Իշխանական կոալիցիան ընդլայնելու հարց այս պահին օրակարգում չկա

Իշխանական կոալիցիան ընդլայնելու մասին քննարկումներ այս պահին չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այս պահին այդպիսի խոսակցություն տեղի չի ունենում, նման հարց օրակարգում գոյություն չունի»,- նշեց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ իրենք կողմ են համագործակցության ցանկացած ձևաչափի՝ իրենց նպատակին հասնելու համար:

Արմեն Ռուստամյանը օդից վերցրած է համարում լուրերը, թե ՀՅԴ-ում վիճում են փոխվարչապետի պաշտոնի համար: «Դա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող լուր է, ինչպես շատ հաճախ պատահում է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հերքեց նաև լուրերը, թե ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չի շարունակելու պաշտոնավորումը՝ նշելով, որ ՀՅԴ-ում նման քննարկումներ չեն ընթանում:

Հարցին, թե հետագա պորտֆելների հարցով ՀՀԿ-ի հետ է՞լ քննարկումներ չունեն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակապես նման քննարկումներ չկան, դրանք տեղի կունենան ապրիլից հետո»:

Հարցին, թե ո՞վ է լինելու փոխվարչապետի ՀՅԴ թեկնածուն, Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ վաղ է թեկնածուների մասին խոսել, երբ քննարկումները դեռ չեն սկսվել: «Ժամանակը կգա, քննարկումներ կլինեն, ձեզ էլ կոնկրետ պատասխաններ կտանք»,- ընդգծեց նա:

Տպել Տպել