Դավիթ Լոքյանն ամփոփում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության 2017-ի գործունեությունը


Բոլոր ազդեցություններն էլ, ի վերջո, գործոն են դառնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, 2017-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր նախարար լինելու հանգամանքը գործոն չի լինի, որ ՀՅԴ-ական թեկնածուները հաղթեն այն համայնքներում, որտեղ առաջադրվելու են:

Լոքյանը նշեց, որ մարտի 11-ին շուրջ 20 համայնքներում ընտրություններ են տեղի ունենալու, որոնց մի մասում ավագանու ընտրություն է, մի մասում՝ համայնքի ղեկավարի: «Այն համայնքներում, որտեղ ՀՅԴ-ն ունի ներկայացվածություն, մենք կունենանք թեկնածուներ եւ պայքարելու ենք, որ հաղթենք»,-ասաց նախարարը:

Հարցին, որքանով իր նախարար լինելը կարող է գործոն լինել, որ ՀՅԴ-ական թեկնածուները հաղթեն, Լոքյանը պատասխանեց. «Բոլոր ազդեցություններն, ի վերջո, գործոն են դառնում, բայց մեր նախարարությունում սկզբունք ենք որդեգրել, որ նախարարությունը մասնակցում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին բայց բուն ընտրություններին չի մասնակցում, չի միջամտում, չի եղել նման դեպք»:

Եթե այդ կառույցը չի խանգարում, չի աղճատում բնության ընդհանուր պատկերը, ապա կարելի է եւ թույլ տալ, նշեց Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում շինարարություն սկսելու աղմուկ հանած խնդրին:

Լոքյանը նշեց, որ եթե այդ ժամանակավոր կառույցը ապօրինի է կառուցված, իրենք Գառնու համայնքապետին ցուցում են իջեցրել, որ այն ուսումնասիրվի. «Ես խոսել եմ հեռախոսով, տեղյակ եմ մանրամասնություններից: Իրականում համայնքապետը շինարարության թույլտվություն չի տվել: Այստեղ մեղքի բաժին ունի համայնքապետը, որ չի միջամտել, որ առանց իր թույլտվության կառույցի շինարարություն է սկսվել: Տեսչությունները մեղքի բաժին ունեն, որ տեսնելուց հետո ոչինչ չեն արել: Կկանոնակարգվի խնդիրը»:

Լոքյանը նշեց, որ իր տեղեկություններով փայտից ժամանակավոր կառույց է, որ պետք է սրճարանի սպասարկման ֆունկցիա կատարեր. «Եթե դա չի վատթարացնում այդ հուշարձանի վիճակը, պետք է հաստատվի քաղաքաշինական նորմերով:

Այնպես չի, որ պետք է բացարձակացնենք, որ ոչինչ չի կարելի կառուցել, եթե չի խանգարում, չի աղճատում բնության ընդհանուր պատկերը, պետք է հասկանանք խնդիրը: Իսկ եթե խանգարում է, չպետք է թույլատրենք, բայց դա պետք է ասեն մասնագետները, քաղաքաշինարարները, բնության պահապանները»,-ընդգծեց նախարարը:

Համայնքներում, տարիների ընթացքում համակարգային մոտեցման բացակայությունը բերել էր նրան, որ համայնքներում կար շուրջ 1 մլրդ դրամի աշխատավարձի պարտք, որը ձեւավորվել էր արձակուրդ չգնալու պատճառով, նշեց Դավիթ Լոքյանը:

«Համայնքապետեր ունեինք, որ գրեթե 10 տարի արձակուրդ չէին գնացել եւ այդ գումարները կուտակվում էին, իսկ համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում կուտակված գումարը միանգամից ստանում էին, ինչի արդյունքում համայնքի բյուջեն ֆինանսական խնդիրներ էր ունենում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ 2017-ին մոտ 200 մլն դրամի համայնքային պարտք նվազեցրել են եւ համոզված են, որ 2018 թվականին այս գործընթացը շարունակելով կհասնեն նրան, որ համայնքն այս կարգի պարտք չի ունենա եւ բյուջեի վրա բեռ չի լինի:

«Նախկինում ունեինք համայնքներ, որտեղ բյուջեի 84 տոկոսը ծախսվում էր աշխատավարձ վճարելու վրա: Համայնքները պետք է ծառայություն մատուցեն քաղաքացիներին եւ դրանից միջոցներ ստանան, ոչ թ եկամուտները պետք է ծախսեն միայն աշխատավարձի վրա»,-ասաց նախարարը: Լոքյանը նշեց, որ տարեկան համայնքները պետությունից շուրջ 48 մլրդ դրամի չափով դոտացիա են ստանում, սակայն այդ միջոցներն այնպես էին ծախսվում, որ չէր բերում համայնքների կապիտալի ավելացման. «Իսկ արդեն 2018-ի միայն հունվարի 1-ի դրությամբ համայնքների ֆոնդային բյուջեներում ձեւավովել է 6 մլրդ դրամի գումար, որն ուղղվելու կապիտալի մեծացմանը»:

Ամեն տարի պետությունը 48 մլրդ դրամի դոտացիա է տալիս համայնքներին, սակայն դրանք արդյունավետ չեն օգտագործվում, ասաց Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով, պետք է այնպիսի փոփոխություններ իրականացվեն օրենսգրքում, որ համայնքը մոտիվացիա ունենա շատ դոտացիա ստանալու պարագայում շատ եկամուտներ ստանալ, ոչ թե հակառակը:

«Այսօր հակառակն ենք անում, եթե որեւէ համայնքում հողի հարկը շատանում է, մենք ավելի քիչ դոտացիա ենք տալիս: Այսինքն համայնքը մոտիվացիա չունի ավելացնել իր եկամուտները: Պետք է այնպես անել, որ ավելի շատ դոտացիա ստանա այն համայնքը, որը շատ եկամուտ է ստանում»,-ընդգծեց Լոքյանը:

Նա նաեւ նշեց, որ իրենք տնտեսական ծրագրի սուբսիդավորման գաղափարն են ներդնում. «Այսինքն եթե բանկը համաձայնում է ֆինանսավորել համայնքի ծրագիրը, ապա պետությունը 6 տոկոսի չափով սուբսիդավորում է: Ասենք բաբնկը վարկը տալիս է 12 տոկոսով, մենք 6 տոկոսը սուբսիդավորում ենք: Արդեն կարգերը հաստատվել են կառավարության կողմից, մենք արդեն մարտից սկսում ենք ֆինանսավորման գործընթացը: Ակնկալում ենք, որ սուբսիդավորված վարկերով այս տարի կունենաք մինչեւ 100 ծրագիր»:

Եթե մեկ համայնքում կա 3-4 մանկապարտեց, որոնք իրարից 500 մետր են հեռու, առաջարկում ենք, որ ավելի հեշտ է դրանք միավորվեն մեկ կառույցում, եւ ունենան մեկ տնօրեն, որ արդյունավետությունը բարձրանա, կրճատվեն ծախսերը, նշեց Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման արդյունքներին:

«Ասենք Գյումրիում կա 26 մանկապարտեզ, արդյոք հնարավոր չէ՞ կանոնակարգել այնպես, որ երեք մանկապարտեզը մեկ միավոր դառնան, համայնքը ֆինանսավորի, ունենան մեկ տնօրեն, մեկ հաշվապահ: Սա առաջարկ է, որ փոխանցել ենք համայնքներին: Օրինակ Մեղրիի համայնքն այս առաջարկն ընդունել է: Ենթադրենք ունի պիոներ պալատ, մշակույթի տուն, դրանք բերել է մեկ տանիքի տակ եւ դարձրել մեկ համակարգ: Այսինքն կառավարման արդյունավետության խնդիր է լուծվում»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ սա միայն առաջարկ է, որոշումը պետք է կայացնի համայնքը, քանի որ փողն իրենցն է, իրենք են ծախսողը:

Տպել Տպել