Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին

Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին՝ տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:


Նախագծերի հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդն է:

«Վաղը սրահում որպես ունկնդիր ներկա կգտնվեն նաև հոլանդահայերը։ Տեղի կունենա հարց ու պատասխան Հոլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Բայց քանի որ կոալիցիոն համաձայնություն կա, կասկած չկա, որ նախագծերը շրջանառության մեջ դրած Ջոել Ֆորդևինդի առաջարկները կանցնեն»,- հայտնեց Մասիս Աբրահամյանը։

Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Առաջինը Հոլանդիայի կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման վերահաստատումն է: Իսկ երկրորդ նախագիծը պարտադրելու է նախարարի մակարդակով ամեն տարի ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:

Հիշեցնենք, որ քննարկումը նախատեսված էր փետրվարի 15-ին, սակայն հետաձգվել էր:

Տպել Տպել