Մեր խնդիրը դատական խորհուրդ ձևավորելն է

ԱԺ-ն ընտրելու է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` Բարձրագույն դատական խորհրդի կազմը: Նշենք, որ կոալիցիան ներկայացրել է հինգ հոգու` առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյան, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյան, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյան, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյան:

Մտքերի փոխանակության ժամանակ, ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ մեր պետականության կայացման այս փուլում դատական համակարգի անկախությունը, իրավունքի գերակայությունն ամենաառանցքային խնդիրներից են, և այստեղ տարակարծություն չկա:

«Սահմանադրական նոր կարգավորումները կարծես դուռ են բացում գոնե տեսական, գոնե փորձելու առումով` հնարավորինս անկախացնելու մեր դատական համակարգը, որովհետև, առանց անկախ դատական համակարգի, և’ տնտեսական, և’ քաղաքական հարաբերությունները, նաև արդարադատությունն իրականանալի չեն, ինչը նշանակում է պետության զարգացման բացառում»,- շեշտեց Վարդանյանը:

Ըստ նրա` կա մի պետության փորձառություն, որի օրինակը մեզ հետ համեմատելի է: «Այդ երկիրն իր անկախության 25-րդ տարում իր բոլոր ցուցանիշներով` ժողովրդավարության, դատարանների անկախության, մեր 25 տարվա հետ համեմատելի է, բայց նրանք անկախության 25 տարում դուրս եկան պատերազմից` վերագնահատելով իրենց երկրի բոլոր խնդիրները: Հանրության պահանջով գնացին արմատական փոփոխությունների. և’ կոռուպցիայի դեմ, և’ դատարանների անկախացման ու ժողովրդավարության հաստատման պայքարում ցուցանիշներն աճում են, և նրանք այսօր համարվում են ամենաազդեցիկ երկրներից մեկը»,- նշեց պատգամավորը և հարց հնչեցրեց`ի՞նչ ենք անում մենք: Նա վստահություն հայտնեց, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան գնալ սահմանադրական բարեփոխումները կատարելու ուղղությամբ:

«Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, սահմանադրական կարգավիճակը հենց սրան են ուղղված, որքան էլ մենք այս դահլիճը վերածենք հավատաքննության մեխանիզմի, որքան էլ խոսենք միայն անցյալից, պետք է տեսնենք, որ այստեղ կա ձևավորված խնդիր: Արդյո՞ք մենք` որպես Ազգային ժողով, կարողանալու ենք հետևողական լինել, որպեսզի այս խնդիրը լուծենք` ուրիշների փորձը նկատի ունենալով: Սա հսկայական պատասխանատվություն է այն մարդկանց համար, ովքեր Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներ են»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ, ծանոթ լինելով թեկնածուներին, կարող է ասել, որ նրանց մոտ այդ պատասխանատվությունն առկա է: «Պարոն Գագիկ Հարությունյանին ներկայացնելու կարիք չկա, բայց այն, ինչ արեց մեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, մեր իրականության ճշգրիտ ախտաճանաչման և խնդիրները ճիշտ ձևակերպելու առումով, որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, այդ թվում` մենք, որ տարիներ շարունակ ընդդիմություն ենք եղել, այդքան ճշգրիտ չէինք ձևակերպել մեր հիվանդությունները, երկրի խնդիրները»,- շեշտեց նա:

Վարդանյանն անդրադարձավ Հարությունյանի ելույթին և ասաց, որ նա նշել է, թե ինչպես պետք է լուծեն խնդիրները, և ինքը համոզվեց, որ ընտրված ուղղությունը ճիշտ է:

«Պարոն Գևորգ Դանիելյանն էլ մեր ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալներից է` բանիմաց, պարկեշտ: Լսեցինք բոլոր թեկնածուներին: Փորձել մարդկանց վրա գտնել մի բան, որ կարողանաս քննադատել նրանց, այսօրվա խնդիրը չէ: Մեր խնդիրը դատական խորհուրդ ձևավորելն է: Հուսանք, որ նաև դատավորների ժողովը լավագույն ընտրություն կկատարի, որպեսզի մեր երկրի համար առանցքային կարևոր դատական համակարգի անկախության լուծումը կարողանանք քայլ առ քայլ լուծել»,- եզրափակեց պատգամավորը:

yerkir.am

Տպել Տպել