Հայաստանը ոչ մի բան չի արել դրա համար է, որ միջազգային համայնքը լուռ է: Բայց մենք արդեն նախագահի մակարդակով բարձրաձայնում ենք, որ սա վտանգավոր է. թողնել Ադրբեջանին նման բաներ ասել և այդպես էլ չլսելու տալ, դա իսկապես վտանգավոր է»,- ասաց նա:

Իսկ թե ինչով է վտանգավոր, Մանոյանը նշեց, որ դա կարող է պատերազմ նշանակել:

«Ադրբեջանում կսկսեն ակնկալել, որ իսկապես Երևանն իրենցն է և պետք է այդ ուղղությամբ քայլել ձեռնարկեն, իսկ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը պատերազմ է նշանակում: Դա է վտանգը, սա ռազմատենչ հայտարարություն է, իսկ ռազմատենչ հայտարարությունը ժամանակի ընթացքում կարող է վերածվել նաև ռազմական գործողությունների. դա բնականաբար մեծ վտանգ է»,- շեշտեց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական արձքնագրությունների մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Մանոյանը նշեց, որ Սարգսյանը այս առումով որևէ նոր բան չի ասել:

«Նախագահը միշտ ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները մինչև գարուն առոչինչ է հայտարարելու: Նոր բան այդ իմաստով չի ասել, կրկնել է այն ինչ արդեն ասել է սեպտեմբերին ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից: Նա ասել է, եթե Թուրքիան սպասում է, որ այլ իրավիճակ ստեղծվի, որպեսզի վավերացնի արձանագրությունները, ապա այդ իրավիճակ ստեղծվելը մենք հասկանում ենք, որ Թուրքիան վավերացման համար նախապայման է դնում Արցախի հարցի վերաբերյալ: Ուստի մենք ասում ենք, որ եթե ինչ-որ իրավիճակի փոփոխության եք սպասում, ապա նոր իրավիճակում պետք է նոր փաստաթղթի մասին բանակցենք»,- ասաց նա:

Տպել Տպել