ՀՅԴ-ն պահպանելու է իր օրակարգը, եւ քննարկում է կազմակերպում դեկտեմբերի 6-ին

Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ազգային ժողովում


Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք Դաշնակցությունը հանդես է եկել «միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ» կարգախոսով հասարակության լայն շերտերին համախմբելու նախաձեռնությամբ: Այս նախաձեռնությունը բխում է մեր այն ձևավորված համոզումից, որ

– նախ անհրաժեշտ է ձևակերպել և ընդունել այն առաջնահերթությունները, որոնց իրագործմամբ է հնարավոր դուրս բերել երկիրը այս տևական տեղապտույտից և ապահովել նրա անվտանգ ու արագընթաց զարգացումը,

– առկա է ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահություն,

– առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չունի հասարակության մոտ բավարար վստահություն,

– ընտրությունները անխուսափելի իշխանափոխության վերածելու գործնականում միակ հնարավորությունը ընդդիմադիր զանգվածի լիարժեք համախմբումն է,

– վերջապես Հայաստանի ապագան կախված է նրանից, թե պետության ապագա գլուխը որքանով է այս մարտահրավերները կարևորելու և կստանձնի դրանք հաղթահարելու հանձնառությունը:
Հայաստանին այսօր

– պետք է ազգային պետական ուղեգիծ, որպեսզի երբևէ չզիջենք մեր շահերն ու նպատակները զարգանալու պատրվակով,

– ազատություն և ժողովրդավարություն է պետք, որպեսզի չզիջելու համար հնարավոր լինի զարգանալ,
– արդարություն է պետք, որպեսզի հանուն ներազգային համերաշխության բոլորին տրվեն հավասար հնարավորություններ և բոլորն օգտվեն ստեղծված բարիքներից,

Սա է երաշխավորում Դաշնակցության առաջարկած 7 կետանոց օրակարգի կատարումը: Հետևաբար, առանց միասնական օրակարգի ընդունման և դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման անպտուղ և սին է միացյալ թեկնածուի որևէ փնտրտուք: Միաժամանակ, ուզում եմ պարզ և հստակ հայտարարել՝ մենք մեզ չենք ուզում որևէ մեկից գերադասել, բայց որևէ մեկն էլ հաստատ մեզնից գերադասելի չէ:

Մենք այս օրակարգը պահպանելու ենք այնքան ժամանակ, քանի չի հաջողվել հանել երկիրն ու ժողովուրդը թմբիրից և ազատել այս կապանքներից:

Բոլորին հրավիրում ենք դեկտեմբերի 6-ին խորհրդաժողովի՝ ավելի լայն լսարանի առջև քննարկելու միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ գնալու ստեղծված հնարավորությունը:

Տպել Տպել